Հայակենտրոնություն

(Armenocentrism)

Ինչպես եւ մարդը, յուրաքանչյուր ազգ ունի սեփական աշխարհայացքը, շահեր եւ այլ ազգերի հետ հարաբերություններում հանդես է գալիս եսակենտրոն դիրքերից։ Ազգերի դեպքում  նույնպես գործածում են -կենտրոնություն բաղադրիչով եզրեր․ եւրակենտրոնություն, իրանակենտրոնություն եւ այլն։ Կա եւ հայակենտրոնություն եզրը, թեեւ այն հազվադեպ է գործածվում։ Մենք, հայերս, ամաչում ենք դրանից, իսկ այլոց այն, բնականաբար, չի հետաքրքրում։

Բանն այն է, որ եթե յուրաքանչյուր ազգ կարող է իրեն աշխարհի կենտրոն համարել, ապա հայտարարել այդ մասին կարող են ոչ բոլորը․ համենայն դեպս, որպեսզի նման հայտարարությունը զավեշտորեն չհնչի։ Ե՛ւ հնում, ե՛ւ հիմա դա կարող է անել միայն ուժեղը։ Կամ նույնիսկ այսպես. եթե ուժեղ ես, ուրեմն հենց աշխարհի կենտրոնում ես։ Իսկ քանի որ ուժն անցողիկ է, պատմության ընթացքում աշխարհի կենտրոնը բազմիցս փոխվել է։ Ավելի ճիշտ՝ «կենտրոնները» (հիմա ավելի մոդայիկ է ասել «բեվեռներ»)․ Հռոմ եւ Իրան, ԱՄՆ եւ ԽՍՀՄ եւ այլն։

Իսկ գոյություն չունի՞ ուժի եւ դիրքի հակադարձ կապ։ Արդյո՞ք կենտրոնում գտնվելը չի նպաստում երկրի ուժեղացմանը։ Բայց ինչի՞ կենտրոնում․ չէ՞ որ Երկիրը կլոր է։ Սակայն Երկրի մակերեսը բաժանված ջրային եւ ցամաքային տարածքների, իսկ դրանք արդեն բարդ ձեւ ունեն, ու նաեւ՝ կենտրոններ։ Եւ հենց այդ ձեւի ազդեցությունը այս կամ այն պետության ուժի վրա ուսումնասիրում է աշխարհաքաղաքականությունը։

Եւ այսպիսով, ի՞նչ ենք տեսնում մեր մոլորակին նայելով։ Նախ, որ դրա բնակեցված տարածքը բաղկացած է երեք խոշոր մասերից, որոնցից մե՛կը կոչվում է Հին Աշխարհամաս (Աֆրա-Եւրասիական մայր ցամաքը՝ 84 մլն․ կմ2), մյո՛ւսը՝ Նոր Աշխարհամաս (Ամերիկաներ՝ 42 մլն․ կմ2) եւ Ավստրալիան՝ 13 մլն․ կմ2։ Վերջինս այնքան փոքր է, որ գրեթե դեր չի խաղում համաշխարհային քաղաքականության մեջ։ Մյուս երկուսից առաջինը տարածքով գերազանցելով մյուսին երկու անգամ (դեռ չհաշված ավելի նպաստավոր՝ համամասնական ձեւը) քաղաքական հիմնական թատերաբեմն է։ Պետք է հաշվի առնել նաեւ ջրային տարածքների գործոնը։ Համաշխարհային օվկիանոսը  միավորում է մոլորակը եւ լինելով չեզոք, ապահովում շահավետ, թեեւ դանդաղ բեռնափոխադրման հնարավորություն։ Սակայն մարդն, ինչպես հայտնի, է ցամաքային էակ է, եւ երկու կետերի միջեւ ցամաքային կապի բացակայությունը անհնար է դարձնում դրանց միջեւ արագ տեղափոխումը։ Նոր եւ Հին Աշխարհամասների միջեւ չկա ցամաքային կապ եւ դա, մասնավորապես, նշանակում է, որ Նոր Աշխարհամասում գտնվող «բեւեռը» որոշակի դժվարություններ պիտի ունենա Հին Աշխարհամասի վրա իր ազդեցությունը տարածելիս։ Օդային փոխադրամիջոցների զարգացման հետ այն իհարկե կարող է աճել, բայց միեւնույն է, գոյություն կունենա որոշակի շեմ, որից այն կողմ ազդեցությունն այդ չի կարող տարածվել։ Թերագնահատել այդ ազդեցուցյունն, իհարկե, պետք չէ, վկա՝ Բելգրանդն ու Բաղդադը, բայց գերագնահատել էլ չարժե։

Այժմ ուշադրությամբ նայենք Հին Աշխարհամասի պատկերներին (նկ․ 1 եւ 2), որոնք վերցված են Ենկարտա աշխարհացույցից (չափումները կատարվել են Գուգլ-Երկիր համակարգի օգնությամբ)։

1.  2.

Այն զգալիորեն կտրատված եզրագիծ ունի, եւ մի շարք ներքին ծովերով ու դժվար հաղթահարելի լեռնաշղթաներով բաժանված է այս կամ այն աստիճանի մեկուսացված հատվածների՝ սեփական երկրաչափական ենթակենտրոններով։ Միջինացված եզրագիծը մոտ է զուգահեռագծի, որի մեծ անկյունագծի երկարությունը մոտ 16.4 հազար կիլոմետր է, իսկ փոքրինը՝ մոտ 13.6 հազար։ Եւ ահա պարզվում է (վստահ եմ, շատերի համար անսպասելի), որ այդ անկյունագծերի հատման տեղում՝ Հին Աշխարհամասի հենց կենտրոնում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, մայր ցամաքի բարդ ուրվագծի պատճառով դրա կենտրոնը որոշակի կետ չի կարող լինել, այլ պիտի դիտվի, որպես որոշակի ընդարձակ լղոզված կենտրոնական տարածք։ Մոտավորապես այն համընկնում է ամբողջ Հայկական բարձրավանդակի՝ պատմական Հայաստանի հետ։ Նկարում պատկերված են մայր ցամաքի մի շարք հակադիր կետերը միացնող հատվածների (տարածականորեն սրանք, բնականաբար աղեղներ են) միջնակերտերը, որոնք, ինչպես տեսնում ենք, բաշխված են այդ տարծքի վրա։ Պետք է նկատել, որ եթե մայր ցամաքը դիտել որպես միջինացված եզրագծով (ներքին ծովերը եւ հարակից խոշոր կղզիներն ընդգրկող) երկրաչափական ձեւույթ (առաջարկված պրոյեկցիայում), ապա դրա ծանրության կենտրոնը հայտնվում է նույն տարածքում՝ հ.լ.39°-ա.ե.44° կետի շրջակայքում (մոտավորապես Վանա լճից հյուսիս-արեւելք՝ Թուր­քի­ա­յի եւ Իրանի ներկայիս սահմանի վրա)։ Այսպիսով պարզվում է, որ ի տարբերություն այս կամ այն տրածաշրջանի կենտրոնի ու նաեւ այս կամ այն, իրեն «կենտրոն» հռչակած կայսրության եւ դրա շահերը «գիտականորեն» հիմնավորող աշխարհաքա­ղաքա­կան տեսության հայտնաբերած կենտրոնների, կա նաեւ մշտական բացարձակ Կենտրոն (մեծատառով)։ Եւ այժմ էլ այն նույնն է, ինչ դարեր առաջ։ Այնպես որ մենք, հայերս, առանց ճշմարտության դեմ մեղանչելու կամ անհարմար զգալու կարող ենք խոսել աշխարհում կենտրոնական ազգ լինելու մասին։

