Description: E:\Tarumian\Texts\Hodvatsner\Armenocentrizm2\Armenocentrizm2-2_files\image001.jpgՀԱՅՈՑ ԳԻՐԸ ԵՒ ԹԻԹԵՌԸ

կամ՝ Հայակենտրոնություն-2

 

Նա ընկավ հատակին՝ մի նրբագեղ արարած, մի փոքր բան, որ ընդունակ էր խախտելու հավասարակշռությունը, եւ շրջվեց շարանը փոքրիկ դոմինոների, մեծ դոմինոների, եւ ապա՝ հսկա դոմինոների․ վայր ընկան Ժամանակով շաղկապված բոլոր տարիները։

Ռեյ Բրեդբերի,

«Եւ ամպրոպ որոտաց»

 

ԼՈՐԵՆՑԻ ԵՒ ԲՐԵԴԲԵՐԻԻ ԹԻԹԵՌՆԵՐԸ

Ասում են, թե պատմությունը պայմանական եղանակ չի սիրում։ Սակայն, թերեւս, դա վերաբերում է միայն պատմության շարադրմանը, բայց ոչ պատմագիտության շրջանակներում դրա օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ենթադրույթներ առաջ քաշելը, վերլուծվող համակարգի տարբեր հատկանիշների փոփոխման հետեւանքների հետազոտումը գիտական եղանակի անբաժան մասն են կազմում, նույնիսկ եթե դրանք երբեմն չափազանց վերացական արդյունքների են հանգեցնում։

Համակարգերը լինում են, մասնավորապես, կանխորոշ, այսինքն պատահականությունների ազդեցությունից զերծ (դրանք ուսումնասիրում է դասական մեխանիկան․ որքան էլ շատ լինեն այդպիսի համակարգի տարրերը եւ բարդ լինեն դրանց միջեւ կապերը, համապատասխան հաշվիչ հզորության առկայության դեպքում այն կարող է միարժեքորեն նկարագրվել) եւ անկանխորոշ (որոնց դեպքում մեծ է քվանտային երեւութների դերը)։ Սրանք անորոշ են սկզբունքորեն, քանի որ դրանց դեպքում գործում է Հայզենբերգի անորոշության սկզբունքը (անհնար է իմանալ քվանտային մասնիկի ե՛ւ արագությունը ե՛ւ տեղը՝ միաժամանակ)։

Կենցաղային իմաստով անկանխորոշ (անկանխատեսելի) համակարգերի ամենաբնորոշ օրինակը եղանակն է։ Եղանակի կանխատեսումը միշտ եղել է անորոշության եւ անլուծելի խնդրի խորհրդանիշ․ «հույսը դնել եղանակին»։ Սակայն եղանակային համակարգը՝ մթնոլորտը քվանտային չէ, եւ թվում էր, որ որոշակի հաշվարկային հզորությունների առկայության դեպքում եղանակի կանխատեսումը կարող է եւ հնարավոր դառնալ։ Եւ հենց որ այդ հզորությունները քիչ թե շատ աճեցին, այսինքն՝ հաշվիչ մեքենաների՝ համակարգիչների ստեղծման հետ՝ փորձ արվեց նոր ձեւերով լուծել այդ խնդիրը։

Անցած դարի 60-ական թվականների սկզբում ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Նորթոն Լորենցը փորձելով եղանակի կանխատեսման միջոցներ գտնել, ստեղծեց եղանակի մաթեմատիկական նմուշ՝ թվերի մի լրակազմ, որոնք ներկայացնում էին մի քանի փոփոխականների՝  ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, քամու արագությանը եւ այլ գործոնների արժեքները՝ տվյալ պահին։ Դրանց միջեւ կապը Լորենցը ներկայացրել էր տասներկու հավասարումների միջոցով։ Յուրաքանչյուր փոփոխականի արժեքը հաջորդ պահին պայմանավորված էր դրանց նախորդ պահի արժեքով եւ հաշվարկվում էր այդ հավասարումներով։ Հետեւապես համակարգը լիովին կանխորոշված էր։

Մեքենային տրվում էին սկզբնական վիճակներին համապատասխանող թվեր, եւ այն արտածում էր թվերի շարքեր (հետագայում՝ կորերի տեսքով), որոնք չափազանց հիշեցնում էին իրական եղանակի անկայունությունը։

1961 թվականի ձմռանը Լորենցը որոշեց ավելի մանրամասն ուսումնասիրել փոփոխականներից մեկի՝ մեքենայով արդեն իսկ կառուցված կորը։ Որպես սկզբնական տվյալ նա ներմուծեց փոփոխականի արժեքը՝ կորի միջին մասից։ Մեքենան պիտի ճշտորեն վերարտադրեր կորի երկրորդ մասը եւ կառուցեր դրա շարունակությունը։ Սակայն մեքենան կառուցեց բոլորովին այլ կորապատկեր․ եթե սկզբում այն դեռ որոշ մոտավորությամբ կրկնում էր նախկին կորը, ապա վերջում արդեն լիովին տարբերվում էր։

