ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակներ


Տառատեսակի հեղինակային նմուշ
ՔԵԶԼՈՆ // CASLON


Ւիլյամ Քեզլոնը (William Caslon) հիմնել է իր բառաձուլարանը Լոնդոնում, 1720 թվականին, իսկ հինգ տարի անց ստեղծեց իրապես անգլական տառընտանիք՝ լավ հարմարեցված՝ շարվածքի լայն սյունակի համար։

«Իրապես անգլականության» մասին պնդումը չափազանցություն չէ։ Բազում տարիների ընթացքում Քեզլոնը Բրիթանական տպարվեստի խորհրդանիշն էր՝ լինելով համապիտանի ու դասական լրակազմ։ «Եթե կասկածում ես՝ Քեզլոն գործածիր» — սիրում էին ասել անգլացի գրաշարները։ Իսկ հայտնի իռլանդացի թատերագիր Բերնարդ Շոուն պարզապես պնդում էր, որ իր բոլոր գրքերը շարվեին այդ տառատեսակով։

Տառաստեղծությամբ զբաղվելուց առաջ Քեզլոնը ոճավոր զարդեր էր փորագրում թնդանոթների եւ այլ մետաղական իրերի վրա։ Քեզլոնի տառատեսակների ձեւը հիմնված է ԺԷ դարի երկրորդ կեսի հոլանդական տառատեսակների վրա, որոնք չափազանց տարածված էին այն ժամանակի Անգլիայում։ Սակայն Քեզլոնի գեղարվեստական վարպետությունն իրեն հնարավորություն տվեց նախօրինակների համեմատությամբ կատարելագործել գրանշանների նկարվածքը, հավելել Հոլանդիայից ներմուծված տառատեսակներին ոչ բնորոշ ձեւերի բազմազանություն եւ մանրամասերի նրբություն՝։

Քեզլոն տառատեսակի մասին սովորաբար ասում են, որ այն «ջերմ եւ մտերիմ» է եւ «աչքի համար դուրեկան» է։ Այն ուժեղ կառուցվածք ունի, ամուր ձեւ եւ մանրամասերի լայն բազմազանություն։ Այդ տառատեսակի հիմնական գծերը, որպես կանոն ավելի ուժեղ են, քան հնաոճ հնաշխարհիկի վաղ տառատեսակներից շատերում, այն ավելի հակադրական է եւ դրա գծափակոցներն ավելի հաստ են եւ որոշ չափով ամրակուռ։ Ի տարբերություն նախորդներից Քեզլոնի գծափակոցները գրեթե հորիզոնական են եւ չունեն զգալի գոգավորություն։

Տառատեսակի տարրերի մանրակրկիտ դիտարկումը ձեւավորողին կարող է զարմացնել տառերի նկարվածքի տարօրինակ «թերությունների եւ բացթողումների» առատությամբ։ Բայց ինչ-որ հանելուկային կերպով շարվածքի սյունակում յուրաքանչյուր այդպիսի «սխալը» լրակազմին հավասարակշռվածություն է հավելում եւ կոկիկություն։ Օրինակ, p-ի հաստուկն ասես սպառնում է կոտրել ստորին կարճ գծիկը, t-ի եռանկյուն գծափակոցը շատ ծանր է թվում, իսկ փոքրատառերի ձախակողմյան գծափակոցները ծանրաշարժ սրադրոշներ են հիշեցնում։ Չնայած այդ տարօրինակ առանձնահատկություններին Քեզլոն սյունակում այն հոյակապ որակ է տալիս եւ շարվածքի հարթ գույն։

Քեզլոնի լրակազմային առանձնահատկություններն են C-ի վերին եւ ստորին գծափակոցները, A-ի վերին ատամնաձեւ տարրը, որոշ չափով «սրացված» կորությունը a-ի վերին մասում, G-ի ստորին գծափակոցի բացակայությունը։ Բնորոշ են նաեւ լայն Т-ն եւ t-ի կարճ ելուստը։ Շատերը հիանում են շեղ ամպերսանդի & ձեւով՝ դրա ասես ծաղկած կլորավուն տարրերի շնորհիվ, ինչպես С-ի եւ S-ի դեպքում, որոնք հիշեցնում են ռոկոկոյի դարաշրջանի ճոխ զարդերը եւ Ւիլյամ Քեզլոնի վաղ զարդային փորագրությունները։

Քեզլոնի շեղը զգալիորեն ավելի նեղ է ու թեք, քան վաղ հնաշխարհիկներում։ Ոչ կանոնավոր կշռույթը ստեղծվում է տարբեր անկյունների տակ թեքված գլխատառերով, ինչպես օրինակ, A, V, W-ն ունեն թեքության արտահայտված ավելի մեծ անկյուն։ Քեզլոնի շեղին բնորոշ է տառի բունը հատող վերին կլորացված տարրով փոքրատառ р եւ բազմաթիվ կաթիլաձեւ տարրեր մյուս փոքրատառերում։ Որոշ ժամանակակից վարկածները հեռանում են Քեզլոնի բնագիր նկարվածքից, տալով տառերին ավելի միապաղաղ ձեւ։

Տառատեսակի առկա վարկածները


Լրակազմը բազմաթիվ անգամ վերանկարվել է եւ դրա վարկածները տարբերակվում են համարներով։ Այսպես, Caslon540-ը բավական մոտ է Ւիլյամ Քեզլոնի 1534 թվականի բնագիր նմուշին։ Իսկ Caslon 223-ը եւ LSC Caslon-ը առանձնանում են առավել հակադրականությամբ։

ITC ընկերությանն են պատկանում Էդվարդ Բենգետի՝ 1983-ին մշակած ITC Caslon 224 վարկածի իրավունքները։

Տառատեսակի ավելի վաղ՝ Գյունտեր Լանգեի (Gunter Gerhard Lange)՝ 1977 թ․ մշակված Caslon Buch (ստորեւ) վարկածը պատկանում է Berthold ընկերությանը։

1990-ին նկարչուհի Քերոլ Թվոմբլին (Carol Twombly) ADOBE ընկերության համար մշակել էր Adobe Caslon տառատեսակը։ Աշխատանքը կատարվել էր Ւիլյամ Քեզլոն Ավագի՝ 1734 եւ 1770-ի միջեւ թողարկված տառանմուշների ուսումնասիրության հիման վրա։

Corel ընկերության տառադարանում լրակազմի վարկածը տարածվում է Casablanca անվան տակ։

Խորհրդային տարիներին կային լուսաշարվածքային տառատեսակներ Քեզլոնի հիման վրա՝ Заголовочная газетная (ВНИИ Полиграфмаш) եւ Заголовочная (Ленполиграфмаш)։

Caslon Buch


ITC Caslon 224

Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)