Ազգային ինքնության սահմանման մասին
Ազգային ինքնության հետ կապված հարցեր քննարկելիս չեն փորձում, սովորաբար ձեւայնացված կերպով ներկայացնել այս խնդրի հետ կապված հասկացությունները, ինչի արդյունքում դատողությունները կորցնում են հստակությունը։ Հանրընդունելի սահմանում չունի արդեն իսկ հիմնական հասկացությունը՝ ազգը, թեեւ առաջարկված են բազմաթիվ սահմանումներ, օրինակ, ազգը դա մարդկանց այնպիսի հանրություն է, որին բնորոշ է լեզվի, տարածքի, տնտեսության եւ հոգեբանության ընդհանրություն։ Կամ․ ընդհանուր հայրենիքով մարդկանց հանրություն։ Կամ․ մարդկանց կենսաբանական հանրություն, կապված ընդհանուր ծագումով, օժտված ընդհանուր գեներով, որը հարաբերվում է ռասայի հետ, ինչպես տեսակը՝ դասի հետ, կամ ինչպես տարատեսակը՝ տեսակի հետ։ Կամ․ մարդկանց հանրություն, ովքեր իրենց մասին ասում են «մենք», մյուսների մասին՝ «նրանք»․․․
Թվարկված եւ նման այլ սահմանումներին, սովորաբար, տարբեր առարկություններ են ներկայացնում։ Օրինակ այսպիսի, շվեյցարացիները խոսում են չորս տարբեր լեզուներով, բայց համարվում են մեկ ազգ․ խորվաթններն ու սերբերը նույն լեզվով են խոսում, բայց տարբեր ազգեր են․ ղազախների 30%-ը չեն տիրապետում ղազախերենի․ բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ ապրում են իրենց հիմնական տարածքից դուրս, կամ՝ սփյուռքում․ ազգերի ինքնագիտակցություն եւ ինքնանվանումը նույնպես որոշիչ չէ, քանի որ նույն ինքնավանումով տարբեր ազգեր կարող են լինել․ «մենք» եւ «նրանք» կարող են ասել մարդկանց ցանկացած խմբեր, օրինակ՝ արհեստավորները՝ գործարարներին, եւ այլն․․․
Թերեւս, այս խառնաշփոթի պատճառը հասկացությունների հետ ձեռնածություններն են, երբ եզրերը կիրառվում են առանց հստակ սահմանման, կամ՝ հակառակ դրա։ Օրինակ, միջնադարյան Եւրոպայում, ազգ՝ natio արնակցական (կենսաբանական) իմաստ ունեցող բառը սկսեցին գործածել (հավանաբար՝ քարոզչական նկատառումներով․ իբր, համերաշխ լինենք, բոլորս արյունակից ենք) որպես տվյալ պետության եւ դրա հպատակների (քաղաքացիների) հավաքական անվանում։ Սակայն ինչ-որ կերպ պետք էր անվանել նաեւ արնակցական կապերով հանրությունները։ Արդյունքում, սրանք նույնպես երբեմն անվանում են ազգ (natio), երբեմն դրա համար կիրառվում է հունական ἔθνος [էթնոս] շատ բազմիմաստ բառը (այն կարող է նշանակել․ հասարակություն, խումբ, ամբոխ, դաս, խավ, սեռ, ցեղ, ժողովուրդ, հեթանոս, սեռ, տեսակ, երամ, նախիր, ոհմակ եւ այլն)։ Արդյունքում գոյանում է, օրինակ, այսպիսի անհեթեթ արտահայտություն․ վրաստանի էթնիկ հայեր։ Դրանից բացի կան նույն հասկացությանը առնչվող ցեղ եւ ժողովուրդ եզրերը։
«Ազգը (բնագրում՝ этнос) քիչ թե շատ կայուն է, չնայած որ առաջանում եւ անհայտանում է պատմական ժամանակում։ Չկա ազգի սահմանման համար ոչ մի իրական հատկանիշ՝ կիրառելի բոլոր հայտնի դեպքերում։ Լեզուն, ծագումը, սովորույթները, նյութական մշակույթը, գաղափարաբանությունը երբեմն սահմանող դրսեւորումներ են, իսկ երբեմն՝ ոչ․․․»։ Սա հայտնի ազգաբան Լեւ Գումիլյովի կարծիքն է։
Պետք է նկատել, որ նույն վիճակում են քաղաքական-գաղափարաբանական ոլորտին առնչվող նաեւ մի շարք այլ հասկացություններ, օրինակ՝ ժողովրդավարություն, ահաբեկչություն եւ այլն։ Պատճառը (ժողովրդավարության դեպքում) հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Օրուելը. «…նման սահմանման բոլոր փորձերը դեմ են առնում դիմադրության՝ բոլոր կողմերից… Յուրաքանչյուր վարչակարգի կողմնակիցներ այն ժողովրդավարություն են հռչակում, եւ վախենում են կորցնել այդ բառից օգտվելու իրավունքը, եթե նրան վերագրվի որեւէ մեկ նշանակություն»։ Նույնը եւ ազգը։ Ազգային դրոշի ներքո ամենատարբեր ուժեր հետապնդում են սեփական շահերից բխող նպատակներ եւ չէին ցանկանա կորցնել այդ դրոշը ծածանելու իրավունքը, եթե վերջնականորեն ընդունվեր այդ եզրի որեւէ մեկ որոշակի սահմանում։
Եւ իրոք, երկուսից մեկը․ կա՛մ ազգ գոյություն ունի, կամ ո՛չ։ Եթե մի կողմ թողնենք որոշ հեղինակների պնդումները, թե առհասարակ ազգ գոյություն չունի եւ այն, իբր, ոչ իրական, թվացյալ երեւույթ է, ապա եթե որեւէ բան գոյություն ունի, այն ունի նաեւ այլ էություններից տարանջատող սահման, ուստի եւ պիտի ունենա սահմանում։ Եթե ընդունելի սահմանում չի գտնվել, նշանակաում է տվյալ երեւույթը դեռեւս ըմբռնված չէ։
Նկատենք, որ առաջարկվող սահմանումները ներկայացնում են ազգի էության մասին երկու հիմնական պատկերացում․ մշակութային եւ կենսաբանական։ Քաղաքական-քարոզչական տեսակետից սրանք սկզբունքային հակասության մեջ են, ուստի եւ պատմական տարբեր փուլերում առաջնությունը հաջորդաբար անցնում է մեկից՝ մյուսին։ Դժվար չէ կռահել, որ կենսաբանական մոտեցումները վտանգավոր կարող են թվալ ներկայիս իշխող գաղափարաբանության (փաստացիորեն՝ կրոնի)՝ ազատական ժողովրդավարության տեսակետից։ Եւ իրոք, արեւմտյան դպրոցները առավելապես մերժում են այս մոտեցումը, եւ հակառակը՝ օրինակ, ներկայիս համեմատաբար ազգայնական Ռուսաստանում ազգի կենսաբանական սահմանումները ավելի ընդունված են։
Ինչ խոսք, գիտական մոտեցումը չի կարող կապվել քաղաքական նախասիրություններին, սակայն մշակութային եւ կենսաբանական մոտեցումների միջեւ առկա վեճը չի էլ կարող մտացածին լինել եւ վկայում է խնդրի իրական բարդությունների մասին, որոնք պարզապես շահարկում են գաղափարախոսները։ Բայց հենց այդ շահարկումը կարող է մեզ խնդրի լուծման բանալի տալ։ Ուրեմն ազգ երեւույթը հրապուրիչ մի ինչ-որ բան է տալիս մարդկանց, ինչպես ժողովրդավարությունն է հասարակ մարդուն տալիս իշխանությանն առնչվելու պատրանք եւ դրան հասնելու հույս, եւ հենց այդ բանն է, որ հող է հանդիսանում շահարկումների համար եւ միեւնույն ժամանակ կարող է սահամանման հիմք դառնալ։ Բայց ի՞նչն է դա։
Միայն օտարության մեջ էս զգում մայրենի լեզվի ողջ հմայքը,
միայն այնտեղ ես զգում, թե ի՛նչ է հայրենիքը։
Գուստավ Ֆրեյտագ
Կատարենք երեւակայական գիտափորձ․ պատկերացնենք, որ հայտնվել ենք մեր ազգային միջավայրից դուրս մի օտար երկրում (այստեղ մենք բնազդաբար ընդունում ենք, որ Հայաստանն, առաջին մոտեցմամբ, մեզ, հայերիս, համար ազգային միջավայր է՝ դեռեւս առանց սահմանման)։ Եթե ազգային միջավայրը մարդուն ինչ-որ բան է տալիս, ուրեմն այլ միջավայրում մարդն այդ բանը կորցնում է։ Ի՞նչ կորուստ կարձանագրենք այլազգիների միջավայրում։ Հավանաբար, մեզ կհաջողվի գտնել սնունդ, օթեւան, հագուստ, հարստություն, ճանաչում... Միակ բանը, որ նույնիսկ ամենահյուրասեր, բայց այլազգի միջավայրը չի կարողանա տալ, դա շրջապատի հետ ազատորեն շփվելու հնարավորությունն է եւ լիարժեք փոխըմբռնման ապահովումը․ իզուր չէ որ ասված է «օտար» երկիր։ Եթե այդ միջավայրում մեր գտնվելը երկարատեւ լինի, ապա ժամանակի ընթացքում աստիճանաբար կգտնենք նաեւ փոխըմբռնում։ Ուրեմն ժամանակի ընթացքում դրա համար պայմաններ են ստեղծվում։ Իսկ որո՞նք են այդ պայմանները։ Նախ եւ առաջ պետք է այդ միջավայրի լեզուն իմանալ։ Այդպես էլ ասում են․ «լեզու գտնել», այսինքն՝ փոխըմբռնման հասնել։ Բայց միայն լեզվի իմացությունը բավական չէ։ Եթե շարունակենք երեւակայական գիտափորձը եւ պատկերացնենք մեզ հաջորդաբար տարբեր երկրներում, կնկատենք, որ դրանցում տարբեր կլինեն տեղացիների հետ հաղորդակցվելու եւ փոխըմբռնման հասնելու հնարավորությունները։ Հավանաբար, օրինակ, Վրաստանում նույնիսկ վրացերեն չիմանալով մենք միջին հաշվով ավելի հեշտ կհասնենք փոխըմբռնման, քան, օրինակ՝ Եգիպտոսում։ Եգիպտոսոում ավելի հեշտ, քան՝ Չինաստանում, այստեղ էլ ավելի հեշտ, քան՝ Զիմբաբվեում եւ այլն։ Դժվար չէ հասակալ, թե ինչու։ Թեկուզ եւ մենք չգիտենք վրացերեն, սակայն մենք գիտենք միմյանց գոյության մասին, մոտավորապես գիտենք միմյանց պատմությունները, հիմնական գծերով ընդհանուր են մեր բարքերը, նույնն է (գրեթե) մեր ավանդական կրոնը, շատ հնարավոր է որ վրացին գոնե միքիչ ծանոթ լինի հայերեն առանձին բառերի ու մեծ հավանականությամբ կիմանա ռուսերեն, որին մեզանից շատերն էլ են տիրապետում, եւ այլն։ Եգիպտացիներին մեր մասին շատ բան հայտնի չի լինի, բոլորովին տարբեր են մեր լեզուները (թեեւ առանձին արաբական բառեր մեզ ծանոթ են որպես փոխառություններ), թերեւս կարող է գտնենք անգլերենին որոշ չափով տիրապետողի եւ փորձենք հաղորդակցվել մեր դպրոցական անգլերենով, տարբեր են ավանդական կրոնները (թեեւ ծագում են նույն աղբյուրից), սակայն մարդաբանորեն մենք նման ենք, պատմության ընթացքում մեր ազգերը առնչվել են, որոշ հարցերում նման է մեր կենցաղը։ Չինացիներից մենք հեռու ենք թե՛ աշխարհագրորեն, թե՛ մարդաբանորեն, թե՛ լեզվով, թե՛ կրոնով, թե՛ կենցաղով․ եթե մենք գոնե որոշ չափով ծանոթ ենք նրանց մշակույթին, ապա իրենք մեզ հաստատ չգիտեն։ Սակայն դժվար չէ, զգալ, որ Զիմբաբվեի դեպքում մեր վիճակն էլ ավելի անհույս կլինի․ մեր երկրներն առհասարակ ընդհանրություն չունեն։
Այսպիսով հնարավոր են տարբեր դեպքեր։ Օրինակ․
- լեզուն անծանոթ է, բայց նման է մարդկանց նիստուկացը,
- տարբեր են լեզուն, նիստուկացը, բայց նույնն է ռասան (մաշկի գույնը, աչքերի ձեւը․․․),
- ռասան տարբեր է, սակայն առկա է որեւէ ընդհանուր լեզու․․․
Դժվար չէ զգալ, որ ռասայական տարբերություններն այնքան խորթ չեն ընկալվի, եթե տիրապետում ենք ընդհանուր լեզվի, եւ հակառակը, եթե ռասայական տարբերություն չլինի, բայց տարբերվեն շրջապատի լեզուն, նիստուկացը, կրոնը՝ վիճակն ավելի տհաճ կլինի։ Այս երեւակայական գիտափորձից պարզ է դառնում, որ մարդուն առավել անհարմարություն է պատճառում ոչ թե շրջապատի արնակցական տարբերությունը (տվյալ դեպքում՝ ռասայական), այլ մշակութային հատկանիշների՝ լեզվի, կրոնի տարբերությունները, որոնք ապահովում են մարդակնց միջեւ հաղորդակցումը եւ փոխըմբռնումը։
Հետեւապես, կարելի է արձանագրել, որ այն գրավիչ հնարավորությունը, որը տալիս է մարդուն ազգը (ազգային միջավայրը) հենց այդ հաղորդակցման ազատությունն է։ (Փակագծերում նկատենք, որ իշխանության հրարպուրիչ կողմը նույնպես անհատի ազատության ընդլայնման միջոցներից է)։ Եւ հենց սրանից կարող ենք բխեցնել ազգ հասկացության սահմանումը։ Ազգը դա, այլոց համեմատությամբ միմյանց առավել լավ ըմբռնող անհատների ամբողջություն է։ Կամ՝ ազգը, դա տեղեկութային միասնական դաշտում գտնվող անհատների ամբողջություն է։ Կամ՝ ազգը, դա անհատին շփման ազատություն ապահովող հանրությունն է։
Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են
Գեորգիյ Պոլոնսկիյ
Ահա թե ինչ է տալիս մարդուն ազգը․ շրջապատի կողմից հասկացված լինելու, ըմբռնում գտնելու հնարավորություն։ Մի բան, որ բանական էակի համար նույնքան կարեւոր է, որքան սոսկ կենդանի էակի համար սնունդ կամ զուգընկեր գտնելը։
Գործնականում, իհարկե, սննդի (մարմնական ոլորտ), սեռի (կենսական ոլորտ) եւ հաղորդակցման (բանական ոլորտ) պահանջները գործում են համատեղ եւ ձեւավորված ազգային համակարգը ստանում է լրացուցիչ ամրություն, քանի որ արդեն նպաստում է ոչ միայն հաղորդակցման, այլեւ մյուս երկու պահանջների առավել արդյունավետ բավարարմանը։ Արդյունքում, երկարատեւության պայմանից բխում է եւս մի գործոն․ ձեւավորվում են որոշակի՝ կազմակերպական, մասնագիտական, հարեւանական, արնակցական եւ այլ կապեր, եւ առանձին, ժողովված անձանց բազմությունը՝ ժողովուրդը վերածվում է համակարգի, մեկ մարմնի, որում առանձին անհատները տարիների (իսկ ընտանիքները՝ սերունդների) ընթացքում որոշակի կայուն դերակատարություններ են ստանձնում։ Կապված կարող են լինել ոչ միայն արյունակիցները, այլեւ օտարները։ Եթե կապերը պահպանվեն դարերի ընթացքում, կարող է գոյանալ նաեւ արյունակցական նույնություն։
Սակայն սնունդ հայթայթելու համար ժողովված մարդիկ չեն կազմում մշտական բազմություն, քանի որ սնունդ հայթայթելիս կարելի է համագործակցել ցանկացած անձանց հետ (որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց)։ Դրանից բացի սնունդ հայթայթելու համար մեծ բազմություն պետք էլ չէ․ ծայրագույն դեպքում դա կարելի է անել նույնիսկ միայնակ։ Սեռական պահանջները եւ սերնդի շարունակման բնազդը նույնպես կարող են բավարարվել փոքրաքանակ շրջապատում եւ նույնպես չեն ենթադրում այդ շրջապատի պարտադիր կայունություն։ Այլ է հաղորդակցման պահանջը։ Թեեւ այն նույնպես կարելի է բավարարել նույնիսկ երկհոգանոց շրջապատում, սակայն շրջապատի ընդլայնումը էապես բարձրացնում է հաղորդակցման որակը։ Երեք հոգու դեպքում արդեն առաջանում է հաղորդակցման որակապես նոր երեւույթ՝ բամբասանք (որը կարելի է համարել՝ հաղորդակցման պահանջի պարզագույն դրսեւուրումը)։ Չորս հոգու դեպքում բացվում է երկու տարբեր գաղափարաբանական ուսմունքների գոյացման հնարավորություն, եւ այլն։
Սակայն եթե առաջին դեպքում մարդը կարող է համագործակցել տեսականորեն ցանկացած անձանց հետ, երկրոդ դեպքում կա պայման, որ դիմացինը լինի հակառակ սեռի, ապա երրորդ դեպքում անհրաժեշտ է, որ հաղորդակցվողները հասկանան իրար, իսկ սա արդեն ենթադրում է վերոհիշյալ կարեւորագույն պայմանը․ անհատները պիտի տիրապետեն միեւնույն լեզվին։
Ստացվում է, որ իրոք, ազգի էությունը զգալիորեն պայմանավորված է լեզվով։ Հետաքրքիր է նաեւ ազգի ընկալումը լեզվամտածողության մեջ։ Ազգ բառի ներքին իմաստը հատկապես ցցուն երեւում է հնդեւրոպական մեկ այլ լեզվում՝ ռուսերենում, ուր ազգ հասկացության համարժեքն է язык բառը, որը միժամանակ նշանակում է ե՛ւ ազգ, ե՛ւ լեզու (արդի ռուսերենում язык բառի «ազգ» իմաստը դուրս է մղվել փոխառված нация բառով)։ Այսպիսով հին ռուսների մտածողության մեջ ազգ հասկացությունը նույնացվում էր լեզու հասկացությանը։ Այդ բառի արմատն է, հավանաբար, уза՝ կապ, որը տալիս է նաեւ այդ բառի սկզբնական իմաստը։ Լեզու հասկացության առնչությունը կապ հասկացության հետ նշմարվում է նաեւ լատիներենի եւ հին հունարենի համեմատությամբ, ուր γλῶττα [գլոտտա]՝ հունարեն նշանակում է լեզու, իսկ լատիներեն glūtinum [գլուտինում] նշանակում է կապ, սոսինձ։ Հավանաբար մեր հնդեւրոպացի նախնիները գիտակցել են լեզվի կապող հատկությունը, եւ այդ տրամաբանությամբ ծագել է (համենայն դեպս՝ ռուսերենում) ազգ հասկացությունը, որպես որոշակի լեզվով կապված մարդկանց խումբ։
Բայց ինչպե՞ս վարվենք այդ դեպքում վերեւում թվարկված եւ բազմաթիվ այլ օրինակների հետ, որոնք, կարծես թե մերժում են լեզվի, կամ մշակութային այլ հատկանիշների միջոցով ազգի սահմանման հնարավորությունը։
Շատ պարզ։ Վերոհիշյալ օրինակներում լեզուն, գաղափարաբանությունը (նաեւ՝ տարածքը) դիտարկվում են իրարից անջատ։ Այսպես, լեզվի, որպես ազգորոշիչ հատկության մասին խոսելիս բերում են սերբերի եւ խորվատների օրինակը, սակայն մոռանում են նրանց գաղափարաբանական տարբերությունները։ Այլ դեպքերում խոսելով գափարաբանության (կրոնի) ազգորոշիչ լինելու մասին մոռանում են լեզվի մասին, եւ այլն։ Մինչդեռ առաջարկված սահմանումներում լեզուն, գաղափարաբանությունը, հոգեբանությունը դիտարկված են համատեղ։