Ստացվում էր, որ համակարգը, որում բոլորովին բացակայում էր պատահականությունը միեւնույն սկզբնական արժեքների դեպքում տվել էր բոլորովին տարբեր արդյունքներ։ Սակայն մեքենան սարքին էր եւ Լորենցի մուտքագրած տվյալները՝ ճիշտ։

Լուծումը գտնվեց շատ արագ․ պարզվեց, որ մեքենայի հիշողության մեջ փոփոխականները պահվում էին ստորակետից հետո վեցերրորդ նշանի ճշտությամբ (...,506217), իսկ արտատպվում էր դրանցից միայն երեքը (...,506)։ Լորենցը ներմուծել էր դրանց կլորացված արժեքները, ենթադրելով, որ այդ ճշտությունը միանգամայն բավարար է։ Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց, որ համակարգը չափազանց զգայուն է սկզբնական պայմանների նույնիսկ աննշան փոփոխման նկատմամբ։

Description: E:\Tarumian\Texts\Hodvatsner\Armenocentrizm2\Armenocentrizm2-2_files\image002.png

Եղանակի՝ միեւնույն կետից սկիզբ առած երկու գծապատկերների փոխադարձ հեռացումը։ Լորենցի՝ 1961 թվականի արտատպվածքը, վերարտադրված Ջեյմս Գլեյկի «Քաոս․ Նոր գիտության ստեղծումը» գրքում։

 

Մեկ այլ խնդիր լուծելիս՝ այսպես կոչվող «Լորենցի անիվի» նկարագրման համար, նա կազմել էր ընդամենը երեք հավասարում։ Այս համակարգն այնպիսին էր, որ եթե անիվն աստիճանաբար կայունանար, մեքենան պիտի դադարեր կետեր հավելել կորապատկերին։ Եթե գործընթացը պարբերական դառնար՝ պիտի գոյանար օղակ, եթե դրանում չլիներ ոչ մի օրինաչափության, կարող էր գծվել մի որեւէ անձեւ գիծ։ Արդյունքում սակայն մեքենան գծեց մի անսպասելի՝ միջին տարբերակը․ կորը ուներ որոշակի կառուցվածք, նմանվելով թիթեռնիկի թեւեր հիշեցնող երկու շոշափվող ձվածրի, որոնցից յուրաքանչյուրի սահմաններում այն բոլորովին անկանխատեսելի էր։ Նման առարկաները, որոնք պատկանում են այսպես կոչվող «տարօրինակ ձգտիչների» (strange attractor) շարքին մեծ տեղ գտան նոր գիտությունների՝ տրոհարդային (fractal) երկրաչափության եւ քաոսի տեսության մեջ։  

Պարզվեց, որ շատ համակարգեր, որոնք կանխորոշ են թվում, իրականում չափազանց զգայուն են պայմանների աննշան փոփոխության, մանրուքների նկատմամբ։ Կամ հակառակը, որ նման համակարգերի ապագայի տեսակետից մանրուք չկա։ Իսկ1972 թվականին լույս տեսավ Լորենցի «Կանխատեսելիություն․ կարո՞ղ է արդյոք թիթեռի թեւերի թափահարումը Բրազիլիայում՝ փոթորիկ առաջացնել Տեխասում» հոդվածը, եւ գիտական ու ոչ գիտական գրականության մեջ հայտնվեց «թիթեռի արդյուն (effect)» հասկացությունը, որը զարմանալիորեն կապվում էր նաեւ դրանից մի քանի տարի առաջ Ռեյ Բրեդբերիի գրած «Եւ ամպրոպ որոտաց» պատմվածքի հետ, որի տողերից մեկը բերված է այս հոդվածի բնաբանում։ Այնտեղ դեպի անցյալը կատարած ուղեւորության ընթացքում պատմվածքի հերոսը պատահմամբ տրորում է մի թիթեռ, եւ արդյունքում, հետագա պատմության ընթացքը որոշ չափով փոխվում է։

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այդպիսի համակարգերից է նաեւ մարդկության պատմությունը, որին նվիրված է այս հոդվածը։ Ավելի ճիշտ՝ պատմական զարգացումները։ Պատմական զարգացումներն իրենց անկանխատեսելիությանմբ չափազանց հիշեցնում են եղանակը։ Իհարկե, երբ մեծ պետությունը հայտարարում է, որ փոքր պետությունը խախտել է աստծո պատվիրանները (միջազգային օրենքը, մարդու իրավունքները, եւ այլն), ապա շարունակությունը քիչ թե շատ կանխատեսելի է։ Սակայն մանրուքներում․․․  

