|
ԲԵՄԲՈ // BEMBO
Սկզբնապես այս տառատեսակի նախօրինակը հայտնվել է կարդինալ Պյետրո Բեմբոյի De Aetna (Էթնայի մասին) գրքում, որը 1495-ին տպագրել էր վենետիկցի հռչակավոր հրատարակիչ եւ տպագրիչ Ալդուս Մանութիուսը եւ անունը ստացել էր աշխատության հեղինակի, այլ ոչ թե տառատեսակի ստեղծողի անունով։ Նկարել եւ փորագրել է Ֆրանչեսկո Գրիֆֆո դա Բոլոնյան (Francesco Griffo da Bologna), որը Մանութիուսի մշտական փորագրիչն էր։
Գրիֆֆոն, թերեւս, առաջին տառաստեղծն էր, որը ձգտում էր խուսափել ձեռագիր մարդամետ փոքրատառի ձեւերի անմիջական ազդեցությունից։ Փորագրման գործիքների հնարավորությունների եւ իր բարձր որակավորման շնորհիվ, Գրիֆֆոն կարողացավ նախորդների համեմատ իր տառատեսակները ավելի ներդաշնակ դարձնել՝ նուրբ գծափակոցներով։ Գրիֆֆոյի գլխատառերի ձեւը հիմնված է հռոմեական կոթողային արձանագրությունների ձեւի վրա, ինչպես եւ Նիկոլաս Ժանսոնի 1470 թվականի տառատեսակը։ Այնուամենայնիվ, Գրիֆֆոյի տառատեսակների հիմնական տարբերությունը վենետիկյան ավելի վաղ հնաշխարհիկի համեմատ այն է, որ փոքրատառերի վերին ելուստները գլխատառերից բարձր են։
Այս տառատեսակը զգալի առաջխաղացում էր։ Դրա որոշ չափով ծանրացված, բայց հավասարակշռված համամասնությունները մեծ ազդեցություն թողեցին եւրոպական ամբողջ տառաստեղծության վրա։ Ըստ էության Բեմբո-ն ավանդական դասական հնաշխարհիկի հիմօրինակը դարձավ, որից «ծլեցին» տասնյակ նոր լրակազմեր։ Մասնավորապես դրանք ազդեցին նաեւ Քլոդ Գարամոնի վրա։
Լրակազմի ժամանակակից վարկածը (Monotype Bembo) մշակվել է Սթենլի Մորիսոնի (Stanley Morison) նախաձեռնությամբ 1929 թվականին ամերիկյան Լենսթըն Մոնոթայփ (Lanston Monotype Corporation) ընկերությունում։
Ստացվել է բավականին ներդաշնակ եւ նրբագեղ տառատեսակ։ Վենետիկյան հնաշխարհիկի վաղ նմուշների համեմատ Բեմբոն ունի ավելի խոշոր եւ լայն փոքրատառեր։ Կլորավուն տարրերի հաստուկների առանցքը թեք է, փոքրատառերի գծափակոցներն ունեն թեք եռանկյունի ձեւ։ Փոքրատառերի բարձրությունը զգալիորեն փոքր է։ Փոքրն են նաեւ a-ի եւ e-ի բիբերը, տառերի ընդհանուր լայնությունը, նրբագեղ գծափակոցները։ Իսկ այնպիսի հատկությունները, ինչպիսիք են հիմնագծից իջեցված J-ն եւ K-ի յուրատեսակ «թեւը» տառատեսակը ճանաչելի են դարձնում։
Տարբերիչ հատկությունների շարքում կարելի է նշել նաեւ մեջտեղում հատվող անկյունագծերով W-ն, թեք հիմնական գծերով M-ն եւ n-ն, զգալիորեն աջ շեղված թեք գիծը R-ում։ G-ում բացակայում է ստորին աջ ուղղաձիգ գծիկը, a-ի կիսաձվածիրը փոքր է եւ ունի բնորոշ վայելչագրական ձեւի վերին կաթիլ, е-ն ունի փոքր կիսաձվածիր, հորիզոնական միջին գիծ եւ փոքր ելուստ դեպի աջ, իսկ f-ն ունի բավական զգալիորեն դեպի աջ կախված վերին մասնիկ։
Բեմբոյի ընդհանուր սեղմությունը կանխորոշում է դրա մեծ խտությունը՝ շարվածքում։ Դրանից բացի տառատեսակը մեծ մասամբ չի պահանջում լրացուցիչ տողամիջոց։ Բեմբոյի համամասնությունները թույլ են տալիս ստանալ գույնով եւ հյուսվածքով ներդաշնակ գրվածքը։ Այդ հատկության շնորհիվ Բեմբոն ստեղծման ժամանակներից մնում է մեծ ժողովրդականություն վայելող տառատեսակներից մեկը։
Բեմբոյի շեղագիրը հիմնված է վենետիկցի հայտնի գեղագիր Ջովաննի Տալյենտեի (Giovanni Tagliente) 1524 թվականի տառատեսակի վրա։ Այն թեթեւակի բեկյալ է, ոչ մեծ թեքությամբ, սակայն բավականին լայն։ Հատկանշական է у գրանշանի երկկողմանի հորիզոնական գծիկով՝ ելուստի ծայրին։
|
|