Սակայն ի՞նչ է լեզուն։ Լեզուն նշանային համակարգ է։ Դրանք ուսումնասիրում է նշանագիտությունը, որի շրջանակներում առանձնացվում են երեք ենթաառարկաներ․ շարաբանություն, իմաստանբանություն եւ գործաբանություն։ Առաջինը ուսումնասիրում է լեզուն նրա նշանների ներքին հարաբերությունների շրջանակներում։ Սովորաբար, կենցաղային մակարդակով լեզու ասելիս նկատի են ունենում լեզվի հենց այս կողմը միայն։ Մինչդեռ լեզուն ունի նաեւ այլ հատկություններ, եւ համակողմանիորեն այն նկարագրելու համար առանձնացված են հաջորդ երկու ենթաառարկաները․ իմաստաբանությունն ուսումնասիրում է նշանների եւ նշանակվող առարկաների հարաբերությունները, իսկ գործաբանությունը՝ նշանների եւ դրանց մեկնության խնդիրները։ Այսինքն, եթե շարաբանությունը ներկայացնում է լեզվի ներքին, վերացական կողմը, ապա մյուս երկուսը վերաբերում են մարդ-անհատին եւ շրջակա նկարագրվող միջավայրին։ Ելնելով այս մոտեցումից նշանագիտության հիմնադիրներից մեկը՝ Չարլզ Ուիլյամ Մորրիսը գրում է․ հասկանալ լեզուն, նշանակում է ․․․ հետեւել նշանների գործածման կանոններին, որոնք ընդունված են մարդկանց տվյալ հանրությունում, իսկ Գեւորգ Ջահուկյանի խոսքերով․ լեզուն ստեղծված է արտալեզվական աշխարհի առարկաները, երեւույթներն ու հարաբերությունները արտահայտելու համար։ Այսպիսով, լեզուն բառերի եւ բառակապակցման կանոնների պարզ ամբողջություն չէ, այլ պարունակում է լրացուցիչ կանոններ, կապված որոշակի մարդկանց հանրության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի հետ։
Եւ հենց այդ լրացուցիչ կանոններն են, որ լեզուն վերածում են միասնական տեղեկութային դաշտի։ Իսկ ինչի՞ հիման վրա են ձեւավորվում այդ կանոնները։ Դրանք, մի կողմից, այն առարկաներն ու երեւույթներն են, որոնց առնչում է տվյալ հանրությունը, եւ որոնք ուսումնասիրում է իմաստաբանությունը․ տեղանքը, պատմությունը, բնաշխարհը, ճարտարապետությունը, տարազը, կահույքը եւ այլն, մի խոսքով այն ամենը, որ ընդունված է անվանել Հայրենիք։ Իսկ մյուս կողմից, այս կամ այն բառը, արտահայտությունը, այսինքն՝ նշանը կարող է լրացուցիչ հրահանգ պարունակել տվյալ ընկալողի համար։ Հրահանգներ, որոնք իմաստաբանորեն կամ շարաբանորեն այդ բառերում չեն պարունակվում եւ արդյունքն են սոսկ տվյալ ընկալողի մեկնության՝ որն ուսումնասիրում է գործաբանությունը։ Եւ թե մեկնության ինչպիսի՞ տարբերակներ կարող է առաջարկել անհատը, կախված է հանրության շրջանում տարածված պատկերացումներից՝ գաղափարաբանությունից, այդ թվում՝ կրոնից, բարոյականությունից, նիստուկացից եւ այլն։ Եւ որպեսզի հանրության բոլոր անդամների համար այդ իմաստները հասկանալի լինեն, իսկ մեկնությունները՝ քիչ թե շատ օրինաչափ, նրանք պիտի իրար հետ մշտապես շփվելու, միասնական գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան։ Իսկ դա կարող է լինել միայն եթե նրանք միեւնույն տարածքում բնակվեն։
Այսպես, շարադրված մոտեցման շրջանակներում, բնականորեն համատեղվում են ազգի մշակութային եւ կենսաբանական սահմանումները։ Ավելին, երբ հաշվի է առնվում այն, որ լեզուն, որպես նշանային համակարգ ներառում է իր մեջ ոչ միայն ներքին՝ բառապաշարային, շարահյուսական այլեւ արտաքին՝ իմաստաբանական եւ գործաբանական կողմեր, այսինքն արտալեզվական բաղադրիչներ, սահմանումը ստանում է պարզագույն ձեւ․ ազգը միեւնույն լեզվով խոսող մարդկանց հանրություն է։
Հայրենիքը, թերեւս, նախ եւ առաջ լեզուն է։
Ռոժե Մարտեն Դյու Գար
Ակնհայտ է, որ նույնալեզվությունը բնականորեն ապահովվում է ներընտանեկան պայմաններում, քանի որ տվյալ ընտանիքում ծնվածները ինքնաբար տիրապետում են ծնողների լեզվին։ Հաջորդաբար, ճյուղավորվող ընտանիքը կազմում է ցեղ։ Հետեւապես, ցանկացած ազգի բնական կորիզը՝ ցեղն է։ Սակայն միեւնույն ցեղին պատկանելը, դեռ բավարար չէ, միեւնույն ազգին պատկանելու համար։ Ցեղերը կարող են աճել, տարածվել։ Տարածումը կարող է բերել ցեղի առանձին հատվածների աշխարհագրական մեկուսացման, մեկուսացված հատվածներում լեզվի նշանագիտորեն ինքնուրույն զարգացման, ուստի եւ նոր լեզվի եւ ազգի գոյացման։ Այդպես կարող են գոյանալ բազմաթիվ տարալեզու, բայց ցեղակից ազգեր, ինչպիսիք են, օրինակ, ներկայիս հնդեւրոպական ազգերը։ Եթե ցեղն ընդունում է իր մեջ այլ ցեղի այլազգի ներկայացուցիչների, կատարվում է փոխազդեցություն, որից, փոխվում են առավելապես (թեեւ՝ ոչ միշտ) փոքրաքանակ կողմը․ այն ձուլվում է մյուս ցեղի զանգվածում, հաղորդելով վերջինիս իր հատկությունների որոշ մասը։ Երբեմն փոքրականակ ցեղը կարող է ձուլվել մեծի մեջ իր գենակազմով, սակայն հաղորդել մեծ ցեղին իր ինքնանվանումը (օրիանկ՝ ինչպես դա եղավ թուրքախոս բուլղարացիների դեպքում, երբ իրեք ձուլվեցին սլավոնական ցեղերի զանգվածում)։ Մեկ այլ դեպքում՝ թուրքերի՝ հահմեմատաբար փոքրաքանակ ցեղը խառնվելով տեղաբնիկ հնդեւրոպական, կովկասյան եւ սեմական մի շարք ցեղերի, այդ թվում՝ հայերի հաղորդեց դրանց ոչ միայն ինքնանվանումը, այլեւ՝ լեզուն։ Արդյունքում, մարդաբանորեն թուրքերը, ներկայումս, առավելապես՝ եւրոպացիներ են, իսկ որպես ազգ ավելի մոտ են այլ թուրքախոս ցեղերին՝ ուզբեկներին, թուրքմեններին եւ այլն։ Սրա գիտակցումը շատ կարեւոր է, որովհետեւ, ինչպես նկատվեց վերեւում, փոխըմբռնումը (կամ հակառակը՝ թշնամությունը) առավելապես կապված լեզվական եւ ոչ թե՝ գենական նույնության հետ։
Տարածքի մասին պետք է խոսել առանձին․ այն ներկայանում է որպես առանձնահատուկ գործոն, քանի որ երկակի կերպով է դրսեւորվում ազգի կյանքում։ Մի՛ կողմից այն ներկայանում է, որպես իմաստաբանական գործոն, արտահայտվելով ազգի հիշողության, հոգեբանության մեջ․ մի խոսքով՝ Հայրենիք։ Մյուս կողմից որպես անխուսափելի բաղադրիչ, հաղորդակցման ֆիզիկական կողմն ապահովելու համար։ Տեսականորեն այն կարող է եւ փոխվել (քոչվոր ցեղերի դեպքում) սակայն չի կարող չլինել։ Գոնե ժամանակավորապես, գոնե ազգի կազմավորման փուլում, բայց այն պիտի լինի, քանի որ մարդիկ կարող են հաղորդակցվել եւ միալեզու դառնալ/մնալ միայն կենդանի շփման արդյունքում, որի համար ֆիզիկական բնակության տարածք է պետք։ Այդ տարածքից հեռացած անհատը որոշ ժամանակ պահպանում է իր պատկանելությունը այդ տարածքում ձեւավորված ազգին, սակայն երկարատեւ բացակայության դեպքում այլ տարածքների նշանագիտական հատկությունների ազդեցության տակ նա աստիճանաբար այնքան է փոխվում, որ դառնում է այդ նոր հանրության անդամ։
Կարող է թվալ, թե ներկայումս այս պայմանը կորցրել է իր արդիականությունը, քանի որ մարդիկ կարող են հաղորդակցվել նաեւ արհեստական կապուղիներով։ Դա իհարկե, ճիշտ է, սակայն կենդանի շփումը ապահովում տեղեկութային ավելի հզոր հոսք․ թե՛ քանակապես, եւ թե՛ որակապես։ Այսինքն ոչ միայն նախկինում, այլեւ առհասարակ, հարակից բնակությունը պարտադիր է բազմության միալեզու դառնալու եւ միալեզու մնալու համար։ Իհարկե չի կարելի բացառել, որ հաղորդակցման միջոցների մերօրյա սրընթաց զարգացման արդյունքում ապագայում կարող է այս դրույթի վերանայման անհրաժեշտություն առաջանալ, սակայն առայժմ նման հեռանկարներ չեն նշմարվում։
Լեզուն անհամասեռ է, եւ կարող է ունենալ տարբեր նշանագիտական առանձնահատկություններ՝ բարբառներ, մասնագիտական եւ խավային խոսվածքներ, կամ առանձին հատվածներ կարող են տիրապետել երկու կամ ավելի լեզուների։ Ժամանակի մեջ լեզուն ազդեցություներ է կրում այլ լեզուներից, ստեղծվում են նոր բառեր, իմաստափոխվում են եղածները եւ այլն։