Առաջին աշխարհամարտի մերանը եղավ Գավրիլո Պրինցիպի կրակոցը, սակայն այն պատերազմը կարող էր սկսել եւ ցանկացած այլ առիթով․ այդպիսին էր այդ պահի քաղաքական տրամաբանությունը։ Սա նման է Լորենցի ստացած կորերի այն հատվածին, որում երկու կորերը դեռ գրեթե համընթաց են, կամ տարբերվում են մանրուքներում։ Հավանականությունը, որ պատերազմը չէր սկսվի առհասարակ, շատ փոքր էր։ Բայց արդեն Ֆաննի Կապլանի կրակոցի հետեւանքների տարբերակները այնքան էլ հեշտ չէ հաշվարկել։ Մենք գիտենք ինչ եղավ արդյունքում, բայց դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել, եթե նա. ա․ սպաներ Լենինին, բ․ եթե վրիպեր, կամ գ․ եթե առհասարակ չկրակեր։ Լորենցի կորերի վրա սա հավանաբար կհամապատասխաներ այն կետին, որից հետո դրանք վերջնականապես հեռանում են։

Այսպիսով կան պատմական իրադարձություններ, որոնք կարելի հետագա պատմության ձգանը համարել, որոնք գուցե կանխորոշել են այսօրվա մեզ հայտնի աշխահրն իր գաղափարախոսություններով, ազգագրությամբ եւ քաղաքական քարտեզով։ Այդպիսի ձգաններից են եւ նշվածներին նման դեպքերը, եւ վճռորոշ բախումները (օրինակ՝ են Արբելայի կամ Ստալինգրադի ճակատամարտերը), եւ բնական երեւությները (օրինակ՝ Սանտորին հրաբխի ժայթքումը, որը կործանեց Կրտեի քաղաքակրթությունը, կամ մ․ թ․ ա․ 585 թ․ մայիսի 29-ի արեւի խավարումը, որի ահից հաշտություն կնքեցին Լյուդիայի եւ Մարաստանի բանակները)։ Դրանց շարքում կան եւ գիտատեխնիկական նվաճումներ՝ հատիչի ստեղծումը, երկաթի արդյունահանումը, միջուկային տրոհման հայտնագործումը։ Նաեւ՝ գրի ու գրչության ստեղծումը․․․

Մեզ, հայերիս համար մեր այբուբենի հայտնագործման նշանակությունը լավ է հայտնի։ Իսկ արդյո՞ք այդ իրադարձությունը շրջադարձային էր միայն մեզ համար։ Նման հարցադրումն իսկ կարող անհեթեթ թվալ․ ի՞նչ դեր կարող էր ունենալ հայալեզու գրչության ստեղծումը որեւէ մեկի համար՝ հայերից բացի։ Սակայն այդ տպավորությունը խափուսիկ է, եւ ես կփորձեմ ներկայացնել Մաշտոցի գործունեության այն հետեւանքները, որոնք ազդեցին ամբողջ աշխարհի պատմության վրա։ Ընդ որում, խոսքը հայ մատենագրության մշակութային դերին չի վերաբերում, այլ հենց քաղաքական հետեւանքներին։

Բայց իրոք․ ի՞նչ ազդեցություն կարող էր թողնել Հայքի պես փոքրիկ (նույնիսկ Մեծ Հայքի սամաններում վերցված՝ աշխարհի համեմատ) երկրում կատարված ներազգային մշակութային հայտնագործությունը աշխարհի վրա։ Սակայն կարեւոր է ոչ միայն իրադարձության էությունը, այլեւ դրա վայրը․ մի՛ բան է լուծկի վառես խոհանուցում, եւ այլ բան՝ զինամթերքի պահեստում․․․ Իսկ եթե հիշենք, որ Հայքը գտնվում է Հին աշխարհամասի երկրաչափական կենտրոնում (այդ փաստին էր նվիրված նախորդ «Հայակենտրոնություն» հոդվածը), ապա մաշտոցյան թիթեռնիկի հնարավորությունները արդեն չեն թվա այդքան աննշան․․․

Եւ այսպես։ Հիշենք, որ Մաշտոցը հանգել էր հայկական գրերի անհրաժեշտության գաղափարին այն բանից հետո, երբ գիտակցել էր, որ առանց հայալեզու գրականության անհնար է իրականացնել արդյունավետ քրիստոնեական քարոզչություն։ Երբ համոզվել էր, որ քրիստոնեությունը երկրում ուներ միայն վերնախավային բնույթ, մինչդեռ հայ ազգն իր հիմնական զանգվածով քրիստոնյա չէր, իսկ հարավից՝ Իրանից գալիս էին հին կրոնը վերականգնելու ազդակներ։

