ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակներ


ԱՐԱՄՅԱՆ


Ճանիկ Արամյանն այս տառատեսակը մշակել է Փարիզում՝ ազդված լինելով եւրոպական հնաշխարհիկներից։

Նախ եւ առաջ որպես գրանշանների կանոնավոր ձեւ նա ընտրում է ուղիղը։ Վերացվում են տառերի ծոցավորումները, ինչի արդյունքում շարվածքը պարզեցվում է, տառերն առանձին առանձին ընկալվելով ավելի ճանաչելի էին դառնում, բարձրացնելով տառատեսակի ընթեռնելիությունը։

Դրանից բացի, ձգտելով նվազեցնել հայոց բոլորգրին հատուկ ուղղաձիգ ելուստների քանակը, նա որոշ տառեր շ, տ, ր, լուծում է առանց ստորին ելուստների։ Ընդ որում եթե շ-ի փոխարեն նա գործածում է գլխատառի նկարվածքը, ապա մյուս երկուսի դեպքում՝ օգտագործում է լատինական հնաշխարհիկի գրանշանները․ s-ն՝ տ-ի համար եւ r-ն՝ ր-ի։ Վերջապես ավանդական՝ ստորին վերջույթով ք-ի փոխարեն նա շատ կասկածելիորեն օգտագործում է հնաշխարհիկ f-ն։

Պետք է նկատել, որ այս վերջինը առհասարակ անհասկանալի է, քանի որ ստորին վերջույթով տառը փոխարինվում է վերին վերջույթով տառով․ թերեւս այստեղ դեր է խաղացել պարզապես իր հիացմունքը հնաշխարհիկի ձեւերով եւ ձգտումը առավելագույնս «լատինացնել» հայոց գիրը։ Ինչ վերաբերում է նախորդներին, ապա եթե r-ի լուծումը մի կերպ կարող է արդարացվել լատինական եւ հայկական տառերի ընդհանուր ծագումով, ապա տ-ի լուծումը s-ի ձեւով բոլորովին անհիմն է․ թե՛ ծագումնաբանորեն, եւ թե՝ ձեւով (վերին եւ ստորին «թույլ» կամարները կորչում են շարվածքում)։

Աչքի ընկնող եւս մեկ յուրահատկությունը, թերեւս, պարզ վրիպակ է․ ե-ի ստորին մասի լուծումը, ուր աջ մասնիկը գրելու ուղղությանը հակառակ լծորդվում է ձախ կանգնակի հետ։

Այսօր երկրար կարելի վիճել Արամյանի թերությունների մասին, եւ թե՝ լա՞վ էր թե՞ վատ հայոց տառաձեւերի զգալի «լատինացումը» (մի երեւույթ, որից չեն խուսափել աշխարհի բոլոր գրային համակարգերը, ներառյալ՝ հունականը, որից սերում է ինքը՝ լատինագիրը), բայց ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում։ Այս տառատեսակը ոչ միայն լայնորեն գործածվեց իր ժամանակ եւ հասավ մինչեւ թվանշային դարաշրջան, այլեւ դրա սկզբունքները կիրառվեցին թվանշային այլ տառատեսակների մեջ։

Տառատեսակի առկա վարկածները


Ներկայիս թվանշային օրինակները մշակված են խորհրդային տարիներին տարածված Արամյան տառատեսակի հիման վրա։

1988-ի Bytec ընկերության Aramian տառատեսակը։ Սրա առանձնահատկությունն է ե-ի բնորոշ վրիպակը։

Ռուբէն Թարումեանի 2003 թվականի վարկածը՝ ներառված ArTarumianGrqi տառատեսակի մեջ, ուր այն կիրառված էր, որպես ուղիղ նկարվածքը (որպես շեղ դրված է Գրքի սովորական տառատեսակը)։ Գրեթե նույն նկարվածքը տեղ է գտել նաեւ Արիան ընտանիքի՝ Արիան Գրքի տառատեսակում, ուր սակայն շեղն ու ուղիղը տեղերով փոխված են, քանի որ հայկական շարվածքի ավանդույթով շեղ բոլորգիրը դիտվել է, որպես կանոնավոր ձեւ, այսինքն համապատասխանել է հնաշխարհիկի Ուղիղ նկարվածքին։


Արամյան


Խորհրդային տարիների շարվաք Արամեան տառատեսակով


ԱրԹարումեանԱրամեան տառատեսակի տառակազմը

Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)