Ինչ վերաբերում է բազմալեզվությանը (միասնական գրական լեզվի առկայության դեպքում բարբառները հաճախ նույնպես կարող են դիտվել որպես յուրատեսակ երկրորդ լեզու), ապա պետք է տարբերել բազմալեզվության երկու դեպք․ առաջին, երբ մի ազգի ներկայացուցիչները բազմալեզու են դառնում յուրացնելով հարեւան ազգերի լեզուները, եւ դեպք, երբ մի քանի ազգեր ինչ-ինչ պատճառներով (աշխարհագրական, քաղաքական եւ այլն) միավորված լինելով մեկ հանրության մեջ փոխադարձաբար յուրացնում են միմյանց լեզուները ստեղծելով միասնական տեղեկութային դաշտ։ Առաջին դեպքում արդեն իսկ առկա է միավորող համասեռ լեզվական դաշտ, եւ լրացուցիչ լեզուներն այն դարձնում են որոշ չափով անհամասեռ։ Երկրորդ դեպքում, բոլորովին տարբեր ազգերը որոշ չափով մեղմում են իրենց հանրության անհամասեռությունը։ Ներկայացված դեպքերում առկա է լեզվական տարբեր աստիճանի անհամասեռություն, ուրեմն եւ հաղորդակցման տարբեր աստիճանի արդյունավետություն։
Լրացուցիչ լեզվի իմացությունը հաղորդակցվելու հավելյալ հնարավորություն է տալիս մարդկանց, հետեւապես, փոխում է ազգը։ Քանի դեռ բազմալեզվությունը առանձին անհատների հատկություն է, դա ազգաբանական հետեւանքներ գրեթե չի առաջացնում, սակայն եթե այն տարածվում է, եւ գոյանում է զուգահեռաբար մի քանի լեզվով հաղորդակցվող անհատների զգալի բազմություն, այն որակապես նոր վիճակ է ստեղծում։ Եւ քանի որ լեզուն տվյալ ազգի էությունն է, ապա այդ ազգի լեզվին տիրապետելը փաստացիորեն նշանակում է «միքիչ» այդ մյուս ազգին պատկանելու նշան։ Այդ մյուս ազգի տեսակետից էլ գործ ունենք նույն պատկերի հետ։ Այսինքն՝ երկլեզվյա անձը միքիչ օտար է յուրայինների մեջ եւ այնուամենայնիվ օտար է նաեւ օտարների մեջ։ Ի դեպ, այս երեւույթը մասնավոր դեպքն է ընդհանուր բնական օրենքի․ որեւէ համակարգի մասին տեղեկության ստանցումը փոխում թե՛ այդ համակարգի, եւ թե՛ տեղեկություն ստացող համակարգի վիճակները։ Օրինակ, եթե ձեռք դնելով թեյնիկի վրա ուզում ենք իմանալ տաք է այն, թե՞ ոչ, փոխվում է մեր ձեռքի ջերմաստիճանը․ ձեռքը սառում է, կամ՝ տաքանում։ Կարող է նույնիսկ այրվել։ Այսինքն, ուսումնասիրվող համակարգը իր հատկության որոշ մասը հաղորդում է ուսումնասիրողին, եւ հակառակը։
Տվյալ դեպքում, ձեւավորվում է միջավայր, որի անդամները տիրապետում են լեզվական այնպիսի հնարքների, որոնք հասկանալի չեն միալեզու հայրենակիցներին։ Այս անհատներին ավելի հեշտ կլինի շփվել միմյանց հետ, քան իրենց մյուս հայրենակիցների, այսինքն գոյանում է որոշ չափով մեկուսացված միջավայր։ Բազմալեզու անձինք կարող են ցրված լինել տվյալ ազգի ներկայացուցիչների շրջանում, կազմելով սոսկ որակապես միքիչ այլ խավ, սակայն կարող են եւ կուտակված լինել առանձին վայրերում։ Եթե դրանք կուտակումներ են կազմում (հատկապես, եթե տվյալ անհամասեռության սահմանը աշխարհագրորեն որոշակի է), սկզբնական տարածքը տրոհվում է հաղորդակցական տարբեր բնույթի մասերի, բերելով ազգի միասնականության ճեղքման, իսկ հեռանկարում՝ նույնիսկ նոր ազգի գոյացման նախադրյալ է ստեղծվում։
Լեզուն անհամասեռ է նաեւ ժամանակի մեջ։ Փոխառությունների, ինչպես նաեւ գիտության, արհեստի զարգացման արդյունքում նորանոր հասկացությունների առաջ գալու հետ փոխվում է լեզվի բառապաշարը, շարահյուսությունը, քաղաքական-տարածական ինչպես նաեւ՝ գաղափարաբանական փոփոխությունների ազդեցության տակ փոխվում է լեզվի նաեւ իմաստաբանական եւ գործաբանական պատկերը։ Փոփոխությունները կուտակվում են աստիճանաբար․ տարբեր ազգերի դեպքում տարբեր արագությամբ։ Սակայն բոլոր դեպքերում կա մի շեմ, որից այն կողմ ներկա եւ անցյալ վիճակների համեմատությամբ տարբերություններն այնքան են մեծանում, որ հաջորդ սերունդներին արդեն անհնար է լինում լիարժեքորեն հականալ նախնիների լեզուն եւ արդեն կարելի է խոսել ազգի ժամանակային սահմանին հասնելու մասին։ Բանասերի հայացքը կարող է ավելի խորացնել այդ սահմանը, սակայն ոչ անվերջ։ Ազգն, այսպիսով, կարելի է նմանեցնել սլացող գիսաստղի․ նրա գլխամասը (ազգի ներկա վիճակը) լիովին հստակ մարմին է, գլխամասից բխող նյութը, որից գոյանում է պոչը, գլխամասի ամնմիջական մոտակայքում նույնպես դրա անբաժան մասն է թվում։ Սակայն աստիճանաբար պոչը նոսրանում է, եւ այլեւս չի անդրադարձնում արեւի լույսը, այսինքն, այդտեղ գիսավորը, կարծես թե, ավարտվում է, թեեւ աստղագետները հատուկ գործիքներով կարող են նկատել պոչի նաեւ ավելի հեռու հետքերը, սակայն ինչ-որ կետից դա չի հաջողվի նաեւ գիտնականներին․ կարել է ասել որ այդտեղ գիսավորն ավարտվում է։ Փաստորեն, գիսավորը միայն գլխամասը չէ, այլեւ՝ պոչն է։ Եւ ազգը նույնպես միայն ներկա սերունդը չէ, այլեւ ամբողջությունն անցած այն բոլոր սերունդների, որոնք դեռեւս այդ ազգի մաս են ընկալվում։
Մոր արգանդում երեխան ոչ մի ազգի չի պատկանում
Լեւ Գումիլյով
Ազգն, այսպիսով, պետք է դիտել, որպես մշակութաբանական (տեղեկութային) այլ ոչ արնակցական հասկացություն։ Սա բնավ չի նշանակում, որ երկու մրցող մոտեցումների միջեւ ընտրություն է կատարվում մշակութայինի օգտին եւ մերժվում է ազգի կենսաբանական հիմքը, քանի որ ինչպես նշվեց, սույն մոտեցման շնորհիվ դրանք նույիսկ համատեղվում են։ Պարզապես, պետք է չշփոթել ազգի կազմավորումը ազգի էության հետ։ Եթե ազգի էությունը տեղեկութային հաղորդակցման դաշտ ապահովելն է, ապա դաշտն այդ կարող է կազմավորվել ամենատարբեր ուղիներուվ։ Տվյալ ազգի ներկայացուցիչներից ծնված երեխան նույն ազգի է։ Սակայն ոչ թե այն պատճառով, որ ունի նույն արյունը, այլ քանի որ նա դաստիարակվում է, որպես կանոն, իր ծնողների կողմից։ Սակայն եթե նա ծնվելուց հետո հայտնվի մեկ այլ ազգային միջավայրում, նա կդառնա այս նոր ազգի ներկայացուցիչը։ Ճիշտ է, արտառոց ռասայական տարբերությունների առկայության դեպքում նա կարող է հետաքրքրվել իր ծագումով եւ վերադառնալ իր ցեղի միջավայր, սակայն այդ հանրությանը նա արդեն խորթ կլինի։ Իսկ եթե չդիմի այդ քայլին, ապա եւս մեկ-երկու սերունդ անց նրա գենակազմը արդեն կտարրալուծվի իրեն դաստիարակած ցեղի գենակազմում։
Հիշենք նաեւ, որ ներկայումս ազգ եզրը կիրառվում է նաեւ պետություն եւ հպատակություն նշանակելու համար։ Իրոք, ցանկացած պետություն այս կամ այն կերպ փորձում է իր տարածքում միասնական տեղեկութային դաշտ ապահովել, եւ եթե պետությունն այդ քիչ թե շատ երկար ժամանակ պահպանում է իր գոյությունը անկասկած գոյանում է փոխըմբռնման դաշտ, որն ըստ ընդունված սահմանման ազգ է։ Գուցե չափազանց անհամասեռ, բայց՝ ազգ։ Այլ հարց է, որ ցանկացած պահին երկրի քաղաքական-տնտեսական գործոնների թուլացման հետեւանքով այդ անհամասեռ ազգը կարող է տրոհվել ենթաազգերի, հատկապես, եթե բաղկացուցիչ մասերը պահպանեն իրենց ներքին տարածքային համասեռությունը։ Դա է պատճառը, որ հնում այլ ազգերի գրաված ազգը հաճախ վերաբնակեցնում էր գրավյալներին, նոսրացնելով եւ լուծելով դրանց իր ազգի զանգվածում։ Եւ դա է պատճառը, որ ԱՄՆ-ի դարավոր խառնարանում «եփված» ազգերը չձուլվեցին եւ նոր ազգ չստեղծվեց․ մարդիկ ԱՄՆ-ում միշտ էլ բնակվել են ոչ ցաք ու ցրիվ, այլ՝ կողք-կողքի (ինչը միանգամայն բնական է, նույն այդ հաղորդակցման տեսակետից), կազմելով քիչ թե շատ միատարր տարածքներ՝ թաղեր (հայկական թաղ, իտալական թաղ, չինական թաղ եւ այլն) իսկ դա արդեն արգելակում է ձուլումը, կամ պահանջում շատ ավելի երկար ժամանակ։ Եւ չի կարելի բացառել, որ ավելի մեծ ժամանակահատվածում դրանք կձուլվեն, կազմելով մեկ միասնական ազգ, հատկապես եթե համապատասխան ազգերի համայնքները պարբերաբար չհամալրվեն մայր երկրներից եկող լրացուցիչ ներկայացուցիչներով։
