ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди
ԱԼԴՈՒՍ ՄԱՆՈՒԹԻՈՒՍ (Ավագ)
ALDUS MANUTIUS



(լատ. Aldus Manutius, իտալ. Manuzio)

Վենետիկցի հրատարակիչ եւ տպագրիչ, մարդապաշտ-գիտնական (մոտ՝ 1450-1515)։ Ծնվել է Պապական պետության Սերմոնետա դքսությունում։ Հռոմում ու Ֆերրարայում սովորելուց հետո 1482-ին տեղափոխվել է Միրանդոլա։ Կարպի իշխանից փող է ստացել հնաշխարհիկ աշխատություններ հրատարակելու նպատակով տպարան բացելու համար, ինչը եւ իրականացրել է 1490-ին, հիմնելով Վենետիկում Aldinne Press-ը։

Մանութիուսին միշտ հետաքրքրել են հին հունական մշակույթը եւ հունական հեղինակները։ Սակայն այն ժամանակի Իտալիայում դրանք գրեթե չէին հրատարակվում։ Շուկան հագեցած էր լատինական հրատարակություններով եւ Մանութիուսի դրույքը հույն հեղինակների վրա մեծապես կանխորոշեց նրա առեւտրային հաջողությունը։

1494-ից 1509 թթ․ նա հրատարակում է մեծ թվով հույն հեղինակների, ներառյալ Արիստոտելին, Արիստոֆանին, Սոֆոկլեսին, Հերոդոտոսին, Էվրիպիդեսին, Դեմոսթենեսին եւ Պլուտարքոսին։ Պատերազմի հետ կապված ընդմիջումից հետո, 1513-ին շարունակել է հրատարակչական գործունեությունը։ Դրանից բացի, 1500 թվականին Մանութիուսը հիմնում է հունական ժառանգության ուսումնասիրման Ակադեմիա։

Տպագրիչի հունական տառատեսակները լայնորեն քննադատվել են եւ հեռու էին կատարելությունից։ Իսկ սեփական լատինական դուրճերը պատրաստվել էին միայն 1495-ին, Բեմբո կարդինալի «Էթնայի մասին» գրքի համար։ Այդ տառատեսակը (որն այսօր հայտնի է, որպես Բեմբո) էապես գերազանցում էր որակով եւ ընթեռնելիությամբ նախորդների (ինչպես, օրինակ Ժանսոնի) տառատեսակները։ Այն միանգամից դարձավ լատինական դասական տառատեսակի նմուշ եւ պատճենվում էր առնվազն երկու հաջորդ դարերի ընթացքում։

Aldine Press-ը դարձավ բազմաթիվ նորամուծությունների ու հայտնագործումների օրրանը։ Հենց այստեղ էին թողարկել օգտագործման համար հարմար ոչ մեծ ձեւաչափի (օկտավ) առաջին գրքերը, իսկ տպարանի փորագրիչ Ֆրանչեսկո Գրիֆֆոյին է վերագրվում շեղագրի հայտնագործումը։

Առաջին շեղ տառատեսակը հայտնվեց հրատարակչությունում 1501 թվականին եւ հիմնված էր Պապական գրասենյակի գրիչների ձեռագրերի վրա։ Շուտով Գրիֆֆոն ստեղծում է եւս երկու շեղ տառատեսակ, ընդ որում դրանցից մեկը՝ Սոնչինո (Geronimo Soncino) տպագրիչի համար։ Հատկանշական է, որ բուն տառատեսակները բարձրորակ չէին (նույնիսկ Բեմբոյի համար շեղը մշակվել է այլ հիմքի վրա), սակայն գաղափարը չափազանց արդյունավետ եղավ, եւ դժվար է պատկերացնել այսօրվա տպարվեստը առանց շեղ «իտալիկների»։

Մանութիուսը մահացավ 65 տարեկանում իր տանը, Վենետիկի տպագրիչների San Paternian թաղամասում։ Իսկ հրատարակչությունը գոյատեւեց մոտ 100 տարի։ Մանութիուսի եւ նրա հետեւորդների հրատարակած գրքերը անվանում էին ալդիններ։
Ալդիններից մեկի անվանաթերթը։
Կենտրոնում՝ դելֆինի ու խարսխի պատկեր է՝ Մանութիուսի տպարանի տարբերանշանը։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)