|
ՋՈՆ ԲԱՍԿԵՐՎԻԼ JOHN BASKERVILLE
Անգլացի տպագրիչ եւ հրատարակիչ (1706 - 1775)։
Ծնվել է 1706 թվականի հունվարի 28-ին Ւոլվերլի քաղաքում (Wolverley)՝ Ւորչեստերշիրում։ Տասնյոթ տարեկանից սկսել է աշխատել որպես գեղագրիչ եւ փորագրել տապանաքարեր։ Բիրմինհեմում ընդունվել է լաքի արհեստանոց, ուր մի քանի տարուց ունեւոր մարդ է դարձել։
Լրջորեն ոգեւորվել է տպագրությամբ, խնդիր դնելով կատարելագործելու Ւիլյամ Քեզլոնի տառատեսակները։ 1750 թվականին Բիրմինհեմում բացել է սեփական տպարանը։ Հրատարակում է հնաշխարհիկ հեղինակներին, ներառյալ՝ Լուկրեթիուսին, Հորաթիուսին, Կատուլլուսին եւ այլոց։
Բասկերվիլի տառատեսակներին հատուկ էին նրբագեղությունը եւ բարձր հակադրականությունը։ Դա պահանջում էր տպագրության ավելի բարձր որակ։
Բասկերվիլը մշտապես կատարելագործում էր եղած արտադրաեղանակները։ Նա փոխում էր ներկերի կազմը, տպագրական հաստոցի կառուցվածքը, թղթի որակը։ Հենց նա էր, որ կիրառեց «տաք մամլիչը»՝ գլոցումը, երբ թղթի խոնավ թերթերը մղվում էին տաքացված պղնձե թմբուկների միջով, ինչի արդյունքում թղթի մակերեսը ավելի ողորկ էր դառնում, եւ նրա վրա հնարավոր էր ավելի բարակ տառեր եւ նկարներ տպել։
Նա կարող է ժամանակակից գրատպության հիմնադիրը համարվել․ մի կողմ թողնելով պատկերազարդումը, Բասկերվիլը մեծ նշանակություն էր տալիս շարվածքի որակին, տառերի նկարվածքին, հարմար բացատներին եւ ներդաշնակ տողամիջոցներին։ Այսօր այդ ամենը մենք անվանում ենք «դյուրընթեռնելիություն»։
Առաջին գիրքը (Վերգիլիուսի հրատարակություն) լույս տեսավ Բասկերվիլի տպարանում 1757 թվականին (աշխատանքն սկսելուց միայն 7 տարի հետո)։ Հաջորդ, 1758 թվականին նա հրատարակում է Միլթընի «Կորուսյալ դրախտը» եւ դառնում Քեմբրիջի համալսարանի պաշտոնական հրատարակիչը։ Հենց այստեղ է նա թողարկում «Вook of Common Prayer» աղոթքների ժողովածուն, իսկ քիչ անց՝ նոր կտակարանի իր հռչակավոր հրատարակությունը։ 1763-ին լույս տեսած այդ գիրքը նրան ճանաչում բերեց ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ մայրցամաքում։
Ցավոք, տպաքանակից ստացված շահույթը չի փակում հրատարակության ծախսերը եւ Բասկերվիլը հիասթափված որոշում է վաճառել տպարանը։ Սակայն շուտով ետ է գնում այն եւ շարունակում է աշխատել մինչեւ իր մահը՝ 1775 թվականին։
Ամբողջ հաջորդ՝ ԺԹ դարի ընթացքում Բասկերվիլի տառատեսակները մնում են մոռացության մեջ եւ վերահայտնագործվում են միայն անցած դարասկզբում։ Ի դեպ, Բասկերվիլի իսկական տառամայրերը եւ շարվածքի դուրճերը մինչ այժմ պահվում են Cambridge University Press-ում։
Պատմական տեսակետից, նրա տառատեսակները միջին դիրք են գրավում Քեզլոնի «հին հնաշխարհիկների» եւ Բոդոնիի «նոր հնաշխարհիկների» միջեւ։
|
|