Մի ձեւակերպման մասին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի կազմակերպիչներին
Այս փոքրիկ հոդվածը անհրաժեշտ գտա գրել սոսկ արդարության վերականգման համար, եւ կուզեի, որ սա չգնահատվեր, որպես շատերի կողմից սիրված խաղի դեմ գրված նյութ։ Ես լավ եմ գիտակցում, որ մտավոր խաղ ստեղծելը, կազմակերպելը, վարելը եւ հատկապես յուրաքանչյուր նոր թողարկումը նախապատրաստելը հեշտ բան չեն, եւ կարող են վրիպակներ սողոսկել։ Այնուհանդերձ խաղի կազմակերպիչների ուշադրությունն եմ հրավիրում նոյեմբերի 1-ին եթեր հեռարձակված խաղում հնչած մի հարցի անբարեխիղճ լինելու փաստի վրա։ Հարցը ձեւակերպված էր մոտավորապես այսպես. Հետեւյալ բառերից որո՞ւմ չի գործածված «պոլի-» («բազմա-») իմաստն ունեցող նախդիրը. ա. Պոլիկլինիկա բ. Պոլիմեր գ. Պոլիգոն դ. Պոլիստիրոլ Ցանկացած շարքային «գիտակի» պարզ է, որ այդպիսի բառ նշված չորս բառերի շարքում չկա. բոլրոր չորսում էլ նշված նախդիրը կա։ Այսինքն, բոլոր չորս բառերում էլ «պոլի» հատվածը համընկնում է հունական «պոլի-» արմատի հետ։ Պարզ է, որ այս դեպքում անհնար է պատասխանել դրված հարցին, քանի որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում լռելյայն ենթադրվում է, որ ճիշտ պատասխանը առաջարկված չոր բառերից մեկն է եւ միայն մեկը։ Բայց անսպասելիորեն պարզվեց, որ ըստ հարցի ձեւակերպողների, ճիշտ պատասխանն է «Պոլիկլինիկա» բառը։ Խաղ վարող Մարկ Սաղաթելյանը բացատրեց դա հետեւյլ կերպ. բանից պարզվում է, որ «պոլիկլինիկա» բառը ծագում է ոչ թե «պոլի»՝ «բազմա-» բառից, այլ «պոլիս»՝ «քաղաք» բառից, այսինքն բառը ստուգաբանվում է ոչ թե «բազմակլինիկա», այլ «քաղաքային կլինիկա»։ Ինչ խոսք, առաջին պահին ես ինչպես ասում են «մանդրաժի» մեջ էի։ Ես այնքան վստահ էի, որ հարցն անճիշտ է ձեւակերպված եւ միեւնույն ժամանակ այնքան գեղեցիկ վարկած հնչեց, որ ինձ մի քանի որպե անհրաժեշտ եղավ սթափվելու համար. ախր չի կարող նման բան լինել… Եւ իրոք, նախ, «բազմակլինիկա» տարբերակն էլ իմաստային առումով անտրամաբանական չէ։ Մյուս կողմից, բառը հնչում է «ՊՈԼԻկլինիկա» եւ ոչ թե «ՊՈԼԻՍկլինիկա». ինչո՞ւ է անհայտացել «Ս»-ն։ Ես պարզապես բացեցի Հայկական հանրագիտարանի հատորը եւ համոզվեցի, որ այդ (կարծում եմ՝ բավական հեղինակավոր) հրատարակության կազմողները նույնպես համարում են, որ «պոլիկլինիկա» բառը բաղկացած է «պոլի...»՝ («բազմա») եւ «կլինիկա» արմատներից։ Ու եւս մեկ անգամ համովելու համար եւ բացեցի նաեւ օտարալեզու բառերի ռուսական բառարանը եւ կրկին տեսա նույն մեկնաբանությունը. «պոլիկլինիկա», նշանակում է տարբեր (իմա՝ բազում) մասնագիտությունների գծով սպասարկող բուժհաստատություն։ Իհարկե, չի բացառվում, որ խաղի կազմակերպիչների առաջարկած տարբերակը նույնպես հիմնավոր է։ Գուցե նույնիսկ միակ ճիշտն է, եւ գուցե դա կարելի է միանշանակորեն ապացուցել, իսկ նշված հրատարակություններում գուցե բերված է մասնագետ լեզվաբանների կողմից ներկայումս սխալ ճանաչված կարծիքը։ Սակայն խաղի կազմակերպիչների կողմից նման վիճահարույց հարցը խաղում ներգրավելը առնվազն անբարեխղճություն է, քանի որ, կրկնում եմ, «շարքային», ոչ լեզվաբան քաղաքացին պարտավոր չէ իմանալ նման մանրամասնություններ։ Նրա համար ճանաչված, հեղինակություն վայելող բառարաններն ու հանրագիտարանները բավարար