Անկասկած այստեղ որոշ ընթերցողներ կասեն. «Հետո՞ ինչ. ի՞նչ է դրանից հետեւում մեզ համար, հո չի՞ ծաղկելու մեր տնտեսությունը նրանից, որ մենք աշխարհի կենտորնում ենք գտնվում»։ Ի՞նչ կարելի է պատասխանել։ Նախ, եթե այդ ընթերցողներից նման միտք հնչի, դա արդեն քիչ բան չէ, քանի որ կնշանակի, որ վերեւում բերված պատկերը նրանք արդեն գոնե ընդունել են, որպես փաստ։ Մինչդեռ, անկասկած, ոմանք կպնդեն, թե պատկերն այդ համոզիչ չէ եւ Հայաստանը Հին Աշխարհամասի կենտրոնում չէ։ Նույնիսկ կգտնվեն այնպիսինները, ովքեր կասեն, թե առհասարակ Հին Աշխարհամասի կենտրոն գոյություն չունի, քանի որ առհասարակ չի էլ կարող գոյություն ունենալ։ Այնուամենայնիվ, շարունակենք դատողություններն այն խմբի ընթերցողների համար, ովքեր չեն հրաժարվում հավատալ սեփական աչքերին, եւ փորձենք պատասխանել իրենց հրետորական (ինչպես իրենց է թվում) հարցին։

Բայց նախ անդրադառնանք մի փոքրիկ հանգամանքի եւս։ Եթե ձգտում են վերահսկել որեւէ տարածք, դրա ո՞ր հատվածին են ձգտում տիրանալ։ Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ դրա համար պետք է տիրանալ տարածքի այն հատվածին, որը սահմագծի բոլոր կետերից մոտավորապես հավասար հեռավորության վրա է գտնվում, այսինքն՝ կենտրոնական մասին։ Տվյալ դեպքում, դա նշանակում է, որ եթե կան ուժեր, որոնք ցանկանում են տիրանալ ամբողջ Հին Աշխարհամասին, ապա դրանք պիտի ցանկանան տիրանալ դրա կենտրոնական մասին, ուր, ինչպես տեսանք, գտնվում է հենց մեր երկիրը։ Իսկ դրանից հետեւում է մեզ համար արդեն բավական որոշակի իրողություն. եթե մինչ այժմ համաշխարհային նվաճողական շարժումների ուղղությունները տարերային եւ պատահական էին թվում, ապա այսուհետ պազրվում է, որ համաշխարհային քաղաքականությունն ունի որոշակի սլաք, եւ նրա նպատակը Հայաստանին՝ Հայկական բարձրավանդակին տիրանալն է (հաջորդ շարադրանքում մեծատառ Կենտրոն, Հայկական բարձրավանդակ, Հայաստան հասկացությունները գործածվելու են որպես համանիշներ)։ Դեռ դպրոցական դասագրքերից մեզ հայտնի է, որ Հայատանը միշտ կռվախնձոր է եղել․ Հռոմի եւ Իրանի, Բյուզանդիայի եւ Իրանի, Օսմանյան կայսրության եւ Իրանի միջեւ։ Դա պատահականություն էր թվում։ Մինչդեռ, ահա, պարզվում է, որ դա որոշակի աշխարհաքաղաքական օրինաչափության հետեւանք է։ Եւ իրոք, երկրագնդի վրա չկա մեկ այլ տարածք, որ նվաճողների այսքան շատ հեռահար հարձակումների թիրախ եղած լինի, սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը (նկ․ 3)։

3.

Դեպի Կենտրոն ուղղված
կարեւորագույն արշավանքները

1.     Եգիպտոսի

2.     Ասորեստանի

3.     Ալեքսանդր Մակեդոնացու

4.     Հռոմի

5.     Սկյութների

6.     Բյուզանդիայի

7.     Արաբների

8.     Խաչակիրների

9.     Մոնղոլների

10.  Թուրքերի

11.  Լենկ Թեմուրի

12.  Ռուսների

13.  Գերմանացիների

14.  Ամերիկացիների

Փորձենք վերլուծել։ Պատկերացնենք մի վերացական մայր ցամաք (նկ․ 4)՝ շրջանաձեւ, համեմատա­բար համասեռ մակերեւույթով, այսինքն՝ հարթ, առանց բարձր սարերի եւ անանցանելի ջրերի (ստորեւ այս գծագրերը կանվանենք «Ճառագայթաձեւ տրամագրեր»)։ Սկզբում նրա տարածքում գոյանում են բազմաթիվ ցեղային միավորումներ՝ պետություններ (0), որոնք պայքարելով միմյանց դեմ, դաշնակցելով եւ խոշորանալով, կազմում են քիչ թե շատ կայուն սահմանագծով՝ ուռուցիկ երկրաչափական ձեւերով մի քանի (մայր ցամաքի բավարար խոշորության դեպքում) գերտերություններ (կայսրություններ)։ Այդպիսի մի կայսրություն կարող է գոյանալ եւ մայր ցամաքի կարեւորագույն՝ կենտրոնական մասում։ Պետք է նկատել, որ այդ երկիրը ունենալու է, սակայն, մի խոցելի հատկություն․ այն զուրկ է լինելու ելքից դեպի ծով, այսինքն այն հեշտությամբ հնարավոր կլինի շրջափակել, զրկելով նրան առեւտրական ուղիներից, ինչը կարգելակի նրա տնտեսական զարգացումը։ Եւ հնարավոր է երկու տարբերակ․ կենտրոնական կայսրությունը կարող է այնքան փոքրիկ ստացվել (1), որ հեշտությամբ կնվաճվի եւ կբաժանվի շրջակա խոշոր տերությունների կողմից եւ մեր վերացական մայր ցամաքի քաղաքական քարտեզը կվերածվի (1՛) տարբերակի։ Չի բացառվում, որ առավել զորեղը կփորձի իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ Կենտրոնը (1՛՛), որը սակայն թերակղզու ուրվագծով կցված լինելով նրա հիմնական տարածքին հեշտությամբ կվերանվաճվի հարեւանների կողմից, այսինքն՝ անկայուն կլինի եւ պատկերը կձգտի (1՛) տարբերակին։ Մյուս դեպքում կենտրոնական պետությունն ամենասկզբից կարող է այնքան խոշոր լինել (2), որ նույնիսկ ծովի ելք չունենալով կարող է բավարար չափով հզոր գտնվել, որպեսզի ոչ միայն չնվաճվել ծովափնյա կայսրությունների կողմից, այլ նունիսկ՝ նվաճելով նրանցից ամենաթույլին՝ «պատուհան» բացել դեպի ծով (2՛)։ Մյուս կողմից, մայր ցամաքի զգալի մասին տիրացած երկիրը ի վիճակի չի պահել կենտրոնը, եթե չի տիրանում նրան բավարար ընդգրկմամբ։