Սակայն, որքան էլ պետությունը նպաստի ազգի ձեւավորմանը, այն սոսկ գործոն է մնում եւ ազգ չի դառնա։ Ճիշտ ինչպես կաթսան, որում եփում է ճաշը, այնուամենայնիվ ճաշ չէ, եւ երբեք ճաշ չի դառնա։ Ցավոք, ներկայումս դա անտեսվում է, եւ ազգն ու պետությունը նշանակում են նույն եզրով, օրինակ՝ Միացյալ ազգերի կազմակերպություն, փոխանակ ասեն Միացյալ պետությունների կազմակերպություն։ Ինչպես արդեն ասվեց, քարոզչական տեսակետից դա հարմար է։ Ուստի եւ ազգ հասկացության հետ գործ ունենալիս միշտ պետք է ուշադիր լինել, ճիշտ իմաստով այն հասկանալու կամ թարգմանելու համար։
Այս բաժնի վերջում շարադրված մոտեցման շրջանակներում պատասխանենք որոշ տարածված հարցերի։
1. Եթե ազգի հիմքը լեզուն է, ապա ինչո՞ւ գոյություն ունեն միեւնույն լեզվով խոսող տարբեր ազգեր։ Օրինակ․ գերմանացիներ ու ավստրիացիներ, խորվատներ ու սերբեր։
Իրականում դրանք թեեւ չափազանց մոտիկ, բայց այնուամենայնիվ տարբեր լեզուներ են․ նույնն է (գրեթե) լեզուների ներքին կողմը՝ բառապաշարը, շարահյուսությունը, սակայն տարածքի, կրոնի, պատմության տարբերություններով պայմանավորված դրանց արտաքին՝ իմաստաբանական ու գործաբանական կողմերը տարբեր են։
2. Շվեյցարիայի գերմանախոս քաղաքացիները շվեյցարացի՞ են, թե՞ գերմանացի։
Սկզբում, անկասկած, գերմանացիներ էին, բայց համատեղ կյանքը ֆրանսացիների, իտալացիների եւ ռետոռոմանացիներ հետ պետական որոշակի մեկուսացվածության պայմաններում, ինչպես նաեւ որեւէ երկլեզվության օրենսդրական պարտադրանքը (օրինակ՝ գերմանա-ֆրանսական) ներկայումս բերել է որակապես այլ լեզվական (ուստի եւ՝ ազգային) միջավայրի գոյացմանը, երբ առհասարակ չկա շվեյցարիայում զուտ գերմանախոս քաղաքացի, իսկ գերմաներենին զուգահեռ լրացուցիչ լեզվի համատարած իմացությունը արդեն հնարավորություն չի տալիս այդ երկլեզվյա անձանց գերմանացի համարել, ուստի եւ արդարացված է իրենց այլ անունով, տվյալ դեպքում՝ շվեյցարացի կոչելը։
3. Կարող են արդյո՞ք միեւնույն ազգի շրջանակներում լինել տարբեր դավանանքի խմբեր։
Փաստորեն, ոչ, քանի որ դավանանքը լեզվի գործաբանական կողմի որոշիչներից կարեւորագույնն է։ Սակայն եթե պատկանելությունը տվյալ դավանական խմբին չի խանգարում այնքան լավ ծանոթ լինել մյուս դավանանքի դրույթներին, որպեսզի լիովին հասկանալ նրանց կրողներին, դա կարող է եւ հնարավոր լինել։ Ինչպես որ կա երկլեզվություն, այս դեպքում կլինի երկդավանություն․ մի բան, որ մեզ համար տարօրինակ է հնչում, բայց աշխարհում նման ազգերի օրինակներ կան․ օրինակ՝ ճապոնացիների զգալի մասը միաժամանակ ե՛ւ բուդդայական են, ե՛ւ սինտոյական։ Դա հնարավոր է նաեւ, եթե այս կամ այն դավանանքին պատկանելությունը պայմանական է դառնում՝ հանրության ընդհանուր աշխարհիկացման արդյունքում եւ հատկապես՝ դրանց բնակեցման տարածքների միահյուսվածության դեպքում։
4. Մարդն ա՛յն ազգի ներկայացուցիչ է, որին ինքն իրեն դասում է։
Այս կարծիքը թյուրիմացության արդյունք է։ Ինչպես տեսանք, մարդու պատկանելությունն այս կամ այն ազգի որոշվում է օբյեկտիրվորեն, եւ կախված է միջավայրի հետ նրա փոխըմբռնման հնարավորությունից։ Հետեւապես, եթե որեւէ ազգի ներկայացուցիչ իրենց հայտարարում է մեկ այլ ազգի ներկայացուցիչ, դա կարելի է հասկանալ այնպես, որ նա այդ ազգին է պատկանում ծագումով, այսինքն՝ ցեղով, կամ դիտել այդ հայտարարությունը որպես այդ ազգի ներկայացուցիչ դառնալու հայտ։ Սակայն, քանի որ, ինչպես տեսանք, լիարժեքորեն լեզվին եւ նրա առանձնահատկություներին տիրապետելը այնքան էլ հեշտ բան չէ, եւ արդեն բոլորովին անհնար է նախորդ ազգին հասկանալու կարողությունից անմիջապես զրկվելը, ուստի եւ անհնարին է հրաժարվել ազգից, որին պատկանում ես։ Կարելի է ասել, որ դա հնարավոր է միայն երկրորդ, կամ նույնիսկ հաջորդ սերունդներում միայն։
* * *
Որքան լեզու գիտես, այնքան հայ չես
Ավետիք Իշխանյան
Այս պնդումը ոմանց կարող է անհեթեթ թվալ, սակայն լիովին հետեւում է ազգի վերոհիշյալ հաղորդակցական սահմանումից։ Ստորեւ կփորձենք պարզել, թե ներկայումս հայոց լեզուն/ազգը սահմանող գործոնները որքանով են նպաստում դրա միասնականության ապահովմանը։ Ի տարբերություն շատ լեզուների (սերբերենի, գերմաներենի, իսպաներենի եւ այլն), որոնց շարաբանական բաղադրիչը գործածում են տարբեր ազգեր, հայոց լեզուն կրողները միայն հայ ազգի ներկայացուցիչներ են (որոշ սակավաթիվ բացառություններով)։ Շնորհիվ դրա, հայոց լեզուն, նույնիսկ զուտ շարաբանական մակարդակով, հայ ազգի հիմնական միավորող եւ սահմանող հատկությունն է։ Սակայն լեզվի իմաստաբանական եւ գործաբանական բաղադրիչներով ինչպես նաեւ կրողների բազմալեզվությամբ հայ ազգը չափազանց անհամասեռ է, ինչը հետեւանք է բազմադարյա քաղաքական տրոհվածության։
Հայոց լեզվի կրողների որոշ մասը վաղնջական դարերից տիրապետել է նաեւ առնվազն եւս մեկ, երբեմն էլ՝ ավելի լրացուցիչ լեզուների, որի պատճառը տարածաշրջանում ազգագրական մշտական բազմազանությունն է։ Դրանց թվում են եղել աշուրերենը, խուռիերենը, պահլավերենը, պարսկերենը, հունարենը, ասորերենը, արաբերենը։ Վերջին շրջանում եւ ներկայումս՝ հիմնականում թուրքերենը, քրդերենը, պարսկերենը, ռուսերենը, վրացերենը։ Որոշ խավեր տիրապետել եւ տիրապետում են նաեւ երրորդ լեզվի․ ամենից հաճախ՝ ֆրանսերենին, ռուսերենին, անգլերենին։ Չորս եւ ավելի լեզուների տիրապետողները սակավաթիվ են եւ զանգված չեն կազմում։ Վաղնջագույն դարերում ազգի մեծագույն մասը տիրապետել է, թերեւս, միայն մայրենի լեզվին․ երկլեզու եւ եռալեզու է եղել միայն վերնախավը։ Վիճակը փոխվեց հատկապես խորհրդային տարիներին, երբ միջնակարգ կրթությունը դարձավ պարտադիր, իսկ դրա հետ էլ պարտադիր դարձավ ռուսաց լեզվի իմացությունը։ Եւ եթե հայկական դպրոցներում, ուր ռուսերենը դասավանդվում էր որպես օտար լեզու, դրան տիրապետում էին զուտ շարաբանորեն, ապա ռուսական դպրոցներում (իսկ դրանք ավարտել են Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 30 տոկոսը), այն մատուցվել է իր ողջ խորությամբ՝ պայմաններ ստեղծելով լեզվի իմաստաբանական եւ գործաբանական կողմի յուրացման, ինչին նպաստում էին, հեռուստատեսությունը, միության ներքին սահմանների լիակատար թափանցիկությունը եւ ազգերի փոխներթափանցման ապահովմանն ուղղված քաղաքականությունը «սովետական ժողովուրդ» ձեւավորելու գաղափարաբանական մոդելի շրջանակում (ի տարբերություն ԱՄՆ-ի)։
Ներկայումս գոյություն ունի մշակութային մի ամբողջ շերտ, հատկապես՝ ժողովրդական խոսքում, որն արդեն ըմբռնելի է ոչ բոլոր հայերի կողմից․ բազմաթիվ զավեշտապատումներ, բառակապակցություններ։ Խոսքը ոչ թե փոխառությունների մասին է, ինչպիսիք են՝ «վըռազել», «աձյալ», «փեչ» եւ այլն, որոնց ռուսական ծագումը շատերն արդեն չեն էլ նկատում, այլ այնպիսի բառակապակցությունների, որոնցում ռուսական բաղադրիչը կամ նախօրինակը հստակորեն գիտակցվում է։ Օրինակ, «պեչենու բաղեր», «կիշկա բացվել», «ուգլ պահել», «դե՜ դու տալիս ես» եւ այլ արտահայտությունները կարող են ինչ-որ բան ասել միայն հայ-ռուսական երկլեզվություն կրող հայերին (երբեմն էլ՝ հայ-թուրքական երկլեզվությամբ միջնորդված)․ հայերեն չիմացող ռուսը եւ ռուսերեն չիմացող հայը դրանք չեն հասկանա։ ԽՍՀՄ-ի կազմում ապրած հայերը ավել կամ պակաս չափով յուրացրել են ռուսաց լեզուն եւ մշակույթը, հնարավորություն ստանալով հասկանալ եւ կիսել ռուսի ցավն ու խնդիրները։ Նրանց ներաշխարհի զգալի մաս են կազմում ռուսական գրականությունը եւ կինոն, ի տարբերություն, օրինակ, իրանական մասում բնակվողների, որոնց համար «Բաղնիքդ անուշ» կամ «Այդ նույն Մյունհաուզենը» վերնագրերը ոչինչ չեն ասում։ Եւ պարզ է դառնում, որ բերված բնաբանն իր ողջ անսպաելիությամբ հանդերձ իրական հիմքեր ունի։
