Ա՞ջ, թե՞ ձախ։ Ուղի՛ղ...
Հնում «հեղինակային իրվունք» հասկացությունը գոյություն չի ունեցել։ Ստեղծագործողել են հիմնական աշխատանքից ազատ լինելիս միայն, կամ ունեցել սեփական ժառանգական կարողություն կամ մշտական հովանավորների։ Եւ վատ չի ստացվել․ ունենք Գյոթե, Տյուտչեւ, Պուշկին եւ այլն։ Երբեմն, այլ աշխատանքը անհրաժեշտ էր լինում քանի դեռ հեղինակն անհայտ էր, իսկ հայտնի դառնալուց եւ որեւէ հիմնարկի հետ հարմար պայմանագիր կնքելուց հետո ոչ միայն կարողանում էր զբաղվել միայն ստեծագործումով, այլեւ այնպիսի ճնշման տակ էր հայտնվում, որ դրանից բացի այլ գործի համար ժամանակ չէր էլ մնում, ինչպես դա Ժյուլ Վերնի հետ պատահեց, որը պարտավոր էր տարեկան երկու վեպ հանձնել խմբագրին։ Այդ դարերում գրագողությունը լուրջ փող չէր բերում։ Ամենաշատը, կարող էր որոշ բարոյական օգուտ բերել, այլն էլ՝ հաճախ, ժամանակավոր․ գրագողները շուտ թե ուշ բացահայտվում էին։
Հեղինակային իրավունքի գաղափարը ծնվեց, երբ տեղեկույթի կրկնօրինակման եւ տարածման հզորությունների աճի արդյունքում նորօրյա գրագողները՝ տեղեկահենները, փաստանենգները հնարավորություն ստացան այնքան արագ պատճենել եւ տարածել գողացածը, որպեսզի շահույթը ստանալ ավելի շուտ եւ շատ, քան դա հաջողվում է հեղինակին։ Եւ դեռ ավելին, երկը հանրությանը ներկայացնել հեղինակից շուտ, խլելով նրանից նույնիսկ հենց հեղինակությունը։ Ըստ հեղինակային իրավունքի երկը, որպես գույք հեղինակի բացառիկ սեփականությունն է։ Ստեղծագործողին իրավունք է տրվում արգելել իր երկի օգտագործումը, այն է՝պատճենումը, տարածումը։ Այսինքն նրան տրվում է պատճենաշնորհ, որը նա կարող է զիջել ինչ-որ պայմաններով այլ անձանց, կամ չզիջել, պահելով իր ձեռքում երկն օգտագործելու մենաշնարհը։ Ներկայումս սա միակ երաշխիքն է, որ հեղինակը (ստեղծագործողը) կկարողանա հանապազորյա հաց վաստակել, զբաղվելով առավելապես հենց այդ ստեղծագործ աշխատանքով։ Այլապես՝ ստեղծագործումը նրա համար կարող է սոսկ որպես հարակից զբաղմունք լինել։
Սակայն հեղինակային իրավունքի կիրառման ներկայիս ձեւերը ունեն լուրջ թերություններ։ Եւ դրանցից ամենակարեւորն այն է, որ երկի նկատմամբ հեղինակի սահմանափակումները արգելակում են նորարարությունների արագ տարածումը եւ այլ մասնագետների կողմից դրանց յուրացումը եւ կիրառումը իրենց գործերում։ Մի խոսքով, արգելակվում է առաջընթացը։ Հեղինակային իրավունքի՝ գոյություն ունեցող օրենսդրական մարմնավորումը դրսեւորում է նաեւ որոշակի խտրականություն սեփականության տեսակների նկատմամբ։ Այսպես, եթե գողացվել է նյութական սեփականություն, պետությունը իր վրա է վերցնում հանցագործության բացահայտման պարտավորությունը։ Մինչդեռ եթե գողացված է մտավոր սեփականություն, պետությունը առաջարկում է տուժածն ինքնուրույն հետաքննել գործը, ինքնորույն գտնել գողին եւ ապա դիմել դատարան՝ ոտնահարված իրավունքները վերկանգնելու նպատակով։ Միայն որպես զավեշտ կարելի է պատկերացնել իրադրություն, երբ, օրինակ, լուսանկարիչը, որի գործը տպագրել են առանց հեղինակի թույլտվության, դիմում է որստիկանություն եւ վերջինս քրեական գործ է հարուցում այդ կապակցությամբ, հետաքննում եւ ապա հասցնում այն դատարան։
Արդյունքում, վերջին տասնամյակներում հեղինակային իրավունքին սկսեցին հակադրել, այսպես կոչված, հակահեղինակային իրավունքը։ Հակահեղինակային իրավունքի շրջանակներում գործում է համաշնորհի գաղափարը։ Անգլերենում (եւ որոշ չափով՝ ռուսերենում) այն արտահայտվում է բառախաղով․ copyleft - copyright, քանի որ անգլերենում «աջ» եւ «իրավունք» բառերը համընկնում են («աջ» բառի համապատասխան իմաստը կա եւ հայերենում, սկայն շատ թույլ արտահայտված)։ Հեղինակն օգտագործողներին տալիս է իր երկը ազատ տարածելու թուլտվություն, պայմանով սակայն, որ դրա հետագա հնարավոր ձեւափոխումները նույնպես պիտի տարածվեն ազատորեն։