 

image description                  4. Ճառագայթաձեւ տրամագրեր

Պարզ է, որ դրանից հետո այդ կայսրությունը մի՛ կողմից՝ վերահսկելով մայր ցամաքի կենտրոնը, մյո՛ւս կողմից՝ ունենալով ելք դեպքի ծով կդառնա գերակայող գերտերություն, եւ արդյունքում աշխարհն, ինչպես ասում են, միաբեւեռ կդառնա։ Դրանից հետո հնարավոր է երկու տարբերակ․ կա՛մ այս վիճակը կպահպանվի անորոշ չափով երկար ժամանակ, կա՛մ՝ կենտրոնական տերությունը կնվաճի նաեւ մնացած կայսրությունները դառնալով ամբողջ մայր ցամաքի միակ տերը։ Սակայն, թերեւս, այս վիճակն անկայուն կլինի, քանի որ ավելի մեծ տարածքում կարող են գերակշռող դառնալ կենտրոնախույզ ուժերը եւ բերել միացյալ կայսրության նոր մասնատման։ Այնպես որ առավել կայունը պետք է համարել բազմակայսերական տարբերակը՝ ծովի ելք ունեցող կենտրոնական գերկայսրությամբ։ Կայուն չի լինի նաեւ (1՛) տարբերակը․ բոլոր կայսրությունները շարունակելու են գայթակղվել Կենտրոնին տիրանալու ցանկությամբ, եւ Կենտրոնամետ տարածքը մշտական բախումների թատերաբեմ է մնալու, քանի դեռ պետություններից մեկն ու մեկը չի տիրել կենտրոնին ամբողջությամբ եւ այնպիսի ընդգրկմամբ (2՛), որպեսզի բացառվի մյուսների ցանկացած ոտնձգություն այս մեկի նկատմամբ։ Մի բան, որն այս դեպքում բավական կասկածելի է թվում, քանի որ բոլոր կայսրություններն էլ գրեթե հավասար ուժեր ունեն։ Եւ եթե նույնիսկ դրանցից երկուսը դաշնակցեն Կենտրոնին տիրանալու համար, նպատակին հասնելուց հետո շարունակելու են պայքարել միմյանց դեմ՝ Կենտրոնին լիարժեքորեն տիրանալու համար։ Այսինքն, (1) եւ (2) դեպքերը, թերեւս անդառնալի բաժանվում են քաղքական պատմության սկզբնական փուլերում։

Բնականաբար, իրական մոլորակի, տվյալ դեպքում՝ մեր Երկրի անհամասեռ մայր ցամաքների վրա պատկերն ավելի բարդ կլինի։ Սակայն վերեւում նկարագրված տարբերակները միեւնույն է նկատելի են։

Կարորղ է հարց առաջանալ, թե ինչո՞ւ մինչ այժմ քաղաքագիտության մեջ ուշադրություն չի դարձվել Հայաստանի վրա, որպես Հին Աշխարհի կենտրոնի եւ համաշխարհային քաղաքականության համար դրա հանգուցային դերի վրա։ Մասամբ նկատվել է։ Դեռեւս 20-րդ դարի սկզբում աշխարհամասերի կենտրոնական տարածքների (սրտերի) ռազմավարական նշանակության մասին գրել է, օրինակ, Հ․ Մաքքինդերը իր «Պատմության աշխարհագրական առանցքը» հոդվածում։ Սակայն համաշխարհային քաղաքականության սիրտը նա համարում էր ոչ թե միացյալ Հին Աշխարհամասի, այլ միայն Ասիայի՝ արեւելյան Ռուսաստանում գտնվող կենտրոնը։ Հավանաբար այդ սխալի պատճառը, մի՛ կողմից, Աֆրիկայի՝ համաշխարհային քաղաքական պայքարից հեռու գտնվելն էր, իսկ մյո՛ւս կողմից՝ այն հսկայական դերը, որն ունի համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանը։ Իսկ Հին Աշխարհամասի Կենտրոնին հարակից տարածքը Կարմիր, Միջերկրական, Սեւ, Կասպից ծովերի, եւ Պարսից ծոցի միջեւ ընկած հնգաճյուղ երկրամասը, որը նա անվանեց Հնգածովք (Մերձավոր Արեւելքը), համարեց սոսկ աշխարհի սրտի շրջակայքերից մեկը, թեեւ դրանցից ամենակարեւորը։ Մինչդեռ, ինչպես տեսանք Հնգածովքի ակնհայտորեն կարեւորագույն դիրքը բացատրվում է պարզապես նրա հյուսիսում Հին Աշխարհամասի երկրաչափական կենտրոնի գոյության փաստով։

Միայն պայմանականորեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Հին Աշխարհամասամասը, եթե վաղնջական ժամանակներում ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլեւ հարակից երկրները կազմեին մեկ միասնական պետություն, որը կվերահսկեր Հին Աշխարհամասի ամբողջ միջնամասը։ Կայուն լինելու համար հավանաբար, այն պիտի ընդգրկեր Հին Աշխարհամասի բոլոր երեք երկրամասերի հարակից հատվածները եւ ելք ունենար ե՛ւ հյուսիսային, ե՛ւ հարավային օվկյանոսներ (տե՛ս՝ նկ․ 5, կարմիր սահմանագիծը)։

Սակայն դա չեղավ, ինչի հիմնական պատճառը այդ կենտրոնական մասի լեռնային տեղանքն է, որ, թեեւ ջրային տարածքներից պակաս չափով, բայց միեւնույն է խոչընդոտում է հաղորդակցությունը կառավարման մեկ միասնական մարմին՝ պետություն գոյացնելու տեսակետից։ Մեր պատմությունն ընթացավ (1) ուղով։

Հնում Կենտրոնը՝ Հայկական բարձրավանդակը (ինչպես եւ մնացյալ Աշխարհը) մասնատված էր հարյուրավոր մանր պետությունների՝ ցեղային միությունների։ Հարթավայրերում, ուր հաղորդակցումն ավելի հեշտ էր առանձին փոքրիկ պետությունները միավորվեցին ավելի վաղ, ստեղծելով հնագույն կայսրությունները՝ Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը են այլն, որոնք սկսեցին գրոհել Կենտրոնը․ սկսվեց պայքարը համաշխարհային տիրապետության համար։