Սովորաբար քրիստոնեության տարածումը աշխարհում ներկայացնում են, որպես հաղթարշավ, որը կանխորոշված էր առնվազն դրա ձեւավորման պահից, կամ նույնիսկ՝ վկայակոչելով Հին կտակարանի մարգարեությունները՝ դրանից էլ առաջ։ Իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր ընթանում, եւ նույնիսկ քրիստոնեական համայնքների գոյացումից հետո այն առնվազն երեք դար գոյատեւում էր սոսկ որպես Հռոմեական կայսրության բազմաթիվ եւ ամենեւին ոչ ազդեցիկ կրոններից մեկը։ Ընդ որում, լինելով իր էությամբ անհանդուրժողական (քանի որ սկզբունքորեն մերժում էր Սուրբ Երրորդությունից բացի այստվածային որեւէ այլ էության գոյությունը), այն տրամադրում էր իր դեմ քաղաքական ուժերի հիմնական մասը եւ ժամանակ առ ժամանակ ենթարկվում էր դաժան հետապնդումների։ Իսկ քիչ թե շատ տարածվելուց հետո էլ այն էապես զիջում էր Կայսրությունում տարածված այլ կրոններին, օրինակ՝ միհրականությանը։ Ու եթե չլինեին Գալերիոսի 311 թ․ Նիկոմեդյան հրովարտակը, որով քրիստոնեությունը հանդուրժելի կրոն հռչակվեց եւ ապա Կոստանդինի եւ Լիկինիոսի 313 թ․ Միլանյան հրովարտակը, որոով այն զգալի արտոնություններ ստացավ, ապա դրա տարածումը կարող էր եւ չընդլայնվել։ (Ի դեպ, թեեւ հայերիս մեջ ընդունված է Հայոց քրիստոնեացումը թվագրել 301 թվականով, ակնհայտ է, որ Հայքում, որն այն պահին Հռոմի քաղաքական լիակատար վերահսկողության տակ էր գտնվում, նշված այդ 311-ից շուտ քրիստոնեությունը չէր կարող հաստատվել։ Դա նույնն է, եթե, օրինակ, նախ ստեղծվեր Սովետական Հայաստանը, եւ հետո նոր Ռուսաստանում իշխանության գային բոլշեւիկները, կամ սկզբում ընդունվեր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, եւ հետո նոր իշխանության գար Գորբաչյովը։)

Սակայն նույնիսկ այդ հրովարտակներից եւ քրիստոնեությունը փաստացիորեն հիմնական կրոնը դառնալուց հետո հին կրոնները չէին վերացել, ինչի արտահայտությունը եղավ 361-ին Հուլիանոս Բ-ի (Ուրացողի) հաստատումը, որի սպանությունից հետո միայն քրիստոնյաները կարողացան վերջնականապես արգելել հին կրոնները։ Բայց նույնիսկ դրանից հետո էլ, ինչպես կտեսնենք, հին կրոնը վերականգնելու փորձեր արվում էին։ Իսկ Հայքում, պատմիչների վկայությամբ, նույնիսկ մեկ դար անց էլ՝ Վռամշապուհի, Սահակի եւ Մաշտոցի օրոք քրիստոնեությունը սոսկ վերնախավային բնույթ էր կրում։

Եւ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը․ թարգմանվեց քրիստոնեական գրականությունը, եւ մինչեւ Ավարայրի պահը հաջողվեց ծավալել այնպիսի քարոզչություն, որ նույնիսկ Ավարայրում նվաճած հաղթանակով Իրանին չհաջողվեց վերահաստատել Հայքում Արամազդի պաշտամունքը։

Այսպիսով 451 թվականին Մեծ Արեւելյան կայսրությունը (Հայքն իրար միջեւ բաժանած երկու կայսրություններից մեկը՝ Իրանը) վերջնականապես կորցրեց Հայքը։ Փաստացիորեն, Հայոց պետության մեծ մասը հետագայում էլ էր մնում նրա կազմում, սակայն կարեւորագույն՝ հոգեւոր ոլորտում, որն այնքա՜ն կարեւոր է քաղաքական ամբողջականության եւ անկախության համար, Հայքը դարձել էր Մեծ Արեւմտյան կայսրության (Հռոմ, Բյուզանդիա եւ այլն) մասը։

