Երեւանի նոր ընդհանուր հատակագծի հարցի շուրջ
Ներկայումս նախապատրաստվում է Երեւանի նոր ընդհանուր հատակագիծը։ Ընդհանուր հատակագիծը՝ քաղաքի կառուցապատման գլխավոր փաստաթուղթը, նրա զարգացումը կարգավորող ընդհանուր հայեցակարգի սոսկ շինարարական արտահայտությունն է։ Մինչեւ չորոշվեն այդ հայեցակարգի հիմնական դրույթները, անհնար է որոշել, թե ինչպիսին պիտի լինի ընդհանուր հատակագիծը։ Իսկ հայեցակարգի դրությները պիտի բխեն քաղաքի արջեւ ներկայումս եղած խնդիրներից եւ իրողություններից։ Դրանցից ես առանձնացնում եմ հետեւյլաները. 1. Գոյություն ունեցող շենքերի կայունությունը եւ երկարակեցությունը։ Գյումրիի երկրաշարժը ցույց տվեց (ասենք, առանց այդ էլ դա հայտնի էր տեսությունից), որ կմախքային կառուցվածքի շենքերը բոլորովին անպաշտպան են, ցնցումներից։ Իսկ այդ տեսակի շենքերը զգալի քանակ են կազմում նաեւ Երեւանում։ Եւ առհասարակ, բազմաբնակարանային շենքերի մեծ մասը կառուցված է երկաթբետոնից, որի հաշվարկային երկարակեցությունը հազիվ մի 100 տարի է։ Դրա պատճառը երկաթբետոնի անհամասեռությունն է, որի հետեւանքով այն, մասնավորապես, դիմանում է սահմանափակ թվով (200 - 300) սառեցում-հալեցումների։ Դա նշանակում է, որ եթե նույնիսկ շենքերը որակով են կառուցված (իսկ այս հարցում մեզանից ոչ ոք, կարծում եմ, պատրանքներ չունի), ապա միեւնույն է (եթե հաշվի առնենք, որ դրանք սկսել են կառուցվել արդեն 60-ական թվերից) դրանց մնացել է հազիվ մի հիսուն տարվա կյանք։ Այսինքն պիտի ընդունվի բոլոր երկաթբետոնե կառույցների (նախ եւ առաջ՝ կմախքային) աստիճանական քանդման եւ դրանք նոր շենքերով փոխարինման երկարաժամկետ ծրագիր։ Այդ հրամայականը չնկատելը սոսկ ջայլամի պահվածք է։ Եթե ծրագրված կերպով բոլոր երկաթբետոնե կառույցները չվերացվեն, մի օր մեր ազգը կապրի Գյումրիի ողբերգության երկրորդ, ավելի զարհուրելի արարը. այդ բոլոր շենքերը միեւնույն է շուտ թե ուշ կքանդվեն, բայց տանելով իրենց հետ հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ 2. Հատակագծման սկզբունքները։ Ներկայիս հատակագծման սկզբունքները ձեւավորվել են 20-րդ դարի սկզբում՝ Եւրոպայում։ Դրա հիմքում այսպես կոչված տողային կառուցապատման եւ «քաղաք-այգու» գաղափարն է։ Սրա հեղինակները երբեմն նույնիսկ մասնագիտական կրթություն չստացած ճարպիկ ավանտյուրիստներ էին (հատկապես դրանց դրոշակակիրներ Լե Կորբյուզյեն, Է․ Հովարդը), որոնք այն ժամանակվա իրենց պես կիսագրագետ եւ քաղքենի «նոր եւրոպացիներին» զարմացնելու եւ նրանցից խոշոր պատվերներ կորզելու նպատակով դիմեցին ճարտարապետական հազարամյա սկզբունքների ոտնահարմանը։ Պատկերացնելու համար, թե ինչ աստիճանի լկտիության մասին է խոսքը, բավական է հիշել Կորբյուզյեի այպես կոչված «Պլան Վուազենը»՝ Փարիզի նոր կենտրոնի նախագիծը, ըստ որի առաջարկվում էր քանդել քաղաքի երկու եւ կես քառակուսի կիլոմետրանոց հատված, կառուցելով դրա տեղում մոտ երկու տասնյակ 50 հարկանի շենք աշտարակ։ Այս արկածախնդրական գաղափարների տարածումն ամբողջ աշխարում բերեց քաղաքային տարածքները անդեմ «միկրոշրջանների» վերածմանը՝ բացասական գեղագիտական արժեքով, հանցագործությունների բարձր մակարդակով, հոգեբանական ճնշող ազդեցությամբ։ Քաղաքաշինական առումով, դա բերեց փողոց հասկացության վերացմանը, այն անդեմ, անհյուրընկալ ճանապարհով փոխարինելուն, քաղաքային կերպարի կորստին։ Մեզ մոտ բոլորը դժքոհում են խորհրդային «նորակառույցներից», սակայն