Քանի դեռ փոխադրամիջոցները զարգացած չէին նվաճողները ավելի շատ ժամանակ էին ծախսում հեռավոր, եւ հատկապես՝ լեռնային երկրներին հասնելու համար, քան թե նվաճվողները՝ ուժերը վերականգնելու համար, եւ արդյունքում, միեւնույն տարածքը անհրաժեշտությոն էր լինում հնազանդեցնել մի քանի անգամ։ Այլ խոսքերով ասած, նվաճումները հիշեցնում էին ավազակային հարձակումներ եւ տեւական վերահսկում չէր հաստատվում։

Երբ ընտելացվեց ձին, ստեղծվեց մարտակառքը եւ ապա յուրացվեց երկաթի մշակումը, հնարավոր դարձավ նաեւ լեռնային տարածքների միավորումը։ Ճակատագրի բերումով Կենտրոնում ձեւավորվեցին հենց հայերի միավորումները։ Գոյացավ տարբեր՝ Նաիրի, Արմենիա, Բիայնա, Ուրարտու, Խայասա եւ այլ անուններով հայտնի Կենտրոնական պետությունը, որն իր չափերով համապատասխանում էր վերոհիշյալ (1) դեպքին։ Այս կամ այն աստիճանի ինքնիշխանությամբ այն գոյատեւեց մինչեւ մ․թ․ա․ 6 դարը, երբ մտավ հարակից տարածքում կազմավորված Իրանի կայսրության կազմի մեջ, որը Կենտրոնին հավակնող ամենաերկարակյաց կայսրությունը եղավ։ Արդյունքում Իրանը դարձավ Կենտրոնի եւ հարակից շրջանների լիիրավ տերը (1՛՛)։ Սակայն ամբողջ Հին Աշխարհամասի տերը լինելու հավակնություն ներկայացնելու համար Իրանը պիտի նվաճեր Կենտրոնին հարակից ավելի մեծ տարածք, հասնելու համար (2՛) վիճակին։ Դրա համար Իրանը պիտի ընդարձակվեր դեպի արեւմուտք։ Բայց Հունաստանը, որը նույնպես ուներ աշխարհակալ նպատակներ կանգնեցրեց Իրանին։ Թերեւս պատճառը Բոսֆորի ջրային արգելքն էր, որը կոտրեց Իրանի թափը, ապացուցելով եւս մեկ անգամ, որ անդրծովյա ուժերին կրկնակի դժվար է տիրանալ որեւէ տարածքի։ Հակահարձակման անցած հունական ուժը՝ Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ միավորեց Հին Աշխարհամասի կենտրոնական կարեւորագույն տարածքները՝ ներառյալ Իրանի, ու դրանինց առաջ՝ Ասորեստանի եւ Բաբելոնի ողջ նվաճածը (Տե՛ս՝ նկ․5, դեղին սահմնագիծը)։ Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, երբեք այնքան հնարավոր չէր միաբեւեռ աշխարհի գոյացումը։ Ալեքսանդրին մնում էր միայն գրավել հյուսիսկովկասյան դաշտերը, հասնելու համար կարմիր սահմանագծին, ինչը որ պիտի այնքան էլ դժվար չլիներ․․․ Սակայն,,, Մի՛ կողմից խանգարեց Կովկասը, մյո՛ւս կողմից՝ Ալեքսանդրի առեղծվածային մահը։

5. 6. 7.

Արդյունքում, կենտրոնական տարածքները կրկին տրոհվեցին։ Մի պահ աշխարհակալության փորձ կատարեց ինքը Կենտրոնը, ի դեմս Հայոց Տիգրանի (դա կրկին վերադարձ էր (1) վիճակին եւ որոշ հայտ՝ (2՛) վիճակին անցնելու), սակայն Կենտրոնի փոքր լեռնոտ տարածքը չէր կարող ապահովել անհրաժեշտ ռազմատնտեսական ներուժ, եւ շուտով այն կրկին հայտնվեց Իրանի վերահսկողության տակ։ Իսկ մեր թվականության 4-րդ դարում իրագործվեց (1՛) տարբերակը․ Կենտրոնը բաժանվեց արեւմտյան եւ արեւելյան կայսրությունների՝ Հռոմի եւ Իրանի միջեւ, ընդմիշտ խորտակելով միացյալ Կենտրոնական գերտերության հաստատման, ուստի եւ նաեւ համշախարհային կայունության հաստատման հույսը (Նկ․ 6)։

Նկ․ 6-ում չեն պատկերված այլ ցեղերի եւ պետությունների տարածքները, քանի որ այն դարերեւոմ դրանք, կա՛մ դեռեւս կազմավորված չէին կա՛մ՝ հեռու էին Կենտրոնից։ Շնորհիվ Կենտրոնից հեռու դիրքի այստեղ համեմատաբար մեղմ էր մրցակցությունը, եւ այս տարածքներում ստեղծվեցին հսկայական տերություններ (մոնղոլական, չինական), սակայն նույն այդ հեռավորությունը նրանց մի մասին հնարավորություն չտվեց լրջորեն պայքարել Կենտրոնի համար․ մոնղոլական կայսրությունը հետագայում քայքայվեց, իսկ չինական եւ հնդկական պետությունները մինչեւ վերջերս գրեթե չէին մասնակցում Կենտրոնի համար մղվող պայքարին։ Ալեքսանդրից հետո ամենից մոտ էր վերջնական նպատակին Ռուսաստանը, որին պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց ներառել Կովկասի երկու լանջերը մեկ պետության կազմում եւ նույնիսկ մի պահ հավակնել Միջերկրական ծովի ափերին եւ գրավել Կենտրոնի զգալի մասը (Ռուս-թուրքական պատե­րազմների արդյունքում)։ Բայց դա իրոք սոսկ մի պահ էր․ լիովին (1) > (1՛՛) > (1՛) շարժման շրջանակներում, որ եւս մեկ անգամ հաստատեց, որ (1)-ից (2) անցումը պատմության ուշ փուլերում անհնար է։

Ներկայիս վիճակը պատկերված է նկ․ 7-ում։ Հին Աշխարհամասում կարելի է նկատել 7 համեմատաբար ինքնուրույն, այս կամ այն աստիճանի ձեւավորված եւ այս կամ այն աստիճանի մասնատված աշխարհաքաղաքական տարածք․ իրանական, հնդկական, չինական, ռուսական, եւրոպական, արաբական, աֆրիկական (փակագծերում նկատենք, որ եւրոպական տարածքն իրականում հյուսիսատլանտյան (ՆԱՏՈ), այսինքն՝ միասնական, ԱՄՆ-ի գերակայությամբ՝ ամերիկա-եւրոպական կայսրության եւրոպական մասն է միայն)։ Կենտրոնն այսպիսով բաժանված է եւրոպական, ռուսական եւ իրանական հատվածների։