Հայքը՝ Հին աշխարհամասի կենտրոնը քիչ թե շատ անկախ էր եղել միայն հնագույն ժամանակներում։ Երբեմն Հայքը հայտնվում էր Բաբելոնի, Ասորեստանի ազդեցության տակ (տե՛ս «Հայակենտրոնություն»), բայց դա երբեք երկարատեւ չէր լինում, ինչը բնական էր աշխարհի այն ժամանակվա տնտեսական եւ տեխնիկական զարգացման մակարդակի պայմաններում։ Երբ մարկարդակը բարձրացավ եւ այդքան մեծ տարածքը վերահսկողության տակ պահելու տեխնիկական հնարավորություն առաջացավ, առաջին անգամ Հայքը հիմնովին հայտնվեց այլ երկրի կազմում մ․ թ․ ա․ 6-րդ դարում, երբ նվաճվեց Իրանի կողմից։ Իրանը (մարական, պարսկական, պարթեւական, եւ կրկին՝ պարսկական) իր գերիշխանության տակ պահեց Հայքը շուրջ հազար տարի։

Պետք է նկատել, որ Հայքի համար Իրանի գերիշխանության տակ գտնվելը որակապես տարբերվում էր Ասորեստանի, Հռոմի կամ Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվելուց, քանի որ Իրանի հետ դարավոր հարեւանության ու, թերեւս, նաեւ ծագումնային ընդհանրության բերումով երկու երկրների հակասությունները (որոնք հիմնականում վերնախավին էին վերաբերում) մինչ այդ երբեք չէին հանգեցնում ազգամիջյան ատելության եւ սկզբունքային թշնամության արմատավորմանը։ Երկու երկրների հարաբերությունները թեեւ բարեկամական չէին (ինչն առհասարակ տարօրինակ կլիներ հարեւանների դեպքում), ապա գոնե միջին հաշվով հավասարակշռված էին, երբեմն նույնիսկ համադաշնական․ օրինակ՝ պարթեւական շրջանում (դրա աննշան հետքերը պահպանվել են նույնիսկ մինջեւ մեր օրերը)։ Իսկ Իրանը վերահսկելով Հայքը՝ Հին աշխարհի կենտրոնը՝ այսինքն գլխավոր առեւտրային եւ ռազմական ճանապարհները՝ վայելում էր համաշխարհային տերության կարգավիճակ, եւ կարող էր իր քաղաքական կամքը թելադրել մյուս կայսրություններին։

Կորցնելով Հայքը Իրանը վերածվեց շարքային պետության, եւ ընդամենը երկու դար անց տապալվեց նորածագ արաբական կայսրության կողմից։ Եւս երկու-երեք տարի, եւ արաբները նվաճեցին նաեւ միայնակ մնացած Հայքը։ Այսպիսով իսլամական կրոնի համար ճանապարհ բացվեց դեպի արեւելք՝ Հնդկաստան, Միջին Ասիա, Ինդոնեզիա։ Ինչ վերաբերում է արեւմտյան ուղղությանը, ապա, նույն պահին արաբներից պարտություն կրեց եւ Բյուզանդիան, զիջելով արաբներին Եգիպտոսը․ բացվեց արաբական ցեղերի եւ իսլամի տարածման ճանապարը դեպի Աֆրիկայի արեւմուտքը եւ հարավը։ Կորցնելով դեպի հարավ եւ արեւելք զարգանալու հնարավորությունը քրիստոնեությունը սկսեց տարածվել դեպի հյուսիս։ Քրիստոնեացվեցին գերմանական եւ սլավոնական ազգերը... 1492 թվականին Քրիստոփոր Կոլումբոսը «հայտնագործեց» Ամերիկան․․․

 

ՉՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՆ

Իսկ ի՞նչ կարող էր տեղի ունենալ, եթե հայոց այբուբենը չստեղծվեր։ Պարզ է, որ Ավարայրը, կամ դրան համապատասխանող մեկ այլ ընդհարում միեւնույն է կլիներ (սա պատմական ընթացքի այն փուլն էր, որում իրադարձությունները՝ ինչպես Լորենցի երկու կորերի ընթացքները՝ իրար շատ նման կլինեին)։ Առավել եւս նույնը կլիներ նաեւ ճակատամարտի ավարտը․ հայկական բանակը կպարտվեր․ այս անգամ՝ առանց արդյունավետ քարոզչական նախապատրաստման՝ դա կլիներ անխուսափելիորեն։ Սակայն անկասկած ընդհարումն այդ անհամեմատ փոքր ընդգրկում կունենար։ Հավանաբար հայկական կողմը նույնիսկ 60 հազարանոց բանակ էլ չէր կարողանա հանել, եւ այդ ճակատամարտը կմնար պատմության մեջ, որպես մի շարքային բախում, կամ նույնիսկ չէր էլ հիշատակվի։ Հիշատակվելու դեպքում էլ՝ պատմիչի համակրանքը լինելու էր հաղթողի կողմը։