ոչ ոք չի խիզախում ընդունել, որ դրանց այլադակությունը բխում է եւրոպական «քաղաքաշինական» տգիտական դրույթներից, եւ դրանք սկզբունքորեն չէին կարող գեղեցիկ լինել։ Եւ այժմ մեր քաղաքը հատակագծման այդ սկզբունքի գերին է։ Նոր ընդհանուր հատակագիծը պիտի ոչ թե հաշվի առնի երեւանյան «չերեմուշկաների» գոյությունը այլ դրանք բոլորը՝ «Բանգլադեշը», «Չերեմուշկան», Էրեբունին, «Մասիվները», Նոր Դավիթաշենը պիտի վերահատակագծվեն։ Դա պիտի տարածվի նաեւ հին կառուցապատման բակերում «աճած» բազմահարկ երկաթբետոնե շենքերի վրա։ Հատկագծման մեջ պիտի ընդունվի ավանդական քաղաքային կառուցապատման սկզբունքը՝ ըստ «կարմիր գծերի»։ 3. Քաղաքի ծավալատարածական կերպարը։ Երեւանի բնակելի շենքերի շարքում զգալի թիվ են կազմում բազմահարկ (5 - 6-ից բարձր) շենքերը։ Կա մի մոլորություն, ըստ որի բազմահարկ շինարարությունը բխում է կառուցապատման խտացման անհրաժեշտությունից։ Մինչդեռ իրականում, եթե ապահովվում են սանիտարական պահանջները ապա արդեն 4 - 5 հարկից բարձր շենքերի դեպքում, կառուցապատման խտությունը սկսում է նվազել, քանի որ շենքերն անհրաժեշտ է լինում միմյանցից ավելի հեռու տեղադրել։ Դրանից բացի ավելանում են կապուղիների կառուցման ծախսերը, մասնավորապես վերելակների, ջրամատակարարման, հրշեջ անվտանգության եւ այլն։ Ինչ վերաբերում է վարչական բնույթի բազմահարկ շենքերին, ապա դրանք պիտի ենթարկվեն բարոյական սկբունքներին. մասնավորապես, չգերազանցեն հոգեւոր բնույթի շենքերի (եկեղեցիների, թատրոնների) կամ պատմականորեն որպես տարածական գերիշխողներ նախատեսված շենքերի բարձրությունները։ Հետեւապես նման շենքեր չեն կարող են կառուցվել քաղաքի պատմական մասում։ Այսպիսով, բազմահարկ բնակելի շենքերի կառուցումը պիտի արգելվի, իսկ բազմահարկ վարչական շենքերի կառուցումը կարող է թույլտրվել միայն պատմական կենտրոնից տեսանելիության դաշտից դուրս։ Իսկ նման շենքեր նախագծողներին (եւ պատվիրողներին) կարելի է խորհուրդ տալ աչքի առաջ միշտ ունենալ ե՛ւ դեկտեմբերի 7-ի տեսարանները, ե՛ւ սեպտեմբերի 11-ի։ 4. Քաղաքական-տնտեսական խնդիրները։ Ներկայումս, օգտվելով բանկային վարկերից, բնակչությունը կարող է կառուցել առնաձնատներ, ինչպես եւ 30 — 50-ական թվականներին։ Ուստի եւ պիտի նախատեսվեն առնաձնատնային կառուցապատման թաղամասեր։ Որպես այդպիսիք, կարող են հատկացվել նաեւ նախորդ կետերի համաձայն հին կառուցապատումից ազատված տարածքները։ Ի դեպ, առանձնատնային կառուցապատման համար հատկացված տարածքենրում պիտի արգելվի բազմաբնակարանային շենքերի կառուցումը։ Դրան նպաստելու համար պետք է նաեւ լուծվի կանաչ տարածքների վերականգնման հարցը։ Որպես կանաչ տարծքներ կարող են նախատեսվել նաեւ քանդվելիք «միկրոշրջանների» տարածքները։ Պիտի խստիվ արգելվի պատմական տարածքների, օրինակ՝ պատմական այգիների, անտառային գոտիների, հնագիտական հատվածների կառուցապատումը, իսկ եղածը՝ վերացվի։
Սրանք են, ըստ իս, կարեւորագույն (բայց ոչ միակ) գործոնները, առանց որոնց հաշվի առնելու Երեւանի հերթական ընդհանուր հատակագիծը կդառնա հերթական աչքակապությունը, որը կնպաստի մեր քաղաքի հետագա այլանդակմանը եւ անպաշտպան կթողնի բնական եւ քաղաքական գալիք ցնցումների առջեւ։ Որքան էլ աներեւակայելի են թվում առաջարկվող քայլերը դրանք անխուսափելի են, եւ իշխանությունները պիտի իրենց մեջ ուժ գտնեն, նախ, գիտակցելու դրանք, ապա եւ՝ կատարելու։
Ռուբեն Թարումյան 29.07.2004
|