հիմք են սեփական իրավացիությունը ապացուցելու համար։ Եթե նույնիսկ հեղինակություն վայելող մեկ այլ հրատարակություն բերում է այլ կարծիք, ապա Հայկական հանրագիտարանի մեկնաբանության գոյությունը պիտի որ անհնար դարձներ նման բառախաղի ներգրավումը այնպիսի խաղի հարցերի շարքում, որի մասնակիցները երազում են արեւմտյան չափանիշներով միջին կարգի աշխատողի մեկ-երկու ամսվա աշխատավարձին համարժեք գումար շահել։ Ցավոք, սա անբարեխղճորեն կազմված միակ հարցը չէ։ Պարզապես նախորդ հարցերի անհարթությունները չէին ազդում խաղի արդյունքների վրա, քանի որ խաղացողները կռահում էին, թե ի՞նչ են ուզում իրենցից լսել խաղի կազմակերպիչները։ Սակայն ա՛յս հարցը ճակատագրական եղավ խաղացողի համար. վստահ լինելով, որ «պոլիկլինիկա», «պոլիմեր» եւ «պոլիստիրոլ» բառերում «պոլի-»-ն նշանակում է «բազմա-», նա պատասխանեց «պոլիգոն», քանի որ անծանոթ էր այս բառի ստուգաբանությանը, եւ ենթադրեց, որ իրեն անծանոթ այս բառն է հենց հարցի պատասխանը։ Կարծում եմ, արդարությունը պահանջում է, որ նախ, խաղի կազմակերպիչները ընդունեն իրենց սխալը, եւ ապա հրավիրեն այդ խաղացողին եւ հնարավորություն տան շարունակել խաղը, այսպես ասած, նույն դիրքից։ Իսկ հետագայում հարցերը կազմելիս ավելի ուշադիր լինեն։
Ռուբեն Թարումյան 2.11.2003
Հ․Գ․ Երբ ես տարա իմ այս հոդվածը «Առավոտի» խմբագրություն, այն հրաժարվեցին տպագրել, գանի որ, ընդամենը մի քանի օր առաջ այդ խաղում տեղ գտած սխալի մասին արդեն իսկ նյութ էին տպագրել։ «Տպավորություն կստեղծվի, թե մենք իրենց հատուկ հալածում ենք», ասաց աշխատակիցներից մեկը։ Իսկ այսօր, երբ իմ կայքում որոշեցի տեղադրել այդպես էլ չտպագրված այդ հոդվածը պետք է նկատեմ, որ նման երկիմաստ հարցեր անցած «հնգամյակում» բազմիցս են եղել։ Հենց երեկ, նման մի հարց եղավ․ Հետեւյալ անուններից երեքըմիավորվում են որոշակի սկզբունքով, իսկ մեկը՝ ոչ։ Ո՞րը։ ա. Մ․ Արմեն բ. Ա․ Արմենյան գ. Մ․ Մկրտչյան դ. Հ․ Փուշման Պարզվեց, որ պատասխանն է՝ Մ․ Մկրտչյան, քանի որ մնացյալները ներկայացած են իրենց կեղծանուններով։ Բայց, մի կողմից, Մհեր Մկրտչյանի իսկական անունը եղել է Ֆրունզիկ, այսինքն, ինչ-որ իմաստով, սա մյուսների հետ նույն շարքից է, իսկ մյուս կողմից, կարելի է առաջարկել եւ հիմնավորել նաեւ այլ պատասխան․ Ա․ Արմենյան։ Եւ խաղացողն էլ, ի դեպ, ընտրեց հենց այս տարբերակը, թեեւ չկարողացավ հիմնավորել։ Իսկ ես կարող եմ։ Մնացյալ երեքի սկզբունքը անվան եւ ազգանվան հիմքերի չհամընկնելն է, իսկ Ա․ Արմենյանի դեպքում դրանք համընկնում են․ Արմեն Արմենյան։ Ինչո՞վ չի համապատասխանում հարցի պայմաններին։ Համենայն դեպս ավելի համոզիչ է, քան հաղորդման կազմակերպիչների տարբերակը։ Այսպիսով, խաղացողի ձեռքից ահիմն կերպով խլեցին առնվազն 250 հազար դրամ, չհաշված խաղը շարունակելու հնարավորությունը։ Ցանկացած արեւմտյան երկրում տուժած խաղացողը պարզապես հայցով դատարան կդիմեր եւ, անկասկած, հշահեր դատը։ Եւ սա բազմաթիվ (հիշված) օրինակներից մեկն է միայն։ Փաստորեն, եթե ժամանակին վերոշարադրյալ նյութը տպագրվեր, գուցե խաղի կազմակերպիչների համար դա ահազանգ կլիներ, եւ երեկվա խաղացողն արդեն չէր տուժի։ Իսկ այսպես․․․ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում հարցերի փնթի ձեւակերպումը շարունակվում է։
10.09.2008 |