Ելնելով «Ճառագայթաձեւ տրամագրերից» կարելի է առաջարկել հետեւյալ վարկածը (քաղաքագիտությունն, ի վերջո գիտություն է, եւ նրա շրջանակներում կարող են եւ վարկածներ լինել)․ մայր ցամաքի կենտրոնական մասի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) որքան մասն է վերահսկում այս կամ այն կայսրությունը, այդքան քաղաքական կշիռ ունի այն աշխարհում։ Ներկայումս պատմական Հայաստանի զգալի մասը (շուրջ 60 տոկոսը) ի դեմս Թուրքիայի վերահսկում է ՆԱՏՈ-ն, հետեւապես հենց այսպիսին է աշխարհում այս ուժի քաշը։ Հայաստանի մի որոշ մասը (մոտ 25 տոկոսը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ մասամբ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հայկական տարածքների) դեռ որոշ չափով շարունակում է վերահսկել Ռուսաստանը, եւ մնացած մոտ 15 տոկոսի տերը Իրանն է։ Ներկայաիս սահմանները հաստատվել են Առաջին աշխարհամարտից հետո եւ մինչ այսօր ըստ էության չեն փոխվել, իսկ փաստացի պատկանելությունը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Եթե համեմատենք նույն ժամանակահատվածում աշխարհում ուժերի հարաբերակցությանը, ապա կտեսնենք, որ այն իրոք արտահայտված է նշված տոկոսներով։ Աշխարհի ամենաազդեցիկ ուժը ԱՄՆ-ն է՝ դաշնակիցներով, որոնց ազդեցությունն իրոք նման է 60%-ի, երկրորդը՝ Ռուսաստանն է իր 25%-անոց ազդեցությամբ եւ վերջապես 15%-անոց Իրանը։ Ընդ որում ԱՄՆ-ը թուրքական 60%-ից օգտվում է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ՆԱՏՈ-ի կամավորումից հետո, մինչդեռ դրանից առաջ այն, իրոք, չուներ ազդեցություն Հին Աշխարհամասի վրա։ Միքիչ գերագնահատված կարող է թվալ Իրանի դերը։ Սակայն Իրանի քաշն աննկատ էր, քանի դեռ այդ երկիրը ելնելով իր տնտեսական եւ ռազմական ցածր հնարավորություններից խուսափողական քաղաքականության էր վարում, իսկ մեր օրերում, երբ ԱՄՆ-ը բացահայտորեն փորձում է Իրանին դուրս մղել համաշխարհային խաղից, վերջինս, պաշտապանելով իր դիրքերն, սկսեց դրսեւորել իրեն որպես միջազգային խաղորդ, եւ նրա քաշը պարզորոշ երեւաց. համենայն դեպս վերջին զարգացումները վկայում են, որ ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ Իրանը դրսեւորում է 15%-ից նույնիսկ ավելի մեծ քաշ (ճիշտ է վարպետորեն օգտվելով նաեւ դաշնակից Ռուսաստանի 25%-ից)։ Սակայն այս հարաբերակցությունը ցանկացած պահին կարող է փոխվել։ ԱՄՆ-ն առայժմ հաջողությամբ անջատում են Վրաստանն ու Ադրբեջանը ռուսական ազդեցության ոլորտից*, որի արդյունքում Կենտրոնի ռուսաստանյան մասնաբաժինը էապես նվազել է, հավասարվելով Իրանի մասնաբաժնին։ Եթե նաեւ Հայաստանին հաջողվի շրջել դեպի Արեւմուտք Ռուսաստանն առհասարակ խաղից դուրս կմնա եւ արդեն սոսկ չնչին Իրանյան մասը կմնա ոչ արեւմտյան։ Այդ դեպքում Իրանի շանսերը ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ գրեթե ի չիք դառնան. Հայկական բարձրավանդակի, ուստի եւ ամբողջ աշխարհի միակ տերը կդառնա Արեւմուտքը։ Թեեւ, իրավիճակն Արեւմուտքի համար կվերածվի (1՛՛) դեպքի, որն ինչպես գիտենք, անկայուն է եւ հարեւան կայսրությունները կրկին շանսեր կպահպանեն վերականգնելու Կենտրոնի իրենց մասնաբաժինները։

Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։ Ներկայումս, մի՛ կողմից տրոհվում է արեւմտյան ճամբարը՝ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունների պատճառով, եւ առավելությունն, ինչպես ասվեց ունենալու է Հին Աշխարհամասի ուժը, այսինքն՝ Եւրոպան։ Մյուս կողմից բարձրանում է Չինաստանի եւ Հնդակաստանի հզորությունը, եւ որպես համաշխարհային քաղաքականության նոր խաղորդներ նրանք փորձ կանեն իրենց թաթը դնել տարածաշրջանի վրա։ Օրինակ՝ զարգացնելով Համագործակցության Շան­խայյան Կազմակեր­պու­թյունը, որն իր անդամների ու դիտորդների սահմաններով գրեթե վերականգնում է երբեւէ եղածների շարքում կայսրություններից մեծագույնը՝ Մոնղոլականը։

Ի՞նչ է այս ամենը նշանակում մեզ համար։ Նախ, մեր ճիշտ տեղն աշխարհում գիտակցելը միայն օգուտ կարող է բերել։ Աշխարհի կենտրոնում մեր գտնվելը պետք է դիտել ոչ որպես առավելություն կամ պատուհաս, այլ սոսկ որպես փաստ, որի հետ մենք պիտի հաշվի նստենք, փորձելով քաղել նաեւ եղած օգուտները, որոնք, կարծում եմ, նույնպես կլինեն. հազիվ թե միայն վնասներ լինեն։ Ամենակարեւոր հետեւությունն այն է, որ մի՛ կողմից մեր ազգը համաշխարհային քաղքականության նպատակակետն է, եւ մյո՛ւս կողմից՝ ինքը հայ ազգը՝ այդ քաղաքականության համար որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Եւ սա հաստատվում է պատմության ամբողջ ընթացքով։