Հետեւապես, անհրաժեշտ է լեզվական հատուկ քաղաքականության կիրառում, որը կնպաստեր լեզվական անհամսեռությունների վերացմանը։ Օրինակ, որպեսզի տվյալ երկլեզվությունը չընդգրկի ազգի զգալի զանգված եւ առավել եւս, որ երկլեզվյա անձինք չկազմեն միասնական սեղմ տարածք (օրինակ չբնակվեն միայն քաղաքներում, կամ որեւէ սահմանամերձ տարածքներում)։ Անհրաժեշտ է նաեւ, որ ազգում միշտ զգալի տոկոս կազմեն միալեզվյա անհատները, որոնք կլինեն ազգի կայունության գրավականը։ Ներկայումս մեր ազգի դեպքում այդ զանգվածը չափառանց փոքր է, քանի որ այդպիսիք կարող են լինել միայն սեփական հողում սերնդե-սերունդ ապրողները, որոնք երբեւէ չեն ունեցել այլազգիներին հարմարվելու խնդիր։ Որեւէ երկրորդ լեզվի (գոնե շարաբանորեն) տիրապետում է հայերի մեծ մասը, թեեւ անկախացումից հետո օտար լեզուներին տիրապետումը նոր սերնդների շրջանում (նաեւ՝ ռուսերենի) իջել է շարաբանական մակարդակի։ Սա անկասկած դրական շարժ է, թեեւ խորհրդային մակարդակի երկլեզվյա սերունդի ներկայացուցիչներին երբեմն դա դուր չի գալիս, քանի որ դժվարանում է սերունդների միջեւ փոխըմբռնումը․ երբեմն նույնիսկ միեւնույն ընտանիքի ներսում։ Ինչն, ի դեպ, եւս մեկ անգամ հաստատում է, որ երկլեզվությունը հանգեցնում է ազգային նոր որակի գոյացմանը։
Հայոց լեզվի իմաստաբանական եւ գործաբանական շերտերի մասին ավելի դժվար է խոսել, քանի որ դրանք անբավարար են ուսումնասիրված։ Արդեն ասվեց, որ լեզուն արտահայտում է արտալեզվական աշխարհի առարկաները, երեւույթներն ու հարաբերությունները։ Սրանք են տեղանքային, կրոնա-բարոյական առանձնահատկությունները, սրանց հետ միահյուսված պատմությունը, արդարադատության սկզբունքները, նույնիսկ տարազն ու խոհանոցը։
Մինչեւ վերջին դարերը գաղափարաբանական գործոնները՝ հնագույն ազգայնականությունը, զրդաշտությունը, քրիստոնեությունը, մոտավորապես հավասարաչափ էին ազդում ամբողջ հայախոս զանգվածի վրա։ Վիճակը փոխվեց 19-րդ դարի վերջից, երբ գիտության եւ արհեստի կայծակնային զարգացումը սասանեց գերբնական ուժերի գոյություն ընդունող գրեթե բոլոր համաշխարհային գաղափարաբանությունները եւ սկսեցին տարածվել գերբնականն այս կամ այն չափով մերժող ուսումունքներ՝ աստվածամերժական, ազատական եւ այլն։ Սակայն մարդկանց որոշ մասը շարունակում էր մնալ ավանդական գաղափարաբանությունների ազդեցության տակ։ Դրան զուգահեռ ստեղծվեցին նոր ազգայնական ուսմունքներ, որոնք արդյունք էին նոր ազատական, միջնադարյան եւ վաղնջական, առավել ազգային ընկալվող դրույթների միախառնման։ Արդյունքում գրեթե համասեռ ազգը վերածվեց գաղափարաբանական խճանկարի։ Վիճակը բարդացվում էր հայոց բնակության տարածքի քաղաքական եւ աշխարհագրական մասնատվածությամբ, գյուղական եւ քաղաքային համայնքների տեղեկացվածության տարբերություններով։
Խորհրդայնացումից հետո կենտրոնական պետական քարոզչության պայմաններում այդ տարբերությունները էապես հարթվեցին, նպաստելով հայոց լեզվի իմաստաբանական եւ գործաբանական համասեռացմանը, սակայն Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո վիճակը կրկին վատացավ։ Նոր ազգատական գաղափարները դեռեւս ընկալում են ոչ բոլորը, դեռ խորն են կոմունիստական պատկերացումների հետքերը, վերսկսվել է լուսավորչական քրիստոնեական քարոզչությունը, դրան զուգահեռ աշխուշացել են քրիստոնեական աղանդները, որոնք նույնիսկ սեփական քարոզչական կառույցներն ունեն եւ սնկի պես աճում են ազատական քաղաքական հողի վրա։ Գործում են նույնիսկ հնդուական կրոնների աղանդներ։ Զուգահեռաբար զարգանում է նոր հայկական կրոնական ազգայնականությունը, որն ունի նաեւ որոշակի կազմակերպական կառույց։ Եւ, ի տարբերորւթյուն Խորհրդային Հայաստանի, ներկա վիճակը վատթարացնում է պետական քարոզչության լիակատար բացակայությամբ։ Արդյունքում ունենք էլ ավելի խճանակարային տրոհվածություն, քան այն, ինչ եղել էր 19-րդ դարում, որը չի նպաստում հոծ փոխըմբռնման դաշտի գոյացմանը։
Այսպիսով, պարզ է, որ ներկայիս քաղաքական պայմանները նպաստում են հայ ազգի հետագա գաղափարաբանական տրոհմանը։ Սակայն ո՞րն է պատճառը, որ հայոց պետությունը չի նպաստում վիճակի շտկմանը։ Այս պահին, դրա պատճառն այն է, որ վերնախավին չեն էլ մտահոգում ազգի եւ պետության հեռանկարները։ Սակայն կա եւ գաղափարական պատճառ։
Ազգը չի կարող մահանալ այլ կերպ, քան ինքնասպանության արդյունքում։
Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Հաճախ կարելի է լսել, թե, իբր, ազգերը ժամանակավոր գոյացումներ են եւ ապագայում վերանալու են, ուստի եւ սեփական ազգի գոյության համար պայքարելն անիմաստ է։ Իրոք, գիտության եւ արհեստի ներկա նվաճումները զգալիորեն ընդլայնել են մարդկանց շփման, այսինքն եւ ազգերի ձուլման հնարավորությունները։ Այսօր մարդիկ կարող են տեղափոխվել տարածության մեջ, կամ ապրել իրարից հեռու, բայց հեշտությամբ հաղորդակցվել, նույնիսկ տեսախոսների միջոցով (մի բան, որ դեռ երեսուն տարի առաջ դիտվում էր, սոսկ որպես երեւակայական մի բան)։ Թվում է, թե սա կարող է վերացնել տարածքային սահմանափակումների հարցը։ Դրանից բացի, ընթանում է լեզուների խոշորացում․ մի քանի համաշխարհային լեզուներ՝ անգլերենը, իսպաներենը, մասամբ՝ ֆրանսերենը, ռուսերենը դառնում են ազգամիջյան հաղորդակցման այնպիսի միջոցներ, որ անիմաստ են դարձնում այլ լեզուների տիրապետելը։
Սակայն կան եւ հակառակ ուղղությամբ ազդող գործոններ։ Նույն այդ հաղորդակցման միջոցների զարգացումը հնարավորություն է տալիս ապրելով հայրենիքում՝ աշխատել մեկ այլ երկրում, իսկ ինքնաշխատ, ծրագրային թարգմանական համակարգերի զարգացումը, հետզհետե անիմաստ է դարձնում օտար լեզուների խորը իմացությունը։ Այնպես որ ազգերի վերացումը հետաձգվում է։ Ավելին, մեր աչքի առաջ վերացող ազգերի կողքին գոյանում են նորանոր ազգեր։ Վերանում են փոքրաքանակ ազգերը՝ ձուլվելով խոշորներին, սակայն տրոհվում են մեծերը։
Շարադրված մոտեցումների շրջանակում ազգը կարող է վերանալ, եթե չբավարարի իր անդամների հաղորդակցման պահանջները։ Հավանաբար, գոյություն ունի ազգի մեծության որոշակի շեմ, որից ցածր այն չի կարող ապահովել իր անդամների տեղեկութային փոխանակման լիարժեք որակը։ Սակայն մեր ազգը այդ շեմից չափազանց հեռու է․ համենայն դեպս բազմաթիվ ավելի փոքրականակ ազգեր՝ վրացիներ, էստոնացիներ լիովին բավարարում են իրենց լեզվով հաղորդակցվելու պահանջները։