Իսկ արդյունքում Իրանը կվերականգներ իր քաղաքական, ռազմական եւ կրոնական-գաղափարաբանական գերիշխանությունը Հայքում։ Դա ամենեւին չի նշանակում, որ հայ ազգը կձուլվեր պարսիկների մեջ, ինչպես սովորաբար փորձում են ներկայացնել։ Ոչ իհարկե։ Հայ եւ իրանական ազգերը բաժանվել էին միեւնույն հնդեւրոպական արմատից դրանից շուրջ 4—5 հազարամյակ առաջ եւ նույնիսկ իրանական տիրապետության նախորդ հազար տարիները չէին բերել ձուլման եւ չկա որեւէ տրամաբանական հիմք պնդելու, թե դա պիտի լիներ հենց այս պահից հետո։ Դա նաեւ չի նշանակում, թե հայոց գիր այլեւս չէր էլ ստեղծվելու։ Այն ավելի ուշ էլ կարող էր ստեղծվել, բայց, ամենայն հավանականությամբ, արդեն ոչ թե հունական, այլ պարսկական գրի ազդեցության տակ։

Բայց սա՝ ինչ վերաբերում է Հայքին։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերականգնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, եւ մասնավորապես, չեզոքացնելով մերձկասպյան տարածքի հոներին, այն կմնար լուրջ հավակնություններով ու նաեւ՝ հզոր տնտեսական հնարավորություններով երկիր, քանի որ կշարունակեր վերահսկել մայրցամաքի կենտրոնը։ Ու հազիվ թե նա բավարարվեր եղած վիճակով։ Ամենայն հավանականությամբ այն կփորձեր ընդարձակվել նաեւ դեպի արեւմուտք՝ Բյուզանդիայի հաշվին։ Առնվազն, տիրանալով նաեւ Հայքի արեւմտյան մասին՝ վերականգնելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ Աքեմենյան դարաշրջանի սահմանը։

Մյուս կողմից, պետք է գիտակցել, որ այն պահին աշխարհում դեռ չափազանց խախուտ էին քրիստոնեության դիրքերը։ Գործնականում կար երկու քրիստոնեական պետություն․ Հայքը՝ մազդեական Իրանի տիրապետության տակ եւ ինքը՝ Բյուզանդիան։ Նույնիսկ Արեւմտյան Հռոմեական կայսրությունը Հռոմով հանդերձ, չէր կարող այդ պահին քրիստոնեության պատվար լինել, քանի որ հայտնվել էր գերմանական եւ հոնական ցեղերի հարվածների տակ, իսկ կայսր Եւգենին (392—394), նույնիսկ փորձում էր շարունակել Յուլիանոս Բ-ի ավանդական կրոնի վերականգնման քաղաքականությունը։ Հայքի՝ քրիստոնեական ոլորտից դուրս մնալը կարող էր կտրուկ փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ, օրինակ՝ միհրականության, ինչը կարող էր շրջադարձային լինել։ Հնարավոր է, որ Իրանական արմատներ ունեցող միհրականությունը աջակցություն գտներ հզորացած Իրանի կողմից եւ  տապալեր Հայքի կորուստից բարոյալքված քրիստոնեությունը, ինչը կբերեր ուժերի վերախմբավորմանը Արեւելյան կայսրության ներսում եւ կնպաստեր վերելքին եւ ապա՝ Արեւմտյան կայսրության հետ վերամիավորմանը։ Արդյունքում դա կարող էր կանխել Հռոմի գրավումը գերմանացիների կողմից եւ միասնական դարձած Հռոմեական կայսրությունը կարող էր կրկին վերադառնալ քաղաքական ասպարեզ։ Իսկ սա արդեն վճռորոշ կլիներ համաշխարհային պատմության համար։

Անկասկած, դրանից հետո Հռոմի եւ Իրանի ավանդական հակամարտությունը կվերսկսվեր, ինչը թեեւ որոշ չափով շարունակելու էր հյուծել երկու երկրները, բայց ինչպես եւ նախկինում դա չափավոր էր լինելու եւ նույնիսկ կարող էր նպաստել էր երկու կայսրությունների ռազմա-տնտեսական զարգացմանը եւ յուրաքանչյուրի միասնականացմանը։

Իսկ եթե 7-րդ դարում արաբական միջավայրում ծնվեր իսլամը (դա դեռ հարց է․ կարո՞ղ էր այն առհասարակ ծնվել, առանց քրիստոնեության հարեւանության), դրա գաղափարներով զինված արաբները հազիվ թե կարողանային ճեղքել միասնական Իրան-Հայքի պաշտպանությունը՝ դեպի արեւելք ծավալվելու նպատակով, ինչպես նաեւ՝ ոտքի կանգնած Հռոմի դիրքերը՝ դեպի Աֆրիկա տարածվելու նպատակով։ Արդյունքում, եթե իսլամը ծագեր, այն կմնար, որպես ներարաբական, ազգայնական, Արաբական թերակղզում սահմանափակված եւ ամենեւին ոչ համաշխարհային մի կրոն։