Սակայն, մինչ այժմ մենք դիտարկում էինք աշխարհաքաղաքական երեւույթները դրանց բնական ընթացքում, այսպես ասած՝ առաջին աստիճանում, երբ հարստությունը հիմնականում ուղիղ համեմատական է վերահսկվող տարածքին։ Արդյունաբերության եւ առեւտրի զարգացումը բերում է նրան, որ աստիճանաբար հարստությունը սկսում է կախված լինել ոչ այնքան տարածքից, այլ հիմնականում՝ առեւտրից․ տնտեսությունը բարձրանում է երկրոդ աստիճանի վրա։ Պատմության ընթացքում այդ աստիճանին հասել են բազմաթիվ ազգեր եւ ստեղծվել են պայմաններ առեւտրա-արդյունաբերական ճանապարհով երկարատեւ զարգացման համար։ Սակայն միշտ էլ ինչ-որ մի գործոն շեղել է այդ ուղուց։ Որպես կանոն դրանք եղել են երկուսը․ դեռեւս զարգացման առաջին աստիճանին գտնվող ազգերի՝ բարբարոսների հարվածները (դասական օրինակ՝ Հռոմի անկումը), կամ՝ թեեւ զարգացած, սակայն հենց այդ պատճառով իր ուժերը գերագնհատած ազգի գայթակղությունը հարստանալ նաեւ ընդարձակման հաշին։ Ինչը կարելի է հասկանալ․ որքան էլ, օրինակ, Սինգապուրի նման երկիրը հարուստ լինի իր արդյունաբերությամբ եւ առեւտրով, միեւնույն է լրացուցիչ տարածքում այն է՛լ ավելի լավ կզարգանար։ Այս դեպքի փայլուն օրինակն է Հիտլերական Գերմանիան։ Սակայն բարբարոսներ (համենայն դեպս՝ զորեղ) ներկայուս էլ չկան, իսկ երկրորդ տիպի ինքնավստահ արկածախնդրությունների անհեռանկարությունը ներկայիս աշխարհում պատկերավոր կերպով ապացուցեց ԱՄՆ-ը իր իրաքյան պատերազմով, որը գուցե պատվաստի դեր կատարի մյուս գերտերությունների (եւ, աստված տա՝ հենց ԱՄՆ-ի) համար։

Հետեւապես այն, որ (1՛) տարբերակը բնականորեն անկայուն է դեռ չի նշանակում, որ այն չի կարող վերածվել համեմատաբար կայուն վիճակի՝ քաղաքական եղանակներով։ Դա կարող է լինել եթե Կենտրոնը դառնա ինքնիշխան, սակայն աշխարհի համար բաց քաղաքական միավոր։ Սա կարող է հակասություն թվալ, բայց միայն առաջին հայացքից։

Իրոք, ինչպես տեսանք, (1՛) տարբերակում գերտերությունների առջեւ միշտ կա Կենտրոնի նվաճման գայթակղությունը։ Սակայն այն կվերանա, եթե ստեղծվի վիճակ, երբ Կենտրոնի նվաճման ձգտումն իսկ ոչ միայն օգուտ չբերի նվաճողին, այլեւ անմիջապես թուլացնի նրան (ինչպես թուլացրեց ԱՄՆ-ին Իրաքի գրավումը), եւ նույնիսկ՝ ուժեղացնի հակառակորդներին։ Դա հնարավոր չէր առաջներում, երբ Կենտրոնը սոսկ ռազմական հարթակ էր, մայր ցամաքի երկրները հնազանդ պահելու համար։ Սակայն երբ առեւտրի եւ արդյունաբերության ստեղծած հարստությունը սկսում է գերազանցել պարզ նվաճումներից ստացված հարստությունը, վիճակը կտրուկ փոխվում է․ Կենտրոնը դառնում է գերտերությունները ամենակարճ կապող ճանապարհը, եւ դրա խաղաղությունն ու ապահովությունը ավելի կարեւոր են դառնում, քան դրա (հարաբերկանորեն, աննշան տարածքի) պատկանելության հարցերը։

Նշված տարբերակի գործնականում իրագործման տեղական՝ եւրոպական սանդղաչափով՝ մի օրինակ է Շվեյցարական դաշնության գոյացումը։ Եւրոպայի գրեթե երկրաչափական կենտրոնում, կարեւորագույն առեւտրային ուղիների հատման կետում գտնվող այս երկրամասը մշտապես հայտնվում էր տարբեր մարտնչող իշխանությունների՝ Հաբսբուրգների եւ այլոց բախման գոտում։ Սակայն երբ այդ երկրամասի բնակչությունը իրեն ապահովագրվեու համար այդ ավերիչ բախումներից միավորվեց, կազմելով կենտրոնական միասնական դաշնություն, որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ երկրի գոյությունը, վերջին հաշվով ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ դրա գոյացմամբ ստեղծվում էր փոխշահավետ համագործակցության, այդ թվում՝ առեւտրի համար հարմար գոտի։ Այնքան հարմար, որ նույնիսկ երկու համաշխարհային պատերազմների ընթացքում մարտնչող կողմերին ձեռնտու չեղավ այդ երկրի գրավումը։

Մեր քաղաքական դաշտում այս վիճակը միայն վերջին տասնամյակների ընթացքում է հաստատվել՝ համաշխարհային առեւտրի պայթյունային աճի եւ պետությունների համակարգային բարդացման արդյունքում։ Դա նշանակում է, որ տեսականորեն գերտերությունները կարող են համաձայնության հասնել Կենտրոնի միացյալ շահագործման հարցում։ (Բնականաբար, եթե չլինի որեւէ արհավիրք, այդ թվում եւ ինչ-որ ուժերի կողմից այնուամենայնիվ սանձազերծված համաշխարհային պատերազմ, որն իջեցնի համաշխարհային պետական համակարգերի մակարդակը միջնադարյան մակարդակի եւ նորից շահավետ դարձնի Կենտրոնի համար ռազմական պայքարը։)

Այս դեպքում անհրաժեշտ կլինի Կենտրոնի բարեկարգում, տնտեսության, հատկապես՝ սպասարկող ոլորտի եւ կապուղիների զարգացում։ Դրա համար անհրաժեշտ կլինի որոշել այս տարածքում բնակվողների խնդիրը։ Բնականաբար, այն պիտի ազատ լինի հիմնական գերտերությունների անվանադիր ազգերի՝ եւրոպացիների, ռուսների, չինացիների, պարսիկների, արաբների բնակվելու համար։ Բայց անհնար է, որ դրանցից որեւէ մի ազգ Կենտրոնում հասնի գերակշռման, քանի որ դա կնշանակի տվյալ գերտերության կողմից Կենտրոնի նվաճում։ Մյուս կողմից, գերակշռող ազգ պիտի լինի, այլապես անհնար կլինի Կենտրոնի միասնականության, ուստի եւ բնականոն գործունեության ապահովումը։ Հետեւապես, գերակշռող ազգի դերը պիտի հանձնվի տեղաբնիկ որեւէ ազգի։ Օրինակ, ընդունվի 1:2 հարաբերություն գերտերությունների անվանադիր ազգերի եւ տեղաբնիկ պետությունաստեղծ ազգի միջեւ։