Դժվար չէ նկատել սակայն, որ, նախ․ հակահեղինակային իրավունքը գործում է այնքանով, որքանով երկրում պաշտպանվում է հեղինակային իրավունքը։ Մյուս կողմից, այս կարգի թուլտվությունները իմաստ ունեն միայն խմբային կատարելագործում ենթադրող երկերի դեպքում․ հիմնականում՝ ծրագրավորման բնագավառում։ Եւ իրոք, համաշնորհի գաղփարի առաջարկողները եղել են ծրագրավորողները։ Սակայն երաժշտության, կերպարվեստի եւ նման այլ, որպես կանոն՝ միանձնյա կերպով ստեղծվող գործերում ազատ թույլտվության դրական հատկությունները կորցնում են իրենց իմաստը, քանի որ այս բնագավառներում երկի արժեքավորությունը հաճախ պայմանավորված է հենց հեղինակային եզակի ոճական առանձնահատկություններով։ Բայց նույնիսկ ծրագրավորման բնագավառում մնում է հեղինակի վարձատրության հարցը։ Եթե հեղինակն ունի վարձատրվող այլ աշխատանք, իսկ ազատ տարածվող երկերը ստեղծում է աշխատանքային ժամից դուրս, նա կարող գոյատեւել, թեեւ այդ դեպքում երկրոդ գործին նա չի կարող ամբողջովին տրվել, եւ արդյունքում դա կարող է արտահայտվել այդ գործի մասնագիտական որակի վրա։ Իսկ եթե այլ վարձատրվող աշխատանք հեղինակը չունի, ապա ազատ տրամադրելով երկերը նա զրկվում է ցանկացած վարձատրության հույսից, ուստի եւ հետագայում ստեղծագործելու հնարավորությունից։ Այսպիսով, հակահեղինակային իրավունքը նույնպես կատարյալ չէ։
Միեւնույն ժամանակ, հեղինակային իրավունքի շրջանակներում ձեւավորվող վարձատրության սկզբունքները միակը չեն։ Այսպես, Խորհրդային Միության օրոք գոյություն ուներ հեղինակային վարձատրությունների համակարգ, որը հնարավորություն էր տալիս հեղինակին ազատորեն տարամադրել իր գործերը հանրությանը՝ պետությունից հեղինակային վարձատրության ստանալու հեռանկարով։ Վերջինս վճարվում էր բյուջեից, իսկ ամբողջ գործընթացը կարգավորում էր հատուկ պետական հիմնարկը՝ ВААП-ը։ Կարող է թվալ, թե ազատ շուկայական տնտեսության դեպքում դա հնարավոր չէ, սակայն՝ միայն առաջին հայացքից։ Տրամաբանությունը հետեւյալն է։ Եթե երկը օգտագործվում է շահույթ ստանալու նպատակով, ապա օգտագործողը հարկատու է։ Պետությանը վճարված հարկն, այսպիսով, պարունակում է երկի արժեքի որոշակի բաժինը, որը պետությունը պարտավոր է վերադարձնել հեղինակին, որն իր հեթին, արդեն կվաճարի հարկեր իր ստացած վարձատրությունից։ Իսկ վարձատրության չափը կախված կլինի երկի օգտագործման դեպքերի քանակից, որի հաշվարկը, միավորի գնի որոշման եւ այլ հարցեր, պիտի կատարի խորհրդային ВААП-ի տիպով ստեղծված հիմնարկ։ Այն կարող է լինել թե՛ մասնավոր, եւ թե՛ պետական։ Կարող են լինել եւ բազմաթիվ նման կառույցներ, օրինակ՝ ըստ տարբեր ոլորտների։ Այդ դերում կարող են հանդես գալ նաեւ արվեստագետների միությունները եւ այլն։ Պարզապես, լրացուցիչ օրենսդրական դրույթով յուրաքանչյուր օգտագործողի պիտի պարտադրվի պարզապես է տեղյակ պահել համապատասխան հաշվառող մարմինը կատարված կիրառությունների վերաբերյալ։ Դժվար չէ նկատել, որ այս եղանակը համատեղում է հեղինակային իրավունքի գաղափարը հակահեղինակային հիրավունքի առավելությունների հետ։ Հեղինակը հանգիստ ստեղծագործում է եւ ազատորեն տարածում է իր երկերը, վստահ լիելով, որ յուրաքանչյուր օգտագոծման դեպքից որոշակի վարձատրություն է ստանալու։ Իր իրավունքների պաշտպանությունը, դրամական գործերի վարումը իրենց վրա են վերցնում որոշակի կազմակերպություններ։ Շահում են ե՛ւ հեղինակը, ե՛ւ հասարակությունը։
Ռուբեն Թարումյան 21.01.2008 |