Երբեմն էլ հարցնում են․ իսկ պե՞տք է որ մենք կառչած մնանք մեր լեզվից, այբուբենից, գաղափարաբանությունից․ որքա՞ն ավելի լավ կզգան (հենց նույն այդ հաղորդակցման ազատության, ուստիեւ՝ երջանկության առումով) մեր երեխաները, եթե իրենք արդեն մաս կազմեն որեւէ խոշոր տեղեկութային դաշտի՝ ռուսական, անգլական եւ այլն։ Այսպես ասող մարդիկ մոռանում են երկու կարեւորագույն հանգամանք․ նախ այն, որ այդ դեպքում իրենք կկորցնեն հայկական հաղորդակցական պաշարները, ինչն արդեն իսկ հաղորդակցման հնարավորությունների կրճատում է նշանակում, իսկ մյուս կողմից, ինչպես հիշում ենք, նոր միջավայրի մեջ մարդու անցնելը ակնթարթային չի լինում (եթե իհարկե դա նորածին որբ երեխա չի, որը հայտնվել այլազգի ընտանիքում)։ Իսկ եթե ապրելով իր պապական տանը, պապական հողի վրա մարդն ըդամենը փորձի փոխել իր լեզուն, կրոնը եւ այլն, ապա գոնե աշխարահագրական եւ պատմա-քաղաքական առանձնահատկություններով նա մնալու է նախորդ ազգի ժառանգորդը, նրա հոգեբանության կրողը։ Թեեւ էապես փոխված, սակայն միեւնույն է այդ մեծ միջավայրից տարբերվող։ Այսինքն միեւնույն է կմնա ազգ։ Թեեւ այլ։ Բոլորովին ձուլվելու համար անհրաժեշտ է որ տվյալ ազգի բոլոր ներկայացուցիչները հեռանան հայրենիքից, այն էլ այլ վայրերում հոծ գաղութներ չկազմելով, ընտանիքներում նախնիների լեզվով խոսելու, նախնիների հայրենիքի մասին հիշելու բացառմամբ եւ այլն եւ այլն։
Այսինքն, ազգը վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ծրագիր եւ միջոցներ։ Ինքն իրեն ազգին շատ դժվար է վերանալ։ Իսկ եթե խոսենք ցեղի մասին, ապա այն արդեն էլ ավելի դժվար է վերացնել։ Այն կարող է կյանքից հետ մնալ, կարող է բոլորովին փոխվել, բայց չի կարող վերանալ։ Այսպես, ուսումնասիրելով մեր ազգի անցյալը կնկատենք, որ այն չենք կարող հետեւել ավելի խորքը, քանի մինչեւ հնդեւրոպական միասնության սահմանը (ըստ տարբեր գնահատումների մ․ թ․ ա․ մոտավորապես 5-ից 8 հազար տարի առաջ), քանի որ դրանից առաջ պարզապես չի եղել հայ, սակայն որպես ցեղ, մեր նախնիների պատմությունը կարող ենք հետեւել շատ ավելի խորը։ Դրա մեկ այլ օրինակ կարելի է տեսնել, թերեւս, ի դեմս Իրաքի հարավում բնակվող շիա մահմեդականների, որոնց բնակության վայրը չափազանց հիշեցնում է շումերների բնակեցման տարածքը։ Շումերները ավելի քան երկու հազար տարի առաջ վերացել են որպես լեզու եւ որպես ազգ։ Սակայն, հավանաբար, ոչ որպես ցեղ։ Արաբական սուննի շրջապատում, շիաների այսօրվա մեկուսացված գոյությունը կարող է վկայությունը լինել այն բանի, որ այս տարածքի բնակիչները պատկանել են այլ ցեղի, որը տարբերվելով մյուսներից ավելի հարմար է գտել իր համար իսլամի դավանական առումով միքիչ այլ տարբերակ, մնալով որպես ենթաազգ՝ շրջապատող այլ արաբների զանգվածում։
Ազգի էության մասին շարադրված տեսակետից հետեւում է որոշ այն գաղափարախոսների դրույթների հերքումը, ում ավելորդ եւ նույնիսկ վտանգավոր են թվում ազգային դրսեւորումները։ Եւ ամենակարեւորը՝ ազգային գաղափարաբանությունը։
Նախ, ինչպես տեսնում ենք, ազգային գաղափարաբանություն չի էլ կարող չլինել, քանի որ դա պարզապես ամբողջությունն է այն պատկերացումների, որոնք հիմքն են կազմում լեզվի իմաստաբանական եւ գործաբանական համակարգերի եւ որոնց դաշտում հաղորդակցվողները փոխըմբռնելի են։ Դրանք են, ինչպես ասվեց, պատմական, բարոյական եւ այլ պատկերացումները։ Դրանք կարող են շարադրվել մեկ ժողովածուի ձեւով (ինչպիսիք են հուդայականների համար Աստվածաշունչն ու Թալմուդը, մահմեդականների դեպքում Ղուրանն ու Շարիաթը, քրիստոնյաների մոտ Նոր կատակարանը, զրադաշատականների մոտ Ավեստան, կոմունիստների համար՝ Կոմունիստական կուսակցության հռչակագիրը, դեմոկրատների համար՝ Մարդու իրավունքների հռչակագիրը եւ այլն) կարող են եւ չշարադրվել։ Եւ հենց շարադրանքն է, որ վտանգավոր է թվում ոմանց։ Սակայն ինչո՞ւ չշարադրել։ Դա նույնն է, եթե շարադրված չլինեին, օրինակ, շախմատի կանոնները։ Ու յուրաքանչյուրը տարածեր այդ կանոնների սեւփական տարբերակը, ինչը գրավոր ստանդարտի բացակայության պայմաններում, կարող էր ընդհարումների հանգեցնել կանոնների մասին տարբեր պատկերացում ունեցողների շրջանում։
Դրա համար էլ անհրաժեշտ եղավ գրի ստեղծումը, որպեսզի հնարավոր լիներ ամրակայել, մասնավորապես, հենց գաղափարաբանական դրույթները։ Եւ մի՞թե խելամիտ է այժմ դրանից հրաժարվելը։ Ազգային գաղափարաբանությունն այսպիսով դարերի ընթացքում տվյալ ազգի միջավայրում ձեւավորված համակեցության, աշխարհընկալման դրույթներն են, որոնք պարզապես ստանում են կանոնի կարգավիճակ։
Ասում են, իբր, ազգային գաղափարաբանությունը ամբողջատիրական պետություններին բնորոշ հատկություն է։ Այդ մոլորության պատճառն այն է, որ ազգային գաղափարաբանության ձեւայնացված շարադրանքը մեկ կանոնի տեսքով նպաստում է ազգի համակարգմանը, ազգային կուռ կառուցվածքի ստեղծմանը, ինչը հիշեցնում է պետության ամբողջատիրական կառուցվածք։ Սակայն տարբերությունն այն է, որ ազգային համակարգն, ինչպես տեսանք, ստեղծվում է «ներքեւից»․ այլ կերպ ասած՝ ինքնակազմակերպման, ավանդական, չգրված պատկերացումներին գրավոր տեսքի բերելու արդյունքում, մինչդեռ ամբողջատիրականը՝ «վերեւից»։ Բնականաբար, ազգային կառուցվացքի գոյությունը միշտ էլ կարող է գայթակղություն առաջացնել առանձին անձանց կամ խմբերի մոտ, ծառայեցնել այդ պատրաստի համակարգը սեփական շահերին։ (Ճիշտ է եւ հակառակը, եւ դարերի ընթացքում պահպանվող ամբողջատիրական համակարգը կբերի միասնական ազգի գոյացմանը․ մի բան որ մեր արագացված կյանքի պայմաններում կարծես թե այլեւս հնարավոր չէ։) Կարող է սեփականացվել նաեւ ազգային գաղափարաբանությունը։ Սակայն ակնհայտ է, որ այդ վտանգից վախենալով հրաժարվել ազգային կառույցից՝ անմիտ է։ Դա նույնն է, եթե հրաժարվես սննդից՝ թունավորվելու վախից ելնելով։ Հատկապես, որ, ինչպես տեսանք, ազգային համակարգի գոյացումը օրինաչափ է եւ անխուսափելի։ Պարզապես այն պետք է ձեւակերպել։
Անօգուտ օրենքներից թուլանում են օգտակար օրենքները։
Շարլ Մոնտեսքյո
Ազգային գաղափարաբանության մերժումն ունի եւս մեկ պատճառ։ Որոշ ուժեր Հայաստանը Եւրոպայի հետ մերձեցման են տանում։ Ինչու հենց Եւրոպայի հետ պիտի մերձենա Արեւելքի ու Արեւմուտքի ճիշտ միջնամասում գտնվող Հայաստանը եւ ինչու պիտի առհասարակ մերձենա որեւէ երկրի հետ, պարզ չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ Եւրոպան մեզ պարզապես փորձում է կուլ տալ, բայց ներկայացնելով դա այնպես, իբր դա հենց մեր ցանկությամբ է։ Ծանոթ եւ տարածված հնարք է․ այդպես էր եւ 1920 թվականին, երբ Ռուսաստանը գրավեց մեր նորանկախ պետությունը, իսկ հետո ներկայացնում էր դա այնպես, իբր դա հենց մեր խնրդանքով էր։ Ինչեւէ։
Կարեւորն այն է, որ եւրոպական գաղափարաբանությունը բազմաթիվ հարցերում չի համընկնում մեր ավանդական պատկերացումների հետ։ Այլ են մեր ազգի պատկերացումները արդարության մասին, ընտանիքի, սեռական հարաբերությունների եւ այլն։ Հային դժվար է համոզել, որ բռնաբարողի կամ մարդասպանի պատիժը պիտի մի քանի տարվա ազատազրկումը լինի, եւ այդ «ազատազրկման» ընթացքում նրա համար պիտի ապահովվեն բարվոք պայմաններ՝ գրադարան, հեռուստացույց, երեքանգամյա սնունդ եւ այլն, քանի որ նա էլ մարդ (՞) է․ իսկ հույժ դաժան բռնաբարողն ու մարդասպանը այդպիսի կյանքը պիտի վայելի ցմահ (բնականաբար՝ բռնաբարված հարկատուների հաշվին)։ Հային դժվար է համոզել, որ տեղն եկած պահին նա չպիտի քաշի իր որդու ականջները (կամ էլ պիտի ազատազրկվի դրա համար), ելնելով երեխայի իրավունքների մասին շատ տարօրինակ պատկերացումներից, ինչ է թե այդ Եւրոպայում կան ծնողներ, որոնք կարող են տանջամահ անել երեխաներին՝ օրինակ, իրենց «հանգիստը» խախտելու համար։ Հային դժվրար է համոզել, որ միասեռ ամուսնությունները զարգացվածության նշան են, եւ նման «ընտանիքներում» «դաստիարակված» երեխաները կարող են երկրի արժանի քաղաքացիներ դառնալ։