Մյուս կողմից հզորացած Իրանական աշխարհի սահմանները չէին կարողանա անցնել նաեւ թուրքական ցեղերը (բացի նրանցից, որոնք Ժողովուրդների մեծ տեղաշարժի արդյունքում հոնական հոսանքով արդեն իսկ հայտնվել էին արեւմուտքում, բայց հետագայում՝ ձուլվել եւրոպական մյուս ազգերի զանգվածում), մնալով իրենց սկզբնական հայրենիքի մատույցներում՝ Իրանական Թուրանից (ներկայիս Միջին Ասիային եւ Ղազախստանի հարավային մասերը) արեւելք։ Ավելին, հավանաբար հենց Հռոմի քաղաքական թուլացմամբ պայմանավորված ժողովուրդների այդ տեղաժարժը թերեւս կանգ կառներ։ Ձգտելով իրենց տարածքների ընդլայնմանը թուրքական ցեղերը կտարածվեին առավելապես դեպի հյուսիս, զբաղեցնելով ավելի ընդարձակ Սիբիրի տարածքները եւ կուժեղացնեին ճնշումը իրենց ցեղակից մոնղոլների վրա։ Արդյունքում վերջիններս չէին կարողանա անարգել ընդլայնվել եւ Մոնղոլական կայսրությունը նույնպես չէր ունենա այն թափը, որպեսզի ճեղքեր իրանական աշխարհի սահմանները, այս անգամ, արեւելքից՝ կազմելու համար ժամանակի խոշորագույն կայսրությունը։ Թերեւս առավելագույնը, որին մոնղոլները կհասնեին, դա  ներկայաիս Չինաստանի որոշ տարածքների գրավումը կլիներ։ Սակայն շնորհիվ նրա, որ կայսրությունն ավելի սեղմ կլիներ, այն թերեւս այդքան արագ չէր կազմալուծվի, ու չի բացառվում որ այսօր մոնղոլները ավելի զարգացած ազգ կլինեին ու կզբաղեցնեին ներկայիս Չինաստանի ամբողջ հյուսիսն ու արեւմուտքը։

Եթե վերադառնանք Հռոմին, ապա ժամանակի ընթացքում նրա ընդարձակ տարածքը առավել միատարր կդառնար եւ հավանբար չէին գոյանա առանձին իսպանական, ֆրանսական, իտալական ազգերը, այլ կձեւավորվեր մեկ միասնական հռոմեական (լատինական) ազգ՝ թեեւ բազմաթիվ բարբառային տարբերություններով։ Գերմանական ցեղերը չէին նվաճի ոչ միայն Հռոմը այլեւ Բրիտանիան, եւ վերջինիս տարածքում չէր ձեւավորվի անգլական ազգը այլ կշարունակեին բնակվել հռոմեացիների դեմ մշտապես մարտնչող ու անկախությանը ձգտող կելտերը։ Անգլասակս ցեղերը թերեւս կձուլվեին գերմանական մյուս ցեղերի հետ, որոնք իրենց պետությունը կստեղծեին ներկայիս Գերմանիայի, Չեխիայի եւ Լեհաստանի արեւմտյան մասի վրա։ Սկանդինավյան լեզուներ կրողների տարածումը թերեւս կլիներ այսօրվանը, այն տարբերությամբ, որ չունենալով խոչընդոտ, ի դեմս անգլացիների, նրանց հնարավոր է որ կհաջողվեր զարգացնել իրենց միջնադարյան նախնիների՝ վիկինգների նվաճումները եւ տարածվել ամբողջ ժամանակակից Կանադայի տարածքով։ Ինչ վերաբերում է Ամերիկյան մայրցամաքի մնացած մասերին, ապա Հռոմը, Գերմանիան ու Սկանդինավիան չլինելով քրիստոնեական երկրներ հնարավոր է, որ այնքան անհանդուրժողական չգտնվեին, եւ Ամերիկան «հայտնագործելուց» հետո կամ կբավարարվեին նոր երկրների հետ առեւտուրով, կամ նվաճելու դեպքում էլ, հազիվ թե բնաջնջեին բնիկներին (նրանց մարդ չհամարելով) եւ մինչեւ մեր օրերը վերջիններս գուցե հասնեին իրենց զարգացմամբ Հին աշխարհի երկրներին եւ այսօր մենք կունենայինք այնտեղ ոչ թե եւրոպական քաղաքակրթության տեղական պատճենները, այլ մեծ եւ ուրույն քաղաքակրթություններ եւ այսօրվա աշխարը լիներ ավելի բազմազան եւ գեղեցիկ։ Դա վերաբերում է նաեւ Ավստրալական մայրցամաքին եւ հարավային Աֆրիկային։ Վերջինիս տարածքում, հաշվի առնելով այստեղի բազմազան բնակլիմայական եւ ազգային պատկերը կարող էին ձեւավորվել մի քանի ուրույն պետություններ՝ քաղաքակրթություններ։