Այստեղ մոտենում ենք մեզ՝ հայերիս համար կարեւորագույն եւ ցավոտ հարցին։ Մինչ այժմ մենք պայմանավորվել էինք, որ շարադրանքում «Կենտրոն» աշխարհաքաղաքական հասկացությունը կիրառվելու է Հայաստան, Հայկական բարձրավանդակ իմաստով։ Սակայն նայենք նկ․ 8-ին, որում բաց մանիշակա­գույնով պատկերված է քրդերի բնակեցման հիմնական տարածքը, նարնջագույնով՝ հայերի, իսկ սեւ կետագծով՝ Կենտրոնի պայմանական սահմանը (սրա համամսնությունները եւ ուղղվածությունը համապատասխանում են Հին Աշխարհամասի միջինացված ձեւին)։ Ինչպես տեսնում ենք, հայերի կողմից այս կամ այն կերպ վերահսկվող տարածքը կազմում է շուրջ 50 հազար կմ2, ինչը կազմում է Պատմական տարածքի մոտ 10 տոկոսը։ Մնացյալ 90 տոկոսը վերահսկում են թուրքերը եւ քրդերը։ Բնակչության թվաքանակով հաշված կունենանք առավելագույնը մոտ 5 մլն հայ,, մոտ 30 մլն․ քուրդ եւ մոտ 20 մլն թուրք (ներառյալ ազերի թուրքերին), այն է՝ կրկին մոտ 10 տոկոս։

Բայց որպես Կենտրոնի պետությունաստեղծ ազգ կարող է հանդես գալ միայն մեկը, այլապես դա կբերի անկայունության, ինչը տվյալ ծրագրի տրամաբանությունից դուրս է։ Այդ դերը չի տրվի թուրքերին, քանի որ ունենալով զգալի տարածք Կենտրոնից դուրս նրանք կդիտվեն, որպես եւս մի գերտերություն, որի ստեղծումը աշխարհի ներկայիս գերտերությունների ծրագրերի մեջ հազիվ թե մտնի։

Մնում են հայերն ու քրդերը։ Եւ այստեղ պարզվում է, որ տարածաշրջանային այս պայքարում հայերի հակառակորդները ամենեւին էլ թուրքերը չեն, այլ հենց քրդերը։ Բայց ո՞ւմն է առավելությունը։ Հայերի օգտին է խոսում դարավոր մշակութային հարստությունը, ներկայումս էլ արդեն իսկ պետություն՝ ուստի եւ պետական կառավարման փորձ ունենալը եւ սեփական տանը կարգուկանոն հաստատելու ունակությունը, ինչպես նաեւ քաղաքականությունում որոշակի ազդեցություն եւ ավելի հնագիստ ազգի համբավ ունենալը։ Նաեւ, դրական կարող է համարվել ամենատարբեր ազգերի հետ համագործակցելու փորձը։ Բացասականը՝ փաստացի հայաբնակ տարածքների փոքրությունն է։ Քրդերի օգտին խոսում է քանակական գերազանցումը եւ ներկայիս դե-ֆակտո Քրդստանի՝ Կենտրոնին առավել համապատասխանությունը։ Բացասականը՝ պետականության փորձի բացակայությունը, «անհանգիստ» ժողովրդի համբավը եւ մշակույթապես անհայտ լինելը։

8.Now 9.After

Նկ․ 9-ում, առաջարկված է Կենտրոնի եւ կենտրոնամերձ երկրների սահմանների այնպիսի վերաձեւում, որը կապահովեր կենտրոնական երկրի կայուն գոյությունը՝ մի՛ կողմից, դրա՝ որպես կապող օղակ ծառայելու հարմարությունը՝ մյո՛ւս կողմից։ Չոգեւորվելու համար նկատենք, որ այստեղ այդ երկիրը անվանված է Հայաստան միայն պայմանականորեն․ եթե մենք չդրսեւորենք մեզ որպես ազգ, որն ի զորու է վերահսկել եւ շենացնել այն, այդտեղ կարող է հայտնվել եւ այլ անվանում։

Ոմանց նման քարտեզի ստեղծումը կարող է անլուրջ թվալ։ Ցավոք, մեր մեջ, ի տարբերություն շատ ու շատ այլ ազգերի, ազգային հեռանկարների մասին խոսելը, որպես կանոն ծաղրի է արժանանում։ Իրոք, այսպես կոչված «Ծովից ծով Հայաստանի» մասին խոհանոցային զրույցները արժեզրկել են այդ գաղափարը։ Սակայն վերոշարադրյալից հետեւում է, որ այդ հեռանկարների ծրագրումը եւ ապա՝ հետապնդումը, չի բացառվում, որ մեր ազգի հետագայում գոյատեւման, առհասարակ, միակ գրավականը լինի։ Նկատենք նաեւ, որ ներկայումս բազ­մաթիվ ազգեր արտահայտում են իրենց տարածքային պահանջները եւ նույնիսկ ձգտում հասնել դրանց կատարմանը։ Օրինակ, ալբանացիները փորձում են կերտել Մեծ Ալբանիա (նկ․ 10), թուրքերը՝ Մեծ Թուրան (նկ․ 11)։ Էստոնացիները (նկ․ 12) ներկայացնում են իրենց տարածքային պահանջները՝ Ռուսաստա­նին, վրացիները (նկ․ 13) ծրագրում են վերադարձնել իբր երբեմնի իրենցը եղած հողերը, քրդերը՝ ստեղծել Ազատ Քրդստան (նկ․ 14) եւ այլն։ Ի դեպ, թվարկվածներից երեքը իրենց ապագա տարածքներն աճած են տեսնում հենց մեր հաշվին։

10. 11. 12.

13. 14.

15. 16.

Դրանից բացի, մեր տարածաշրջանի ապագան փորձում են վերագծել եւ այլ ուժեր, ինչը միանգամայն հասկանալի է՝ վերաշարադրյալի շրջանակներում։ Օրինակ, ԱՄՆ փորձագետ, գնդապետ Ռալֆ Պետերսն այսպես է տեսնում մեր ապագան. (նկ․ 15)։ Մի քուրդ հեղինակ՝ այսպես. (նկ․ 16)։

Երկու խոսք՝ առաջարկվող սահմանագծերի սկզբունքի մասին։ Դրանց հիմքում ոչ միայն ազգերի փաստացի բնակեցման սահմաններն են, այլեւ ազգային մտածելակերպում դրանց պատկանելությունը, տեղանքի առանձնահատկությունները, հաղորդակցման ուղիների անցկացման հնարավորությունը, տա­րածա­շրջանային ուժերի առավել կայուն հարաբերությունը եւ այլն։ Տարածաշրջանային կայունության տեսակետից նպատակահարմար է գտնվել մի շարք նոր պետությունների ձեւավորումը (անվանումները՝ պայմանական են)։ Դրանք են․ շիա մահմեդականների պետությունը՝ Շումերը՝ Բասրա մայրաքաղաքով, քրիստոնյա ասորիների պետությունը՝ Ասո­րե­ստանը (Մոսուլ), Քրդստանը (Քիրքուկ), Աբխազիան (Սուխում)*։ Իրանի սահմանագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, մասամբ՝ տա­րածք տրամադրելով Կենտրոնին եւ Քրդստանին, սակայն փոխհատուցելով՝ Տիգրիսի հովիտի տարածքների հաշվին։