Հայի համար դժվար է ընդունել «պետությունների տարածքային ամբողջականության» սկզբունունքը, քանի որ ի տարբերություն այլ ազգերի, որոնց այդ սկզբունքի շրջանակներում առաջարկվում է հրաժարվել իրենց առավելագույնը մի 10—15% ազգային (այլն էլ, հաճախ՝ վիճելի) տարածքներից, հայի համար կասկած չի հարուցում Մեծ Եղեռնից հետո իր բնակության տարածքի առնվազն տասնապատիկ նվազումը, որը անբաժան մաս է կազմում մեր ազգային գաղափարաբանության, եւ վերոհիշյալ սկզբունքի ընդունումը մեր դեպքում նշանակում է հրաժարում Մեծ Հայրենիքի տարածքների ավելի քան 90%-ից հրաժարվելու մասին։
Հայի համար կասկած չի կարող հարուցել ամուր ընտանիքի բարձրարժեքությունը, որին հասնելու համար Եւրոպան դեռ պիտի աճի եւ աճի, (այն էլ եթե ցանկություն ունենա)։ Իհարկե, նախապես, անկումը դադարեցնելուց հետո։ Մինչդեռ Եւրոպան Հայաստանին հասնելու համար տրամագծորեն հակառակ քաղաքականությունն է ընտրել, փորձելով մե՛զ իջեցնել ի՛ր աստիճանի։ Օրինակ, վերջերս, «Եւրոնյուսով» կարելի էր լսել, թե «հայ ուսանողները միջոցների բացակայության պատճառով ստիպված են ապրել իրենց ընտանիքներում, ծնողներից ֆինանսական կախվածության պայմաններում»։ Այն, որ հայ երիտասարդի մտքով էլ չի անցնում, որ կարելի է հեռանալ ընտանիքից (եւ հանուն ինչի՞), եւրոպացիները եւ նրանց հայաստանյան գործակալները չեն նկատում։ Կամ լա՛վ էլ նկատում են, եւ սա, պարզապես, քարոզչական հնարք է երիտասարդների ինքնասիրության վրա ազդելով, փոխելով նրանց աշխարհայացքը եւ արժեքների համակարգը, թուլացել հայ ընտանիքը։
Եւ ահա, եթե ձեւակերպվեն մեր ազգին ավելի հոգեհարազատ պատկերացումները լավի ու վատի, արդարության եւ անարդարության, հավատարմության ու դավաճանության եւ նման այլ հասկացությունների մասին, եւրոպական գաղափարաբանությունը այստեղ առհասարակ չի անցնի։ Եւ մնա՜ս բարով Եւրոպա։ Իսկ եթե օրենքները կազմվում են պատճենելով եւրոպականները, դրանք պոկված լինելով հայկական հողից չեն կատարվում։ Արդյունքում տուժում է գրված օրենքի հեղինակությունը։ Նրա փոխարեն գործում է չգրված օրենքը, որը յուրաքանչյուրը հասկանում է միքիչ յուրովի, ինչը թեեւ չեղածից լավ է, բայց չի նպաստում երկրում կարգ ու կանոնի, եւ ամենակարեւորը՝ միասնական լեզվական, հաղորդակցական դաշտի եւ փոխըմբռնման հաստատմանը։ Իսկ միասնական հաղորդակցական դաշտի ապահովումը, ինչպես տեսանք, ազգի գոյության իմաստն է։
Կարող է հարց առաջանալ․ ենթադրենք, որոշել ենք գրավոր տեսք տալ ազգային գաղափարաբանությանը, իսկ այդ ի՞նչ տիպի փաստաթուղթ պիտի լինի եւ կամ ո՞ր ատյանն է իրավասու այն ընդունել։ Սա կարող է անլուծելի խնդիր թվալ, մինչդեռ այն չափազանց հեշտ է լուծվում։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Ինչպե՞ս է այդ հարցը լուծվել այլ, օրինակ, նույն այդ եւրոպական երկրներում։ Կարող է թվալ, թե Եւրոպայում առհասարակ ազգային գաղափարախոսություն, այն էլ գրի առնված՝ չկա։ Բայց սա սոսկ թվացյալ պատկեր է։ Պարզապես դրա հիմքը ընդհանուր է բոլոր եւրոպական ազգերի համար եւ կոչվում է «Մարդու իրավնունքների հռչակագիր», իսկ ազգերի առանձնահատկություններն արտահայտվում են համապատասխան սահմանադրություններում եւ օրենսդրություններում։ Հետեւապես, ազգային գաղափարաբանություն ունենալը նույնանում է ազգային օրենսդրության ստեղծման հետ։ Օրենսդրության, որը հաշվի կառնի լեզվի, հայրենիքի, ընտանիքի, երեխաների, արդարության, սեռերի եւ այլ հարցերին վերաբերյալ մեր ազգի պատկերացումները։ Թե ի՛նչ եղանակով դրանք պիտի որոշվեն՝ ազգաբանական հետազոտությունների, հարցումների, հանրաքվեների, թե՞ այլ միջոցներով՝ այլ հարց է։ Կարեւորը այդպիսի օրենսդրություն ունենալու անհրաժեշտության գիտակցումն է։ Գիտակցումն այն բանի, որ միայն միասնական հաղորդակցական դաշտի ապահովումն է ամուր ազգի գրավականը։
* * *
Ամփոփում
Ազգային ոլորտի հետ կապված մի շարք հասկացություններ չունեն որոշակի սահմանումներ։ Դա դժվարեցնում է ազգային խնդիրների քննարկումը։ Հիմնական հասկացությունը՝ ազգը նախկինում սահմանվել է բազում ձեւերով, մասնավորապես՝ ազգային լեզվի, գաղափարաբանության, տարածքի միջոցով։ Սակայն քանի որ դրանք դիտվել են անջատ, նման սահմանումները հաջողվել է քննադատել, թվացյալ հակասություններ գտնելով դիտարկվող փաստերի հետ։
Հակասությունները վերանում են, եթե ընդունենք, որ ազգը անհատների համար կատարում է հաղորդակցման եւ փոխըմբռնման դաշտի դեր, որի հիմնական միջնորդը լեզուն է եւ նկատենք, որ լեզուն նշանային համակարգ է, իսկ նշանագիտական դիրքերից գաղափարաբանությունը եւ տարածքը լեզվի հետ պիտի որպես մեկ միասնություն դիտվեն, այն է որպես լեզվի իմաստաբանական եւ գործաբանական հատկանիշներ։ Այդ դեպքում ազգ հասկացությունը կստանա պարզագույն եւ հստակ սահմանում․ ազգը միալեզու մարդկանց հանրություն է։ Ֆիզիկապես, միալեզվության հիմնական միջավայրը սերնդե-սերունդ աճող ընտանիքն է՝ ցեղը, որը հետագայում կարող է աճել, նաեւ՝ ձուլելով իր մեջ այլ անհատների, ընտանիքների ու ցեղերի։ Ազգը բավականին կայուն էություն է, քանի դեռ կատարում է մարդկանց հաղորդակցման պահանջը բավարարող միջավայրի դերը։
Առանձին բաղադրիչները քննարկելիս կարելի է արձանգրել հետեւյալը․ տարածքը, բացի իմաստաբանական արժեքի այն է՝ Հայրենիքի դերի, ունի նաեւ մարդկանց հաղորդակցման ֆիզիկական հիմքի դեր, քանի որ մարդիկ կարող են հաղորդակցվել միալեզու դառնալ եւ միալեզու մնալ միայն որոշակի տարածքում։ Այդ տարածքից հեռացած անհատը որոշ ժամանակ պահպանում է իր պատկանելությունը այդ տարածքում ձեւավորված հանրությանը, սակայն երկարատեւ բացակայության դեպքում այլ տարածքների նշանագիտական հատկությունների ազդեցության տակ նա աստիճանաբար այնքան է փոխվում, որ դառնում է այդ նոր տարածքային համայնքների անդամ։
Ինչ վերաբերում է լեզվին եւ գաղափարաբանությանը, ապա սրանց հատուկ է զգալի անհամասեռություն․ լեզուն կարող է ունենալ հարյուրավոր խոսվածքներ, բարբառներ, կարող են լինել բազմալեզվության տարածքներ, իսկ գաղափարաբանությունը՝ հոսանքներ, աղանդներ եւ այլն, որոնք տրոհում են դիտարկվող բազմությունը ենթաբազմությունների, որոնց ներսում անհատների փոխըմբռնման հնարավորությունն ավելի մեծ է, քան այդ ենթաբազմությունների միջեւ։ Ենթաբազմությունները կարող են այս կամ այն պատճառով միավորվել եւ խոշորանալ, պահպանելով ներքին անհամասեռությունների սահմանագծերը, կամ չպահպանելով դրանք։ Առաջին դեպքում ստացվող միավորումները անկայուն են մնում եւ որոշակի գործոնների ազդեցության տակ կարող են կրկին տրոհվել՝ ըստ պահպանված սահմանագծերի։ Երկրորդ դեպքում հնարավոր է խոսել գոյացած ավելի խոշոր բազմության մասին։
Հայ ազգի դեպքում բոլոր երեք հատկանիշների կայունությունը ներկայումս վտանգված է։ Լեզուն կրողների շրջանում զգալիորեն տարածված է բազմալեզվություն՝ չափազանց ընդարձակ խավային տարաբնույթ խոսվածքների հենքի վրա։ Տարածքը ներկայումս ֆիզիկապես փոքրացել է գոյապահպանական նվազագույնից ցածր։ Գաղափարաբանորեն ազգը նույնպես չունի միասնական դաշտ․ քրիստոնեությունը ներկայումս դիտվում է սոսկ որպես տարբերակիչ պիտակ, ազատականությունը, որպես գաղափարաբանություն ընդունում է միայն աննշան մի խավ, լայնորեն տարածվում են արտաքին աղանդներ, իսկ ազգայնականությունը որպես միավորող հիմք, արտաքին գաղափարաբանական ազդեցությունների ճնշման տակ մերժվում է։ Ավելին, իբրեւ ամբողջատիրական հասկացություն մերժվում է նաեւ այսպես կոչված ազգային գաղափարաբանության ստեղծման գաղափարը։ Մինչդեռ այն անհրաժեշտ պայման է հաղորդակցական միասնական դաշտի` լեզվի ձեւավորման, ուստի եւ ամուր ազգի գրավականը։
Ռուբեն Թարումյան
15.02.2008