Վերջապես, արեւելքից թուրքական ազգերով սահմանափակված սլավոններին թերեւս չէր հաջողվի անարգել տարածվել դեպի արեւելք եւ նրանք էլ ստիպված կլինեին շարժվել ներքին զարգացման ուղիով։ Այդ դեպքում սլավոնական հողերը թերեւս կընդարձակվեին միայն մինչեւ Ուրալ, ընդ որում Եւրոպայի հյուսիսը կմնար ֆիննական ցեղերին։

Շարադրված սցենարի շրջանակներում ձեւավորված աշխարհի հնարավոր քարտեզը ներկայացված է ստորեւ։ Այն կազմված է քաղաքակրթությունների մակարդակով, որոնք իրենց հերթին կարող էին բաղկացած լինել բազմաթիվ ազգերից։ Ծագումնաբանորեն կամ քաղաքականապես մոտիկ քաղաքակրթությունները ներկայացված են նույն գույնի երանգներով։ Սահմանները մեծ մասամբ պայմանականորեն գծված են ներկայիս քաղաքական սահմաններով (որոնք հաճախ ունեն բնակլիմայական իմաստ եւ կամայական չեն)։

Description: E:\Tarumian\Texts\Hodvatsner\Armenocentrizm2\Armenocentrizm2-2_files\image003.jpg

Աշխարհի քաղաքակրթությունները շարադրված վարկածի դեպքում․ 1. Հռոմեական, 2. Իրանա-թուրանական, 3. Արաբական, 4. Գերմանական, 5. Սկանդինական, 6 ֆիննական, 7․ Սլավոնական, 8. Ացտեկական, 9. Կեչվայական, 10. Աֆրիկական, 11. Հնդկական, 12. Թուրքական, 13. Մոնղոլական, 14. Չինական, 15. Հնդկաչինական, 16. Մալայական։

 

Կրոնական տեսակետից աշխարհում կլիներ մի քանի տարածք․ Եւրոպայում եւ Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաեւ Կանադայում տարածված կլինեին միհրականության տարբեր ճյուղերը, Ամերիկայի եւ Աֆրիկայի մնացած մասում՝ տեղական կրոնները, Արաբական թերակղզում իսլամը, Իրանում ու Թուրանում՝ մազդեականության/զրադաշտության հոսանքները, Հնդկաստանում՝ հնդկականությունը, եւ մնացյալ տարածքներում՝ բուդդայականությունը։ Այս աշխարհի պատմությունում չէին լինի եւրոպական երկրների հետ կապված այնպիսի հանցագործությունները, ինչպիսին են հնդկացիների ցեղասպանությունը, Ալեքսանդրիայի գրադարանի այրումը, խաչակրաց արշավանքները, եւրոպական հավատաքննությունն ու ֆաշիզմը եւ խորհրդային աքսորները, ինչպես նաեւ ճապոնական քաղաքների միջուկային ռմբակոծումը։ Դա բնավ չի նշանակում, որ պատմության այս մի տարբերարկի մեջ տեղ չէին գտնի այլ հանցագործություններ, թեեւ այն չնչին տեղեկությունները, որոնք պահպանվել են միհրականության մասին վկայում են, որ համաշխարհային կրոն դառնալու դեպքում այն միջին հաշվով ավելի հանդուրժողական կլիներ։

Բայց դա արդեն այլ խնդիր է․ հնարավոր են տարբերակներ, որոնք կարող են քննարկվել։ Եւ քննարկումներն այդ, թեեւ ոմանց անօգուտ զբաղմունք կթվան, սակայն իրականում կարող են նպաստել մեր պատմության ավելի խորը ընկալմանը, առանց որի գիտությունը չի կարող կատարել իր հիմնական դերը՝ ապագայի կանխատեսման եղանակների կատարելագործումը եւ նախորդ սխալներից խուսափելու միջոցների ձեւակերպումը։

Իսկ այս հոդվածի խնդիրն էր միայն ցույց տալը, որ 1600 տարի առաջ ստեղծելով հայկական այբուբենը եւ հիմնադրելով թարգմանչաց քարոզչական շարժումը Մեսրոպ Մաշտոցը կանխորոշեց ոչ միայն հայ ազգի, այլեւ ամբողջ աշխարհի ապագան։

 

Լորենցի ձգտիչը ներկայացված է Ճեպագիտարանի եւ Անդրեյ Կոնյաեւի շարադրանքների հիման վրա։

Ռուբեն Թարումյան

06.07.2012