Եզրակացություններ։

1. Որեւէ տարածաշրջանի վերահսկման համար անհրաժեշտ է վերահսկել դրա կենտրոնը եւ կենտրոնաձիգ կապուղիները։ Մարդը ցամաքային էակ է, եւ հիմնական նշանակություն ունեն ցամաքային կենտրոնները եւ ուղիները։ Ամենամեծ, ուստի եւ ամենաազդեցիկ մայր ցամաքի՝ Հին Աշխարհամասի Կենտրոնը գտնվում է Հայկական բարձրավանդակում, հետեւապես դրա գրավումը՝ ցանկացած գերտե­րության նպատակն է, իսկ համաշխարհային քաղաքականության էությունը՝ հայաստանակենտրոնու­թյունն է։ Հայաստանն այժմ բաժանված է երեք գերտերությունների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, ընդ որում՝ մեծագույն մասը Արեւմուտքի վերահսկողության տակ է։ Ընդ որում այդ տարածքում փաստա­ցիորեն բնակվող ազգը այդ քաղաքականության մեջ ինքնին հետաքրքրություն չի ներկայացնում։

2. Վերլուծությունից հետեւում է, որ հնարավոր է Կենտրոնի երկու հիմնական վիճակ․ բաժանված այլ գերտերությունների միջեւ, եւ կենտրոնական գերտերության կազմում։ Առաջին տարբերակում Կենտրոնն անկայուն է, քանի որ մշտական ռամական բախումների թատերաբեմի դերում է գտնվում, երկրորդը՝ կայուն։ Երկու տարբերկներից արդեն իսկ իրագործվել է առաջին՝ անկայուն տարբերակը։ Արտադրության եւ առեւտրի պայթյունային զարգաց­ման արդյունքում մոտ ապագայում որոշ հավանականությամբ կարող է ստեղծվել վիճակ, երբ Կենտրոնի, որպես կայուն առեւտրային կապուղի օգտագործումն ավելի շահավետ դառնա, քան թե դրա ռազմական վերահսկումը։ Մենք պիտի պատրաստ լինենք դրան։

3. Մեր ազգն անզոր է ուժային դեր խաղալ իր իսկ տարածքի համար մղվող պայքարում, սակայն ռազմական ուժն անհրաժեշտ է Կենտրոնի տարածքում հայկական գերակայության ապահովման համար։ Ընդ որում, ուժն այդ պիտի բավարար լինի ամբողջ Կենտրոնի՝ Հայկական բանրձրավանդակի վերահսկման համար։ Այսինքն մեզ անհրաժեշտ է դեռ շատ ավելի հզոր զինուժ, քան կա։ Ներկայումս մեր ռազմական ներկայությունը տարածվում է միայն Ռուսաստանի հատվածում։ Սակայն մենք պիտի պատրաստ լինենք տեղափոխել այն նաեւ մյուս երկու հատվածները, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ի հայտ գան։ Այն որ, տեսականորեն նման պայմաններ կարող են ստեղծվել եւ մյուս գերտերությունները կարող են շահավետ գտնել հայկական ներկայությունը Կենտրոնի՝ իրենց կողմից վերահսկվող հատվածներում, վերջինս միասնական դարձնելու նպատակով, արտահայտվում է նրանում, որ վերջին 15 տարիների ընթացքում փաստացիորեն հայկական ռազմական գերազանցումը տարածաշրջանում նրանք հանդուրժել են։ Եւ հակառակը, եթե գերտերությունները տեսնեն, որ մենք ի վիճակի չենք տիրություն անել մեր վերահսկո­ղության տակ հայտնված տարածքում նրանք կարող են հենվել այլ ուժերի վրա։ Ու հատկապես՝ քրդական ուժի, եւ հենց սրան կհանձնեն Կենտրոնի վերահսկումը։ Վերջնական որոշումը մերը չէ, սակայն մենք կարող ենք ազդել այդ որոշման վրա, համոզիչ հայտ ներկայացնելով։ Ընդ որում այդ կարողությունը պիտի ունենա թե՛ ռազմական, թե՛ կազմակերպական եւ թե՝ մշակութային բաղադրիչ։ Այսինքն մենք պիտի ապացուցենք, որ կարող ենք ո՛չ միայն ուժով պահել մեզ տրված տարածքը, այլեւ՝ շենացնել այն, քանի որ չի կարող լինել արդյունավետ կապուղի, եթե այն չի սպասարկվում։ Այլ կերպ ասած, Հայաստանը կարող է միայն զար­գացած լինել․ հետամնաց Հայաստանը չի կարող գոյատեւել։ Մինչդեռ ներկայումս մեր երկրի ենթակա­ռուց­վածքները շատ դանդաղ են զարգանում, իսկ ռազմա-տարածքային հարցերում ոմանք պարզապես ցանկանում են հրաժարվել ունեցածից, ենթակվելով իբր մեծ տերությունների պահանջներին։ Դրանով իսկ նմանվելով «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի այն մասնակիցներին, որոնք չկարողանալով կռահել, թե վարողը ե՛րբ է օգնում իրենց, իսկ ե՛րբ՝ մոլորեցնում, ակնհայտ եւ ճիշտ քայլերի փոխարեն նախապատվությունը տալիս են սխալ լուծումներին։ Այն տարբերությամբ միայն, որ քաղաքականության դեպքում մեզ ոչ ոք «անձեռնմխելի գումար» չի տրամադրի։

4. Մենք կարող ենք գոյատեւել միայն ու միայն գիտակցելով այն փաստը եւ հաշտվելով դրա հետ, որ մեր հայրենիքը աշխարհի կենտրոնն է։ Հայաստանի քաղաքականության հիմքում պիտի լինի գիտակցումը, որ Հա­յաստանը որպես համաշխարհային կենտրոն պիտի լինի միասնական, եւ պատկանի մեզ, պայմանով, որ այն կծա­ռայի բոլորին։ Հաշտվել, այլ ոչ թե ուրախանալ դրանով, քանի որ դա վտանգում է մեր ազգային ինք­նու­թյունը, ներքաշում շատ երերուն եւ վտանգավոր, բայց՝ անխուսափելի խաղի մեջ։ Հետեւապես, եթե համաշ­խար­հային քաղաքականության էությունը հայաստանակենտրոնությունն է, ապա Հայաստանի քա­ղա­քա­կա­նու­թյան էությունը պիտի լինի հայակենտրոնությունը։ Այն է՝ հայկական ինքնության պահպանումը։

 

Ռուբեն Թարումյան

24.06.2006-17.01.2008

 

* Հոդվածը գրվել է Ռուս-Վրացական ընդհարումից առաջ։